Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի «երազանքները իրականություն չեն դառնա». Կոշտ նախազգուշացումներ Իրանից

Սեպտեմբեր 13,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ռուսների «երկիմաստությանը պետք է վերջ տրվի», Իրանը պատրաստ է ընդդիմանալ սահմանները փոխելու փորձերին ընդհուպ ռազմական միջամտությամբ, գրեց իրանական մամուլը

Պաշտոնական Մոսկվայի «միջանցքային» դիրքորոշումը քննադատող առատ հայտարարություններով հանդես եկան Իրանի պաշտոնյաները, ԻԻՀ խորհրդարանի պատգամավորները, փորձագետները, այս թեման վերջին օրերին, առհասարակ, մամուլի ուշադրության կիզակետում էր: Արձանագրումը, որ Մոսկվայի դիրքորոշումը հակասում է Իրանի հետ ռազմավարական հարաբերություններին, հենց այնպես տրված գնահատական չէր: Այն, իրավամբ, հրապարակային նախազգուշացում է:

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, ու այն չի բխում տարածաշրջանի երկրների շահերից, հետեւաբար Իրանը վճռականորեն դեմ է դրան: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին նման հայտարարությամբ հանդես եկավ` ակնարկելով, որ «Զանգեզուրի միջանցքի» անվան տակ, ըստ էության, տարածաշրջանում Իրանի ռազմական եւ քաղաքական հզորությունը նվազեցնելու ինչ-որ նախագծեր կան:

«Արմենպրես»-ը իրանական Mehr-ին հղում անելով` հայտնում էր, որ մեկնաբանելով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ Ռուսաստանի վերջին դիրքորոշումը, Էբրահիմ Ազիզին ասել է. «Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումները չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, եւ Իրանը նույնպես կտրականապես դեմ է։ Իրանը զգուշացնում է նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, որ նմանատիպ որոշումների հետեւանքները ծանր եւ թանկ կլինեն իրենց համար»։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, առաջնորդվելով ողջախոհությամբ, երբեք չի ձգտում լարվածություն ստեղծել տարածաշրջանում»,-ասել է Ազիզին՝ հավելելով, որ մյուս կողմից երկիրը կպաշտպանի իրեն, եթե սպառնալիք առաջանա իր տարածքային ամբողջականության դեմ: Նա նշել է, որ Իրանն ուշադրությամբ հետեւում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ ընդգծել, որ Իրանը բազմիցս տարբեր ձեւերով հայտարարել է տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է իրենց կարմիր գիծը, եւ դրանում ցանկացած փոփոխություն եւ գործողություն Իրանի կողմից լուրջ եւ վճռական արձագանքի կարժանանա։

Թեհրանը Մոսկվային եւ Բաքվին հորդորում է հարգել Իրանի պետական սահմանները, Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադն այս մասին հայտարարել է՝ անդրադառնալով «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունների պահանջին եւ դրան Մոսկվայի աջակցությանը։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է՝ սահմանների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական քաղաքականությունն ամրագրված է եւ հիմնված է ազգային շահերի վրա։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ, Նիքզադը նաեւ հավելել է, որ վերջերս Բաքվում գործընկերների հետ հանդիպմանն ընդգծել է. «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը, Ռուսաստանին եւ Ադրբեջանին իմ խորհուրդն է՝ հարգել սահմանները»։

Բաքվի պահանջած միջանցքի հարցով Լավրովի հայտարարությունը շատերին է անակնկալի բերել, ինչպե՞ս է Մոսկվան անտեսել այդ հարցով Թեհրանի դիրքորոշումը. Tehran Times-ն էր այս թեմայով օրերս ծավալուն հոդված հրապարակել։

Իրանի անվտանգության կառույցներին մոտ կանգնած լրատվամիջոցը, ըստ «Ազատության», հստակեցրել էր Թեհրանի սահմանած կարմիր գիծը Անկարայի եւ Բաքվի պահանջած «Զանգեզուրյան միջանցքի» հարցում։ «Թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են մի ճանապարհ, որն անցնում է Հայաստանի պատմական՝ Սյունիքի տարածքով, որը դարեր շարունակ սահմանակից է եղել Իրանին», – ընդգծել էր Իրանի կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցը՝ մեջբերելով իրանցի պաշտոնյաների վերջին օրերի կոշտ հայտարարությունները: «Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, եւ ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա», – զգուշացրել էր Հայաստանում Իրանի դեսպանի Մեհդի Սոբհանին։

