Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր թատերաշրջան՝ նոր դեմքերով ու թարմ ձեռագրերով․ ի՞նչ են խոստանում աճեմյանցիները՝ թատերական կյանքի 159-րդ տարում

Սեպտեմբեր 12,2024 20:50

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 28-ի կրկին կբացի դռները՝ ազդարարելով 159-րդ թատերաշրջանի մեկնարկը։

Թատերաշրջանը կբացվի մեծ շուքով, թատրոնի մուտքի մոտ կարմիր գորգ կփռեն, երաժշտական խմբերից մեկը հանդես կգա  կատարումներով, որին կհաջորդի անգլիացի գրող Նոել Քոուարդի «Խելահեղ SEANCE» կատակերգության բեմադրումը։ Լիրիկական կատակերգությունը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը։ Նա արդեն իսկ կատակերգության ժանր բեմադրելու փորձ ունի։

Այն սիրո, հավատարմության ու հենց դրա պատճառով ստեղծված ծիծաղելի իրավիճակների մասին է։ Ուղերձն այն է, որ եթե կինը սիրում է, նա միշտ, ամեն գնով իր ամուսնու կողքին է, անգամ մահից հետո։ Սիրող կինը կարող է շրջանցել կյանքի ու մահվան սահմանները, վերադառնալ ու մնալ ամուսնու կողքին։ Բեմադրությունը, ինչպես ներկայացվում է թատրոնի պաշտոնական կայքում, հագեցած է լարված և զավեշտալի իրավիճակներով,  մարդկային տարօրինակ փոխհարաբերություններով, նախկին և ներկա սերերի բախումով ու մոգական երևույթներով:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի զրույցում ասում է՝ ստեղծագործությունը խորը փլիսոփայական կամ բարոյահոգեբանական աշխատանք չէ, բայց տրամադրություն ստեղծող է, դրական հույզեր առաջացնող։

Ըստ մեր զրուցակցի, գյումրեցի հանդիսատեսն առանձնակի սիրով է դիտում աճեմյանցիների ներկայացրած կատակերգությունները, այդ մասին փաստում են «Փարիզը վտանգավոր քաղաք է», «Քեյսը»։ Իսկ սա նշանակում է, որ խաղացանկում պիտի լինեն նոր, թարմ ներկայացումներ ու ավելի շատ կատակերգություններ։

Իհարկե, այս ամենին զուգահեռ թատրոնը կներկայացնի այլ աշխատանքներ․տարեվերջին հանդիսատեսի դատին կհանձնի «Երկարագուլպա Պեպին»՝ դարձյալ երիտասարդ ռեժիսորի ձեռամբ։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հավաստիացնում է, որ գյումրեցիները նոր թատերաշրջանում բեմում կտեսնեն նոր դեմքեր, նոր ձեռագրեր, նոր մոտեցումներ։

Նա նշում է՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարից բացի կարևոր է,  որ նոր մարդիկ բեմադրություններ անեն, իսկ Գյումրու թատրոնում բեմադրություն անելը պատիվ է ցանկացած ստեղծագործի համար, աճեմյանցիներն էլ ցանկություն ունեցողների առջև  մշտապես բացում են դռները։

«Յուրաքանչյուր տարի թատրոնը փորձում է առանձնահատուկ կերպով բացել թատերաշրջանը, այս տարի էլ բացառություն չէ։ Հուսով եմ՝ այն, ինչ պլանավորել ենք, կկարողանանք ի կատար ածել։ Որոշել ենք թատերաշրջանը բացել կատակերգությամբ, գիտեք, որ վերջին շրջանում ծանր աշխատանքներ ենք բեմադրել՝ «Ինկած բերդի իշխանուհին», «Հրաշագործը»։

Շատ գունեղ կատակերգությամբ ենք սկսում թատերաշրջանը, սեպտեմբերի 28-ին և 29-ին հանդիսատեսը բեմում կտեսնի նոր երիտասարդական խմբի, ընդգրկված են դերասաններ, ովքեր առաջին անգամ են խաղում, նրանց հետ խաղում են մեր փորձառու դերասանները։ Ես այս ներկայացումն առանձնացնում եմ նրանով, որ նոր դեմքեր կան, երիտասարդական նոր ստեղծագործական կազմ, նոր նկարիչ։

