Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:
Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Նշելով, որ զբոսաշրջության ոլորտը ՀՀ կառավարության համար ունի առանցքային նշանակություն՝ վարչապետն ընդգծել է նաև տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների մշակման անհրաժեշտությունը:
Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ և այդ առումով կարևորել այս օրերին մեր երկրում անցկացվող Գինու զբոսաշրջության համաշխարհային փառատոնի անցկացումը: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ այն նաև նպաստում է տուրիզմի զարգացմանը Երևանից դուրս:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցի մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ: Ուղեցույցի շնորհանդեսը տեղի է ունենալու այսօր երեկոյան:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