Tehran Times-ն ակնարկել էր, որ Իրանի իշխանությունները պատրաստ են ընդդիմանալու սահմանները փոխելու փորձերին ընդհուպ ռազմական միջամտությամբ: Իրանական առաջատար պարբերականը հիշեցրել էր Իրանի սուր արձագանքը հարուցած Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը Հայաստանի տարածքից Բաքվի պահանջած միջանցքի վերաբերյալ՝ նշելով, որ սա առաջին դեպքն է, երբ Մոսկվան հստակ դիրքորոշում է հայտնում «Զանգեզուրի միջանցքի» հարցով:

Լավրովի այդ դիտողությունները իրանցի բարձրաստիճան եւ ազդեցիկ գործիչների քննադատությունն են հարուցել, գրել է լրատվամիջոցը՝ մեջբերելով Հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ղեկավար, ներկայումս՝ Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայեի հայտարարությունը. «Ռուսաստանյան պետական գործչի պահվածքն անընդունելի է եւ ակնհայտորեն հակասում է Իրանի հետ բարեկամության մասին իր հայտարարությանը։ Այս երկիմաստությանը պետք է վերջ տրվի»։

Լրատվամիջոցը որպես ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի պնդմանը արձագանք էր ներկայացրել նաեւ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը, թե «ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա»։

Tehran Times-ը հավելել էր, որ Բաքվի եւ Անկարայի պահանջին Ռուսաստանի արտգործնախարարի հրապարակային աջակցությունը զարմացրել է շատերին, ովքեր «չէին սպասում, թե Ռուսաստանը կանտեսի Իրանի դիրքորոշումը մի հարցում, որը բազմիցս բնորոշել է որպես «կարմիր գիծ»: «Չորս տարի Ռուսաստանը երկիմաստություն էր պահպանում Ադրբեջանի առաջարկած միջանցքի հարցում։ Սակայն Ուկրաինայի պատերազմի պատճառով եւ արեւմտյան տարածքների օկուպացմամբ, Ռուսաստանը հայտնվել է անորոշ վիճակում եւ այժմ փորձում է մեղմել Ադրբեջանին, թերեւս աջակցելով այդ միջանցքային ծրագրին, որը կարող է դեպի Եվրոպա էներգիայի արտահանման կենսական կարեւորության երթուղի դառնալ», – հարավկովկասյան հարցով փորձագետ Սալար Սեյֆոդինի գնահատականն է մեջբերել Իրանի կառավարությանը մոտ կանգնած թերթը։

Իրանցի քաղաքագետը զգուշացնում է՝ «Զանգեզուրի միջանցքը» կարող է նաեւ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Իսրայելին ռազմավարական առավելություն տալ՝ հնարավորություն ընձեռելով «շրջափակել» Իրանը եւ օգտագործել երկրի սահմանների խոցելիությունը: Սալար Սեյֆոդինը համոզված է՝ իրանցիները կդիմադրեն «Զանգեզուրի միջանցքին», նույնիսկ եթե ռազմական միջամտության կարիք լինի:

Իրանական Mehr լրատվական գործակալության տված հարցազրույցում Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Ղաշղավին ասել է. «Սահմանների փոփոխություն չպետք է լինի, պետք է պահպանվի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»։ Իրանի Խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը, ի պատասխան «Զանգեզուր»-ի միջանցքի բացման մասին հնչեցված պնդումների, նշել է. «Տարածաշրջանի կայունությունն ու բարեկամությունը պահանջում է անվտանգություն եւ ոչ մի փոփոխություն սահմաններում»։ Այնուհետեւ, նա հավելել է. «Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է՝ սահմանները երբեք չպետք է փոփոխվեն։ Այս հիման վրա չպետք է լինի նվազագույն հարձակում տարածաշրջանի պատմական ու ավելի քան հազարամյա սահմանների վրա»: Նա ընդգծել է, որ տարածաշրջանի կայունությունն ու բարեկամությունը պահանջում է անվտանգություն սահմաններում եւ ոչ մի փոփոխություն սահմաններում։ Իրանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, եւ բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարությունը, պետք է հարգեն այս հարցը։

