Լրահոս
Օրվա լրահոսը

«2026-ի հունվարի 1-ից պարտադիր կլինի աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային հարթակում, նախատեսվում է՝ բոլորն ունենան էլեկտրոնային ստորագրություն»․ Ռուբեն Սարգսյան

Սեպտեմբեր 12,2024 16:43

«Այս փոփոխության նպատակն աշխատանքային իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումն է և բնական է՝ նաև առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի համար նոր գործիքի ստեղծումը։ Սա թվայնացման գործընթաց է»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված «Աշխատանքային պայմանագրերի թվայնացում․ աշխատանքային խախտումների իրական լուծո՞ւմ, թե՞ կոսմետիկ բարեփոխում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Նա պարզաբանեց՝ նախատեսում ենք, որ բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն թվային համակարգի միջոցով․ «Կիրարկումը փուլային ենք դրել։ Առաջին փուլով նախատեսում ենք, որ հաջորդ տարվա հուլիսի 1-ից կամավոր սկզբունքով կլինի կնքումը և 2026-ի հունվարի 1-ից արդեն բոլորի համար պարտադիր կլինի աշխատանքային՝ իրենց պայմանագրերի կնքումը և ստորագրումը միայն թվային հարթակում․ որևէ թղթային տարբերակ նախատեսված չէ, և բոլորը կունենան հասանելիություն իրենց պայմանագրերի վերաբերյալ մշտապես»։

Փոխնախարարն ասաց՝ ՊԵԿ-ի կայքի միջոցով կլինի արդեն թվային պայմանագրերի համակարգ․ «Մինչև հայտ լրացնելը գեներացվելու է աշխատանքային պայմանագիր»։

Ըստ փոխնախարարի՝ այս փոփոխությունը կնպաստի վարչարարության, հավելյալ ծախսերի նվազեցմանը, կօգնի ավելի գրագետ աշխատանքային պայմանագրեր կազմել։ Ռուբեն Սարգսյանը նաև հայտնեց․ «2026-ից բոլորս պետք է հաշվետվություն ներկայացնենք մեր եկամուտների վերաբերյալ։ Մինչև այդ նախատեսվում է՝ բոլորս ունենանք էլեկտրոնային ստորագրություն և նույնականացում»։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն էլ կարծում է՝ քանի դեռ փոխադարձ համաձայնություն կա գործատուի և աշխատողի միջև, թվայնացումը մեզ չի փրկի․ «Նվազագույն աշխատավարձը ֆիքսում են, պայմանավորվում՝ մնացածը ստանում են։ Երբ մենք ունենք գործատու աշխատող հարաբերություններ, որտեղ աշխատողն ինքն էլ համաձայնում գործատու հետ չգրանցել իրեն՝ որպես աշխատողի, կամ չգրանցել այն աշխատավարձը, որն ինքը պետք է ստանա, մենք այստեղ ոչ թե միայն օրենսդրությունը մշակելու խնդիր ունենք, այլև պրակտիկայի, իրավագիտակից քաղաքացի ունենալու»։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանն էլ ասաց․ «Դեռևս բավարար չէ այն իրազեկվածությունը, որ կա հանրության շրջանում։ Իրականում սա ևս մեկ քայլ է առաջ։ Ինչ վերաբերում է տեսչական մարմնի գործիքակազմի ավելացմանը, ապա սա մեզ համար ևս մեկ գործիք է, որը հնարավորություն կտա թերևս առաջին մակարդակում ստուգումներից առաջ ուսումնասիրություն իրականացնել, քանի որ այս պահին, երբ տեսչական մարմինը սկսում է իր ստուգումը, դեռ իրեն հասու չեն այդ պայմանագրերը․ դրանք հասու են դառնում ստուգումների ընթացքում։ Երբ միանգամից թվային տրամաբանությամբ կնքվեն այդ պայմանագրերը, պատկան մարմիններին հասու կդառնա այդ հարթակը, որտեղ հնարավորություն կտրվի տեսուչներին ստուգումներ իրականացնելուց առաջ տեղեկանալ կնքված պայմանագրերի մասին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30