Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

4,5 տարի է՝ արհեստական շնչառություն ենք տալիս, բրդում՝ ամեն կերպ այս գործը բերել-հասցնելու ինչ-որ հանգրվանի. Հրայր Թովմասյան

Սեպտեմբեր 12,2024 23:05

ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանում դատական նիստի ժամանակ ասաց, որ չէր անդրադառնա անձեռնմխելիության հարցին,  եթե իր դեմ հարուցված քրեական գործը բացառապես պայմանավորված չլիներ իր՝ ՍԴ դատարանի դատավորի կարգավիճակի հետ։

«Գործնականում լինելով ՍԴ նախագահ, դատավոր, անդամ, պետք է օժտված լինեի լրացուցիչ երաշխիքներով՝ քրեական հետապնդումից զերծ մնալու, դատարանի առաջ կանգնելու և պատասխանատվության ենթարկվելու։ Ստացվում է՝ ով ինձ պետք է օգներ, անձեռնմխելիության  այն ինստիտուտը,  որն ուղղակի իմ՝ որպես դատավորի կարգավիճակի բաղկացուցիչ մասն է: Այս երկուսը միասին են պատճառ դարձել, որ իմ դեմ քրեական գործ հարուցվեր։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե չլինեի Սահմանադրական դատարանում,  իմ դեմ քրեական գործ չէր հարուցվելու»:

Հրայր Թովմասյանի համոզմամբ՝ այնպես չէ, որ ամեն օր դատախազությունը, դատարանները քննել են դատավորի հետ կապված ինչ-որ հանցակազմ, գործողություններ. «Ե՛վ փորձի, ե՛ւ գիտելիքների պակաս կա։ Այդ պակասը զգացվում է ամենասկզբից մինչև վերջ։ Այնպես չէ, որ ամեն օր Սահմանադրական դատարանի դատավոր են դատում։ Ամբողջ համաշխարհային պատմության մեջ չկա դեպք, որ գործող Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրվի։

Ես այստեղ դիտավորություն եմ տեսնում՝ սկզբից մինչև վերջ։ Պարզ բաներ կան, որոնք չէր կարող չիմանար գլխավոր դատախազը, որը մեղադրանքն է հաստատել ու մնացած բոլոր մարմինները»։

Նիստից հետո Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ այս մեղադրականը,  ամբողջ քրեական գործը առնվազն մի տասը մահացու հիվանդություն ունի: Դրանցից մեկի առկայությունը բավարար է, որ այդ մեղադրական եզրակացությունը, քրեական գործը մահանա, կարճվի:  Բայց մենք դեռ 4,5 տարի է՝ արհեստական շնչառություն ենք տալիս, բրդում՝ ամեն կերպ այս գործը բերել-հասցնելու ինչ-որ հանգրվանի: Ինձ համար բոլոր մոտիվները հայտնի են: Ես անցա փաստերի դաշտ, մեկ առ մեկ կասեմ»:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քրեական գործի՝ Թովմասյանն իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնել Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքի տարածքը և ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյանի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պետության պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։

Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30