Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակչության մեծ մասն ունենալու է լուրջ խնդիրներ այնպես, ինչպես իրական շահառուներին հայտարարագրելու ժամանակ ունեինք»․ Էլեն Մանասերյան

Սեպտեմբեր 12,2024 14:16

«Բնակչության մեծ մասն այս ամենի հետ բախվելուց ունենալու է մեծ խնդիրներ այնպես, ինչպես օրինակ իրական շահառուներին հայտարարագրելու ժամանակ ունեինք այս խնդիրները»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված «Աշխատանքային պայմանագրերի թվայնացում․ աշխատանքային խախտումների իրական լուծո՞ւմ, թե՞ կոսմետիկ բարեփոխում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Հիշեցնենք՝ աշխատանքային պայմանագրերի մասին պահանջվող տեղեկությունները մեկ հարթակում ամբողջացնելու և հասանելիություն ապահովելու նպատակով՝ կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։

Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Էլեն Մանասերյանն ասաց՝ առաջին փուլը բավականին դժվար է լինելու․ «Կարևոր է, որ պարզաբանումներ տրվեն սոցիալական գովազդների միջոցով կամ հոլովակների միջոցով, որովհետև, եթե Երևանում կամ մեծ քաղաքներում քիչ թե շատ քաղաքացիները կարողանում են այս հարցը լուծել, փոքր համայնքներում, հեռավոր շրջաններում մարդիկ ունենալու են խնդիր»։

Նա ասաց, որ Արհմիությունների կոնֆեդերացիան բավականին մեծ առաջարկների փաթեթ էր ուղարկել, որոնց մի մասն ընդունվել է․ «Ընդառաջ գնալով, ողջունելով այս՝ թվայնացնելու գաղափարը, մի կարևոր հանգամանք ուզում եմ հաշվի առնենք․ մենք այս դեպքում ոչ թվայնացված պայմանագրեր ենք տեսնելու, այն, որ միևնույն է, կնքված էր։ Այն գործատուն, որը չունի այդ պատասխանատվությունը աշխատանքային պայմանագիրը կնքելու, մենք միևնույն է, էլի չունենք գործիք, որ հսկենք այդ գործատուին։ Այսինքն՝ եթե մենք տեսչական մարմնի որպես պետական հսկողություն իրականացնողի, չենք տվել արհմիությանը՝ որպես ոչ պետական հսկողություն իրականացնողի գործիքներ ցանկացած ժամանակ ցանկացած գործատուի մոտ այդ հսկողությունը կամ վերահսկողությունն իրականացնելու, ինչպես նախատեսված է աշխատանքային օրենսգրքով, ապա խնդիրն այստեղ չի լուծվելու, այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ ստվեր չլինի, բայց այս թվայնացումը չի լուծելու, էլի գնալու, տեսնելու ենք պատասխանատու գործատուներին։ Այնտեղ, որտեղ մենք միևնույն է, չունեինք այդ աշխատանքային պայմանագրերը, նորից չունենք այդ պատասխանատվությունը։ Այսինքն՝ բացի այն, որ մենք փորձում ենք իրավական առումով լուծել խնդիրը, պետք է մտածենք այստեղ իրավական պրակտիկայի մասին։

Մենք տեսչական մարմնին պետք է տանք այն բոլոր գործառույթները ու լիազորությունները, որոնք մենք Կոնվենցիայով ստանձնել ենք։ Այնտեղ ասվում է՝ ցանկացած ժամանակ տեսչական մարմինը պիտի իրավունք ունենա մտնելու ցանկացած կազմակերպություն ու իրականացնելու ստուգումներ, ինչն այսօր տեսչական մարմինը չունի։ Դա էր նաև պատճառը, որ նաև առաջարկել էինք, որ արհմիությունները ևս հասանելիություն ունենային ոչ պետական հսկողություն իրականացնելու։ Մեր գործադիր մարմինը պատասխանել է, որ դեռ այլ կողմերի չեն տրվելու նման լիազորություններ։ Էլի եմ կրկնում՝ մենք խնդիր ունենք ավելի շատ պայմանագիր լինել-չլինելու հետ, այլ ոչ թե՝ ինչպիսին է պայմանագիրը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30