Նա նաեւ հավելել է. «Մենք բոլորս պետք է հոգ տանենք երկրների տարածքային ամբողջականության պահպանման եւ միջազգային սահմանների ճանաչման մասին»։ Ղաշղավին նշել է. «Երբ ես արտգործնախարարության խոսնակն էի, լավ հիշում եմ, որ երբեմն արտաքին գործերի նախարարությունում այնպիսի իրավիճակ էր ստեղծվում, որ հասարակական կարծիքը կամ էլիտայի մի մասը պահանջում էր որոշ երկրների դեմ դիրքորոշում ընդունել, բայց քանի որ մենք հավատարիմ ենք պահպանել սկզբունքները, շահագրգռված էինք տարածքային ամբողջականությամբ, հարեւանների հետ հարգանքով վերաբերվել եւ սահմանների նկատմամբ ընդունել անփոփոխության սկզբունքը, ուստի Իրանի դիրքորոշումները միշտ եղել են առկա կայունության եւ երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու օգտին»։ Իսլամական խորհրդարանի պատգամավորն ասել է. «Ելնելով դրանից՝ մեզ համար շատ զարմանալի է Ռուսաստանի դիրքորոշումը իրանական երեք կղզիների հարցում կամ նրանց պնդումը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ»։

Ստացվում է, որ մեր տարածաշրջանում պաշտոնական Թեհրանն է մնացել, որը կոչ է անում Ռուսաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, նաեւ` Հայաստանին, արդյունավետ քայլեր ձեռնարկել` տարածքային ամբողջականության, երկրների ինքնիշխանության հարգման շրջանակներում, միջազգային սահմանների ճանաչման ուղղությամբ։

Իսկ Բաքվում Իրանի նախկին դեսպանն` ընդգծելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի եւ Բաքվի դիրքորոշման հստակեցման անհրաժեշտությունը, ասել է, որ արեւմտյան լրատվամիջոցներն օգտագործում են այդ հարցը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները խաթարելու համար: Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նախկին դիվանագետ Մոհսեն Փաքայինն անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ռուսաստանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին։ «Պետք է հստակեցվի Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի՝ Ադրբեջան այցից հետո»,- ըստ news.am-ի, ասել է նա՝ հավելելով, որ այժմ կարծիք կա, թե Պուտինի մեկնաբանություններից հետո «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, եւ Իրանի սահմանը անմիջապես կփոխվի, եւ երկիրը կկանգնի Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացող խնդիրների առաջ։ «Թեեւ Ադրբեջանն ու Ռուսաստանը մեր բարեկամներն են, սակայն նախ եւ առաջ մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը եւ բանակցությունների մեջ մտնենք Մոսկվայի եւ Բաքվի հետ՝ անորոշությունները վերացնելու համար, որպեսզի հասկանանք նրանց մտադրությունները եւ բացասական վարքագիծ չդրսեւորենք, քանի դեռ հարցը չի պարզվել»,- հավելել է նա։

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանի համոզմամբ` «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մի քանի ուղով։ Նրա կարծիքով, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմական գործողությունները կարող են լինել միջանցքի բացման ուղիներից մեկը, ինչը կհանգեցնի Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, եւ այս դեպքում կխախտվեն նաեւ Իրանի եւ Հայաստանի միջազգային սահմանները։ «Եթե նման իրադարձություն տեղի ունենա, ապա արեւմտյան երկրներն անպայման կօգնեն Հայաստանին, եւ տարածաշրջանում նոր պատերազմ կսկսվի, ուստի չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որ տարածաշրջանում նոր պատերազմ լինի, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը վերջերս ավարտեցին Ղարաբաղյան պատերազմը եւ խաղաղության պայմանագիր են ստորագրում, եւ երկու կողմերն էլ հայտարարել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ուստի «Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է»,- ասել է նա։

Բաքվում Իրանի նախկին դեսպանը կարծում է, որ երկրորդ ուղին կարող են լինել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունները, որոնց միջոցով Հայաստանի ազգային ինքնիշխանության շրջանակներում Ադրբեջանը կարող է մուտք ունենալ Նախիջեւան։

