Civilnet. Սեպտեմբերի 6-ին ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են Եվրոպայի խորհրդի հռչակագիրը, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։
Ավելի ուշ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հերքեցին՝ Հայաստանի՝ հռչակագրին միանալու լուրը, սակայն և՛ հայկական, և՛ ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ փաստաթղթի սկզբնական տարբերակում եղել է Հայաստանը, ապա ստորագրությունը հետ է կանչվել։
CivilNetCheck-ը դիմել է Լիտվայի արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին` հռչակագրի շուրջ ստեղծված խառնաշփոթը հասկանալու համար։
Ինչպե՞ս է Հայաստանի անունը հայտնվել հռչակագրի սկզբնական տարբերակում
Սեպտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր էին ընդունել, որով նախատեսվում է ստեղծել միջազգային հատուկ տրիբունալ ՌԴ-ի՝ Ուկրաինայում կատարած հանցագործությունները քննելու համար
Կարդացեք նաև
Համաժողովը տեղի էր ունեցել Վիլնյուսում՝ Լիտվայի նախագահությամբ։
Հայաստանի անունն իսկապես առկա էր փաստաթղթի սկզբնական տարբերակում, որը համացանցում արխիվացվել էր։
CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Լիտվայի արդարադատության նախարարությունից հայտնել են, որ փաստաթղթի հաստատումը մի քանի փուլով է ընթանում։ Փաստաթղթի սկզբնական տարբերակն ուղարկվում է անդամ պետություններին, եթե առարկություններ չեն լինում, հռչակագիրը համաձայնեցված է համարվում անդամ պետությունների հետ։ Համաժողովի մասնակից դիտորդ պետություններին զգուշացվել է նաև, որ ստորագրման պաշտոնական գործընթաց չի լինելու։
«Հայաստանն ի սկզբանե նշված է եղել որպես հռչակագիրը ստորագրած երկիր, քանի որ լուռ ընթացակարգի (լուռ ընթացակարգի փուլում, եթե որևէ առարկություն չի լինում, ապա փաստաթուղթը համարվում է համաձայնեցված) ընթացքում, համաժողովից առաջ կամ դրա ընթացքում պետության կողմից որևէ առարկություն չի եղել»,- ասված է Լիտվայի արդարադատության նախարարության պատասխանում։
Համաժողովից հետո Հայաստանից հայտ է ստացվել ստորագրողների ցուցակից երկիրը հեռացնելու վերաբերյալ, ինչի արդյունքում Հայաստանը հեռացվել է ցուցակից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: