Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ստեղծել հնարավորություններ, որտեղ երիտասարդները կարող են ստեղծել շատ ավելի լավ աշխարհ մեզ համար»

Սեպտեմբեր 12,2024 16:15

Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը:

Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջակցելու համար: Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը եւ երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը:

Համաժողովի առաջին նիստը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ այս հանդիպումը տեղի է ունենում այնպիսի ժամանակ, երբ աշխարհը բախվում է տարբեր ճգնաժամերի՝ հակամարտություններ, համավարակի հետեւանքներ, կլիմայի փոփոխություն. սա մեծապես ազդում է եւ հաճախ ոչ համամասնական ձեւով: Հասմիկ Հակոբյանի դիտարկմամբ համաժողովի նպատակն է միմյանց հետ աշխատել: Նա գոհունակությամբ ընդգծել է, որ համաժողովին մասնակցում է ավելի քան 60 երկրից 150-ից ավելի երիտասարդ խորհրդարանական, խորհրդարանների 4 խոսնակներ, ինչպես նաեւ աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի՝ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:

Երիտասարդներին տեսաուղերձով դիմել է Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը:

Դիլիջանի միջազգային դպրոցի ուսուցիչ, նախկին փախստական Նուր Մուսսան, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ներկայացրել է իր անցած ճանապարհը, խոսել կրթության ոլորտում ձեռքբերումների մասին:

Համաժողովի առաջին նիստում պատգամավորները քննարկել են «Հետհաշվարկ մինչեւ 2030 թվականը. ինչպիսի՞ վիճակ է երիտասարդների կրթության ու զբաղվածության հարցում» թեման:

Նիստը նախագահել է Տոնգայի խորհրդարանի նախագահ Լորդ Ֆակաֆանուան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երիտասարդության հարցերով օգնական  Ֆելիպե Պոլիեն կարեւորել է նման քննարկումների անցկացումը՝ նշելով, որ կրթության ոլորտում անհավասարությունները շարունակում են արդիական մնալ ամբողջ աշխարհում: Նշվել է, որ շատ երկրներ բարելավել են իրենց ուսանողների ներգրավման մակարդակը, սակայն մարտահրավերները՝ գենդերային անհավասարությունը, տարածաշրջանային անհավասարությունները եւ այլ՝ ոչ համարժեք ենթակառուցվածքները, թույլ չեն տալիս ունենալ համապատասխան կրթական հասանելիություն: Զեկուցողը հավելել է, որ կորոնավիրուսային համաճարակն ավելի է սրել այս իրավիճակը. շատ դեռահասներ եւ երեխաներ համաճարակի հետեւանքով կորցրել են կրթվելու իրենց հնարավորությունը: Հինգ երիտասարդներից մեկը ետ կամ դուրս է մնում կրթությունից, զբաղվածությունից կամ վերապատրաստումներից: Նշված հինգից գոնե երկուսը կանայք են, ինչն արդար չէ»,- ընդգծել է զեկուցողը: Կարեւորվել է կրթության ուժեղացումն ու գործազրկության կրճատումը:

«Ես հորդորում եմ ձեզ ոչ միայն լսել, այլեւ ակտիվ կերպով ստեղծել իրավիճակներ, հնարավորություններ, որտեղ երիտասարդները կարող են ստեղծել շատ ավելի լավ աշխարհ մեզ համար»,- դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ասել է զեկուցողը:

Երիտասարդների զբաղվածության համաշխարհային մարտահրավերներին անդրադարձել են համաժողովի մասնակիցները:  ԱՄԿ-ի թիմի տնօրեն Միխայիլ Պուշկինի տեղեկացմամբ աշխարհում երիտասարդների գործազրկությունը 13 տոկոսի է հասել: Ակտիվորեն, սակայն ոչ հաջողությամբ, աշխատանք են փնտրում շուրջ 65 մլն երիտասարդներ:

Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ֆելիպե Պոլիեին՝ համաժողովին մասնակցելու համար: «Շնորհակալ եմ Ձեր գրասենյակի ջանքերին: Նոր  գրասենյակի ստեղծումը ՄԱԿ-ի շրջանակում ցույց է տալիս, որ կա համաշխարհային հանձնառություն՝ աշխատելու երիտասարդների խնդիրների շուրջ  ավելի ինտեգրացված եւ ամբողջական: Հայաստանն աջակցում է այդ ջանքերին»,- ասել է նա՝ ընդգծելով յուրաքանչյուր երիտասարդի՝ որակյալ եւ ներառական կրթություն ստանալու իրավունքը: Դա շատ կարեւոր է մարդկային կապիտալի զարգացման եւ հավասար հնարավորություններ ապահովելու համար:

Պանելային ձեւաչափով քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում արձանագրված առաջընթացները, կարեւորել որակյալ կրթությունն ու արժանապատիվ աշխատանք ունենալու հանգամանքը, խոսել մարտահրավերների, դրանց հաղթահարմանն ուղղված քայլերի, ներառական կրթության մասին:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ընդգծելով նոր սերնդի մի շարք դրական հատկանիշներն ու հետաքրքրությունների շրջանակը, նշել է, որ կրթությունը պետք է լինի ճկուն, պետք է կենտրոնանա քննադատորեն մտածելու, գիտելիքներն իրական կյանքում կիրարկելու վրա: Նա նշել է, որ կրթությանը վերաբերող ՀՀ պետական ծրագրի նպատակն է ունենալ արդյունավետ, մրցակցային կրթական համակարգ՝ հիմնված միջազգային եւ համընդհանուր համամարդկային արժեքների վրա: Ծովինար Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է տեղեկություններ Ակադեմիական քաղաքի ստեղծման, կառուցման վերաբերյալ՝ որպես ժամանակակից հետազոտական եւ նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր:

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը շարունակում է աշխատանքը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30