Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարևոր է, բայց եթե որևէ մեկը մուտք է գործել խորհրդարան, ուրեմն առնվազն դադարել է լինել երիտասարդ. Փաշինյան

Սեպտեմբեր 12,2024 14:26

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը: Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլյա Էքսոնը և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:

Վարչապետը ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում և մասնակիցներին մաղթել հաջող աշխատանքներ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կա մի հայեցակարգային հարց, որի շուրջ ցանկանում է կիսվել, որովհետև երիտասարդների մուտքը և ակտիվությունը քաղաքականություն կարևոր և հասկանալի է։ Վարչապետը նշել է, որ որոշակի հայեցակարգային հարց ունի երիտասարդ պատգամավոր արտահայտության հետ, որովհետև իր ընկալմամբ՝ պատգամավորը պատգամավոր է՝ և երիտասարդ, թե միջին տարիքի, թե տարեց, նա ունի մեկ մանդատ և նույնքան լիազորություն, ինչպես տարեցները։

«Քանի որ խոսում ենք քաղաքականության մեջ երիտասարդների ներգրավածության մասին, ես հիշում եմ ժամանակին իմ շատ հարգելի բարեկամի խորհուրդ։ Երբ ես սկսել էի զբաղվել լրագրությամբ, հետագայում նաև քաղաքականությամբ, նա ինձ խորհուրդ էր տալիս, ասում էր՝ երբեք թույլ չտաս, որպեսզի քեզ անվանեն երիտասարդ լրագրող, որովհետև երբ հանրությունը ֆիքսի, որ դու երիտասարդ լրագրող ես, 60 տարեկան էլ լինես բոլորը քեզ հիշելու են որպես երիտասարդ լրագրող։ Այս առումով, իհարկե կարծում եմ, այդ խորհրդի մեջ կա շատ էական բովանդակություն, և կարևոր է արձանագրել, որ քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարևոր է, բայց եթե որևէ մեկը մուտք է գործել խորհրդարան, ուրեմն առնվազն բառիս փոխաբերական իմաստով նա դադարել է լինել երիտասարդ, ուրեմն դա խոսում է քաղաքական հասունության որոշակի մակարդակի մասին: Կարևոր եմ համարում ընդգծել այս առանձնահատոկությունը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ իհարկե, փորձը շատ կարևոր բան է ամեն ինչում, հատկապես քաղաքականության մեջ, բայց այսօր արդեն մանավանդ տեխնոլոգիաների դարում կան գիտելիքներ և իմացություններ, որոնք բարեբախտաբար, թե դժբախտաբար, դա յուրաքանչյուրն անհատապես պետք է գնահատի, կան գիտելիքներ, որոնք ավելի շատ հասանելի են երիտասարդ սերնդին, քան ավագ և սա օբյեկտիվ իրականություն է։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հին ասացվածքն այդպես էլ չի կորցրել և երևի չի կորցնի իր հրատապությունը, ըստ որի՝ «եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար»։ «Այստեղ, կարծում եմ, կարևորագույն խնդիրներից մեկը հետևյալն է, որ կարողության և իմացության այս միաձուլման բանաձևերը պետք է քննարկվեն, կամ կարող են քննարկվել համաժողովում։ Խոսվում է կրթության մասին և կրթությունը համաժողովի քննարկման առանցքային թեմաներից է։ Կարող եմ խոսել մեր փորձի կամ եզրակացության մասին, որին հանգել է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և մեր քաղաքական թիմը։ Մենք փորձում ենք այս գաղափարն առաջ մղել Հայաստանի Հանրապետությունում։ Չկա որևէ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Այդպիսի խնդիր գոյություն չունի և հակառակը, չկա մի խնդիր, որի ծագումը կապված չէ կրթության կամ ավելի ճիշտ կրթության պակասի, կամ կրթության բացակայության, կամ կրթության ցածր որակի հետ։ Մենք քննարկում ենք աղքատությունը, որը գլոբալ խնդիր է, այդ թվում՝ խնդիր է Հայաստանի Հանրապետությունում, և մեզ նաև դրա համար երբեմն շատ քննադատում են, բայց իմ համոզմունքն այն է, որ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ, որովհետև կրթության այն համակարգերը, որ գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ աշակերտներին, երեխաներին, հետագայում նաև ուսանողներին բավարար հմտություններով չեն օժտում՝ կյանքում մրցունակ լինելու համար: Եվ եթե փորձենք թարգմանել՝ ի՞նչ է նշանակում աղքատությունը, դա նշանակում է, ըստ էության, կյանքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների, կարողությունների պակաս ունենալ այն դեպքերում, իհարկե, երբ դա կապված չէ առողջական և շարժունակության խնդիրների հետ: «Եվ այս առումով, մեր Կառավարության համար կրթությունն առաջնահերթություն է, այդ թվում՝ զբաղվածության պրոբլեմները լուծելու առումով, որովհետև նույնը կարելի է ասել զբաղվածության խնդրի մասին: Մեծ հաշվով՝ ի՞նչ է նշանակում գործազրկություն, գործազրկություն նշանակում է չունենալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ՝ աշխատանքի շուկայում մրցունակ լինելու համար: Բայց կա նաև ուրիշ խնդիր, որ գիտելիքը և հմտությունն ինքը կարող է հնանալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ վերջին հարյուրամյակներում և մարդկության պատմության ընթացքում եղել են մասնագիտություններ, որոնք ընդհանրապես վերացել են, և ի հայտ են եկել նոր մասնագիտություններ:

