«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ մեր երկրի իշխանությունների գործելաոճին՝ «Հայելի» ակումբում ասաց. «Այսօր ամենակարեւոր խնդիրներից մեկը Զանգեզուրի թեման է: Նախօրեին էլ Ռուսաստանը հայտարարեց, որ Զանգեզուրի հարցում Ռուսաստանի ու Թեհրանի միջեւ պայմանավորվածությունները, որ եղել են նախապես, մնում են ուժի մեջ:
Հայաստանի իշխանություն, այնքա՜ն եմ ուզում իմանալ՝ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը Հայաստանից անկախ՝ Զանգեզուրի մասով ի՞նչ են պայմանավորվել: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրում կապուղիների շրջափակումից վերեւ կետում գրված բոլոր գերիների, պահվող անձանց փոխանակում չկատարած՝ ի՞նչ միջանցքի, ի՞նչ ճանապարհի կամ կապուղու մասին կարող է խոսք լինել:
Նախօրեին լսում եմ: ԱԺ-ում ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ այդ ճանապարհի վերահսկողությունը կարելի է հանձնել, օրինակ, միջազգային համբավ ունեցող անվտանգություն վերահսկող որեւէ կազմակերպության: Առաջարկ ունեմ. Disneyland-ի անվտանգության կազմակերպությանը հանձնեք, կամ McDonalds-ի: Անվտանգություն ապահովող՝ աշխարհի լավագույն «պատրուլներն» են, security-ներն են»,-ասաց տիկին Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