Փաքայինը նաեւ հայտարարել է, որ եթե նման համաձայնություն ձեռք բերվի, ապա Հայաստանը որոշակի պահանջներ կունենա, օրինակ՝ ակնկալել, որ Ադրբեջանը թույլ կտա իր տարածքով Իրան հասնել։

Բացի այդ, եթե Թուրքիան ցանկանա անցնել այդ երթուղով, ապա պետք է թույլ տա Հայաստանին հյուսիսային սահմաններից հասնել Սեւ ծովին, հավելել է նա։ «Այս նպատակներին հասնելը երկարատեւ բանակցություններ է պահանջում, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգռված չեն Հայաստանին նոր երթուղիներ տրամադրելու հարցում։ Եթե այս հարցը լուծվի բանակցությունների միջոցով, ապա դա կարող է տեւել մի քանի տարի, ինչի պատճառով էլ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են չնշել դա խաղաղության համաձայնագրում»,- նկատել է նա։

Այսպիսով, Ռուսաստանի հայտարարությունը պետք է կշռադատվի բոլոր կողմերից՝ նախքան որեւէ դիրքորոշում ընդունելը, քանի որ այս միջանցքը բացելու համար շատ խոչընդոտներ կան, ուստի երկրների դիվանագետները պետք է բանակցեն Մոսկվայի հետ այս հարցում, շարունակել է նա։ «Թերեւս, արեւմտյան ԶԼՄ-ները շահարկել են Զանգեզուրի հարցը եւ ձգտում են խաթարել մեր հարաբերությունները Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ»,- հավելել է Իրանի նախկին դեսպանը։

Ըստ նրա, Ռուսաստանը ձգտում է բացել «Զանգեզուրի միջանցքն» այնպես, որ այն գտնվի ռուսական զորքերի հսկողության տակ՝ համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020թ. հրադադարի պայմանագրի դրույթների, ինչին այս հարցում Հայաստանը դեմ է։ Հարցը, որը Պուտինը բարձրացրել է Բաքվում, հենց 2020թ. համաձայնագրի կետերից մեկն է, ասել է նա՝ նշելով, որ կետում ասվում է, որ կողմերը պետք է բացեն հաղորդակցության ուղիները։ «ՌԴ նախագահը Բաքվում դարձյալ կրկնել է այս դիրքորոշումը, ինչը, իհարկե, նոր դիրքորոշում չէ, քանի որ Լավրովը նույնպես նման դիրքորոշում էր հայտնել»,- նշել է Մոհսեն Փաքայինը։

Ի վերջո իրանական կողմից վերջին օրերի ինտենսիվ հայտարարությունների ֆոնին սեպտեմբերի 9-ին ուշագրավ հաղորդագրություն ստացվեց ՀՀ-ում Իրանի դեսպանատնից, որով հայտնում էին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի եւ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպման մասին: Դեսպանն այդ հանդիպմանը ընդգծել է Թեհրանի դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու եւ հարեւանների տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ։ Իսկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու եւ միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի դիրքորոշման կապակցությամբ, ընդգծել, որ Հայաստանի եւ Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահման է: Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, եւ որեւէ ուժ չի կարող խզել Իրանի եւ Հայաստանի տարածքային կապը, ըստ հաղորդագրության՝ ասել է Գրիգորյանը։ Ընդգծելով, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների վերահսկողության եւ երկրի ազգային եւ տարածքային սուվերենության ներքո՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Հայաստանը դեմ է միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ապաշրջափակման։

Այն փաստը, որ սեպտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, եւ որ նա Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ կքննարկի տարածաշրջանում տեղի ունեցող կարեւորագույն զարգացումներն, արդեն իսկ բավարար էր հասկանալու, որ Թեհրանը ռուսական կողմի հետ որոշել է «տետ ա տետ» քննարկել խնդրահարույց հարցերը: Ադրբեջանական լրատվամիջոցներն, ի դեպ, անմիջապես այս տեղեկության հետ հայտնում էին` Ահմադիանը Ռուսաստանում կքննարկի նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30