Եվ, ըստ Նիկոլ Փաշինյանի, կրթության ոլորտի մեծ խնդիրներից մեկն է՝ ապահովել նաև մարդկանց տրանսֆորմացիան կամ ադապտացիան այս գլոբալ փոփոխություններին, այդ թվում՝ աշխատանքի շուկայում: Եվ այդ առումով, վարչապետի խոսքով, այս խնդիրների հասցեագրումը ՀՀ Կառավարության առաջնային օրակարգերից է, այդ է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 3 անկյունաքարային ծրագիր, որոնցից մեկը 300 դպրոց կառուցել, վերակառուցել, հիմնանորոգելու ծրագիրն է, երկրորդը՝ 500 մանկապարտեզ կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագիրն է, և երրորդը՝ Ակադեմիական քաղաքի ծրագիրն է, որը վերաբերում է բարձրագույն կրթությանը, գիտությանը և հետազոտություններին:

«Ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այն է, որ կրթությունը ցկյանս գործընթաց է, և մարդը պետք է սկսի սովորել մանկապարտեզից և շարունակի իր կրթությունը, այդ թվում՝ աշխատանքի մեջ: Ես սովորաբար այս միտքը կիսում եմ հրապարակայնորեն՝ ասելով, որ բոլորը՝ պատգամավոր, նախարար, վարչապետ, եթե իրենց աշխատանքը չեն զուգակցում կրթությամբ, ինքնակրթությամբ, որովհետև մեծ հաշվով կրթությունը տեղեկություններ ստանալու, այդ տեղեկությունները մշակելու և այդ տեղեկություններից եզրակացություններ անելու հմտությունն է: Ահա այս պրոցեսն ակնհայտ է դարձնում, որ կրթությունը մեր բոլորի ամենօրյա գործն է և մեզնից յուրաքանչյուրը, ըստ էության, պետք է ամեն օր որոշակի ժամանակ տրամադրի սեփական կրթությանը՝ անկախ նրանից ինքը որևէ կրթական ուսումնական հաստատությունում սովորում է, թե չի սովորում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ներկաներն այս համաժողովից կվերադառնան նոր էներգիայով լիցքավորված՝ ծառայելու ի շահ իրենց երկրների կայունությանը և զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ սա այն հարթակն է, որն ի ցույց է դնում, որ գլոբալ կայունությունը, գլոբալ խաղաղությունը և գլոբալ զարգացումը բոլորի օրակարգի մաս է, և այդ օրակարգով հետաքրքրվածությունն է, որ այստեղ, տարբեր հարթակներում միավորում և համախմբում է բոլորին:

Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է նաև Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր Դեն Քարդենը, որը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովի նախագահն է: Միջոցառման փակման արարողությանը ելույթ կունենա Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Համաժողովը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 12-14-ին: Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է՝ հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցեր քննարկելու, փորձ փոխանակելու և առաջխաղացում ապահովելու համար:

10-րդ գլոբալ համաժողովի առաջնահերթ նպատակը երիտասարդների կրթության ու զբաղվածության հարցերն են գլոբալ ճգնաժամերի պայմաններում, փնտրելով լուծումներ՝ ապահովել շարունակական կրթության հասանելիությունը և ստեղծել աշխատանքի հնարավորություններ:

Երիտասարդ խորհրդարանականներն այդ օրերին կքննարկեն «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման:

Միջխորհրդարանական միությանն անդամակցում է 180 երկիր: Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական կորպուսից, քաղաքացիական հասարակությունից:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մակարդակից առաջ գալիս է արժանապատվությունը.
    “She [Golda Meir,] accepted a commission of inquiry into the failures that led to the Yom Kippur war and resigned from office. Netanyahu, by contrast, has taken zero responsibility and refuses to call an election, let alone step down.” Hillary Clinton slams Netanyahu and Columbia students in new book

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30