Թատերաշրջանը բացելու ենք մեծ միջոցառմամբ, շատ էինք ուզում այն անցկացնել թատրոնի ճեմասրահում, բայց  այնտեղ գտնվող Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը դեռ տեղափոխված չէ Գյումրու քաղաքապետարանի շենք, այդ աշխատանքներն են ընթանում։ Տոնական երեկոն, որտեղ երաժշտական խմբերից մեկը ելույթ կունենա, կանցկացնենք թատրոնի մուտքի մոտ՝ դրսում․ նորից կարմիր գորգ, հանդիսատեսին ողջունել, տոնական տրամադրություն, հետո ներս կմտնեն ու կդիտեն ներկայացումը։

ԿԳՄՍ նախարարությունն էլ իր հերթին շատ հետաքրքիր բան է մտածել, փոխնախարարի առաջարկով որոշել է, որ սեպտեմբերի 10-15-ը լինելու է «Թատերական շաբաթ»։

Այս միջոցառմանն էլ կմասնակցենք ու մինչև բուն կատակերգության առաջնախաղը, թատրոնը ևս մեկ բացում կունենա, քանի որ «Թատերական շաբաթվա» ընթացքում բոլոր թատրոններում պետք է լինեն ներկայացումներ, տոմսերի արժեքը պիտի զեղչենք, որպեսզի հանդիսատեսը հնարավորություն ունենա մի շաբաթվա ընթացքում տարբեր ներկայացումներ դիտել։

Այդ շաբաթվա շրջանակում մինչև սեպտեմբերի 28-ը թատրոնը Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում կներկայացնի «Բոհեմը», որը մեր խաղացանկում է»,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում թատրոնը կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարարության կազմակերպած  «Մշակութային էսքպոյին», որը տեղի կունենա Գյումրու քաղաքապետարանի  ներքահարկում տեղակայված «Կումայրի» արգելոց-թանգարանում։

Մեր զրուցակիցը նշում է՝ թատերական բուռն ու ծանրաբեռնված տարի է սպասվում, պատրաստվելու են թատրոնի 160 ամյակին, մեկնելու են նաև հյուրախաղերի։

Թատրոնը արձակուրդի մեկնելուց առաջ մասնակցել է Սանկտ Պետերբուգում տեղի ունեցած «Երիտասարդ ստեղծագործողների փառատոնին»՝ Ուիլյամ Ուորթոնի «Թռչնակ» ներկայացմամբ, որը բեմադրել է Տաթև Մելքոնյանը։ Խաղացել են հայերենով, թարգմանվել է ռուսերեն։

Այն մեծ արձագանքի ու գնահատականի է արժանացել, դրանից հետո մի քանի հրավերներ են ստացել։ Թատրոնը մինչև տարեվերջ հյուրախաղով հանդես կգա Իրանում, 2025 թվականին էլ   160-ամյակի շրջանակներում դուրս կգա շրջագայությունների՝ Հայաստանի մարզերում և ԱՄՆ-ում։

Լյուդվիգ Հարությունյանը, կարևորելով նոր ռեժիսորների  ու նոր դերասանների մուտքը Գյումրու թատրոն, ասում է․ «Այս տարի մենք նոր ռեժիսորի հրավիրեցինք՝ Արինա Արարատյանին։ Նա բեմադրեց հետաքրքիր մի ներկայացում «Ալիսան հրաշքների աշխարհում»։

Կարծում եմ մինչև տարեվերջ «ԽԵԼԱՀԵՂ SEANCE»-ից հետո կբեմադրենք իսպանացի հեղինակ Անտոնիո Բուերո Վալյեխոյի «Բոցավառ խավարում» պիեսը։ Վերջին շրջանում ստացվել է այնպես, որ ծանր ներկայացումները բեմադրում եմ ես։ Այս գործը ֆիզիկական տկարություն ունեցող, կույր երեխաների մասին է, որտեղ ընդգրկված են 40-ից ավել դերասաններ։ Կարծում եմ՝ այս ներկայացման շրջանակներում մենք կհամագործակցենք Կապանի դրամատիկական թատրոնի հետ և համատեղ կունենանք ներկայացում նոյեմբերի կեսերին»։

Գյումրու թատրոնի՝ մշտապես լեփ-լեցուն դահլիճ ունենալու, տոմսեր չճարվելու, գնային քաղաքականությամբ յուրաքանչյուր քաղաքացու հասանելի լինելու գաղտնիքների մասին՝ առաջիկայում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30