Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը երկու օր առաջ հայտարարեց, որ ռազմագերիների հարց խաղաղության պայմանագրում չի լինելու». Նաիրա Զոհրաբյանը դիմեց ռազմագերիների ծնողներին

Սեպտեմբեր 12,2024 16:19

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսեց ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, եւ նրանց նկատմամբ Հայաստանի գործող իշխանության վերաբերմունքի մասին:

«Ալեն Սիմոնյանը նախօրեին արեց մի քանի զարհուրելի հայտարարություններ: Նա հայտարարեց նաեւ, որ ռազմագերիների հարց խաղաղության համաձայնագրում նախատեսված չէ:

Ռազմագերիների հարգարժան ծնողներ, որ ձեզանից շատերը լռում են, որովհետեւ մտածում են, որ հիմա խոսեն, Նիկոլը Ալիեւի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրի եւ ձեր որդիները չեն վերադառնա: Ուզում եմ ցիտել Ալենին. «Խաղաղության պայմանագրի մեջ ռազմագերիների հարց չի լինելու»: Եվ ուզում եմ ցիտել Ալիեւին, որը պատասխանելով Արցախի ռազմաքաղաքական էլիտայի, Արցախի նախագահների գերեվարման մասին հարցին, հայտարարեց, որ ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չունի՝ ազատելու ռազմական հանցագործներին եւ անջատողական խունտայի ներկայացուցիչներին: Այսինքն, Արցախի քաղաքական էլիտայի հարցով Ալիեւը կնքեց, որ նրանք ազատ չեն արձակվելու:

Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը որպես բարի կամքի, մարդասիրական դրսեւորում մի քանի անգամ գերիներին ազատ արձակեց, բայց, ցիտում եմ Հաջիզադեին. «Հայաստանում տեղի ունեցան Ադրբեջանից ազատված գերիների զանգվածային ձերբակալություններ եւ հետապնդումներ»:

Ողբամ ձեզ, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասում է՝ մենք հայ ռազմագերուն ազատել ենք, դուք տանում, ձեր ռազմագերուն խոշտանգում եւ դատում եք»,- ասաց տիկին Զոհրաբյանը՝ դիմելով Հայաստանում, Ռուսաստանում, սփյուռքում ապրող մեր անվանի հայերին. «Ալիեւը հայտարարեց, որ Արցախի ռազմաքաղաքական էլիտային բաց չի թողնելու, որովհետեւ նրանք ռազմական հանցագործներ եւ անջատողական սեպարատիստներ են: Օգտագործեք ձեր կապերը աշխարհի կենտրոնների հետ, դա կլինի Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը: Այդ մարդիկ ողջ չեն վերադառնալու»:

Խոսելով Արցախի ղեկավարների գերեվարության մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Արցախի նախագահները կարող էին որոշ գեներալների նման թթվի կաթսայում թաքնված եւ կանացի շոր հագած անցնել սահմանը: Կարող էին անցնել սահմանը առանց դրա, երբ նրանց ասվել է, որ ռուսական ռազմաբազան կարող է անցկացնել: Բայց ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա 28 արցախցիների պահել եւ ասել են, որ եթե Արցախի ղեկավարները չգան ու չհանձնվեն, նրանց տանելու են Բաքու եւ մորթելու են:

Կրկնում եմ, ես ամաչում եմ, որ եղել են սպաներ, որ թթվի կաթսայի մեջ, կնոջ  շոր հագած են փախել: Եվ այսօր կան մարդիկ, որոնք հեգնում են Արցախի ռազմաքաղաքական էլիտային, կամ ասում են՝ նրանց տեղն է: Դուք չեք ամաչո՞ւմ, դուք գետինը չեք մտնո՞ւմ: Այդ մարդիկ կարող էին հանգիստ, արժանապատիվ  անցնել եւ ոչ թե որոշ գեներալների նման թաքնվել կաթսայի մեջ կամ կնոջ շորով մտնել պահարանի մեջ եւ անցնել: Բայց նրանք կամավոր գնացել, հանձնվել են գերության: Ու դեռ կան հայեր ու, ցավոք սրտի, արցախցիներ, որոնք այսօր հեգնում են ու ասում՝ Արցախը հանձնել են Արցախի նախկին նախագահները:

Որ Արցախը հանձնել է Նիկոլի իշխանությունը, այդ մասին երկու օր առաջ ԱԺ-ում հայտարարել է Ալեն Սիմոնյանը: Նա պաշտոնապես հայտարարել է. «Դա մեր հաղթանակն էր՝ Արցախը Ադրբեջանի կազմի մեջ ճանաչելը»: Ալենը հայտարարում է՝ այո մենք ենք Արցախը տվել Ադրբեջանին: Ավելին, հայտարարում է, որ դա մեր հաղթանակն էր:

Եթե սրանից հետո կան հայեր, որոնք կշարունակեն պնդել, որ Արցախը հանձնվել էր մինչնիկոլյան ժամանակ, Տիգրան Մեծի ժամանակ, Արցախը հանձնել է Քիմ Քարդաշյանը, Պապ թագավորը եւ այլն, ուրեմն դուք նույն դավաճանական ռեժիմի ներկայացուցիչ եք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարում, որ այո, ես եմ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Ժոզեֆ Բորելն էլ դրանից հետո հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30