«Մեր ասոցիացիան ունի առաքելության հստակ նշված երեք կետ, որոնցից առաջինը պետության հետ աշխատանքն է: Մենք ստեղծվել ենք ոչ թե պետության հետ վիճելու, այլ պետության հետ աշխատելու համար: Պետության հետ քննարկելու ենք այն հարցերը, որոնք կարեւոր են ոլորտի առաջխաղացման, արդիականացման ու միջազգայնացման համար;
Երկրորդ կետը անշարժ գույքի շուկայի միջազգայնացումն է: Մենք ցանկանում ենք, ջանքեր ներդնել, որպեսզի մոտակա տարիներին Հայաստանի անշարժ գույքը հետաքրքիր լինի միջազգային գնորդին, միջազգային ստանդարտներին մոտենան եւ ծառայությունների ոլորտը, եւ շինարարության ոլորտը, եւ ռիսկերի զսպումը, եւ բանկերի հետ աշխատանքը: Հնարավոր է ներդրումների մեծ հոսք ապահովել երկիր, եթե այդ ուղղությամբ աշխատենք»,- «Արմենպրեսի» սրահում կայացած ասուլիսում նշեց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Ավետիսյանը:
«Երրորդ կետը անշարժ գույքի գործակալությունների, գործակալների աշխատանքի մեթոդների արդիականացումն է: Մենք ուզում ենք միասնական հարթակ ստեղծել՝ գործակալների միասին աշխատելու համար, ուզում ենք դասընթացներ եւ միջազգային սեմինարներ բերել երկիր, որպեսզի մեզ մոտ աշխատող անշարժ գույքի գործակալները տեղյակ լինեն միջազգային միտումներին, առհասարակ անշարժ գույքի գործակալի աշխատանքը մի քիչ ավելի ստատուսով եւ ընկալելի դարձնենք հասարակության համար եւ, բնականաբար, ավելի արդյունավետ՝ հենց անշարժ գույքի գործակալների համար»,-հավելեց նա: Արսեն Ավետիսյանն ընդգծեց, որ 3-5 տարվա տեսլական ունեն, թե ինչպես են իրականացնելու նշված երեք կետերը:
Կարդացեք նաև
«Ասոցիացիայում 6 ընկերություն է ընդգրկված, բայց հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ շուրջ 30 ընկերություն եւս կմիանա մեր ասոցիացիային: Ռիելտորական ընկերությունները ցանկություն ունեն միավորվելու, ստեղծելու միջավայր, որտեղ կարող ենք ինքնակատարելագործվել, համախմբվել, աշխատել մեկ միավորի նման: Շատ կարեւոր է, որ ռիելտորական ընկերությունները եւ աշխատակիցները ճանաչեն միմյանց, հարգեն էթիկայի կանոնները, որոնք պետք է ստեղծվեն այդ ասոցիացիայի կողմից»,- ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Արթուր Մնացականյանը:
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Ռուստամ Գրիգորյանն էլ նշեց, որ արդեն էթիկայի 17 օրենք են ընդունել, որոնք վերաբերվում են հաճախորդների եւ սպառողների հետ հարաբերությունների կարգավորմանը, այլ գործակալությունների հետ համագործակցությանը. «Սահմանվել են խաղի կանոններ, որոնք թույլ են տալու ավելի արդյունավետ աշխատել միմյանց հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