Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուրերը, թե Հայաստանում հանցավոր վակխանալիա է, չափազանցություն են»․ Փաշինյան

Սեպտեմբեր 12,2024 14:08

«Լուրերը, թե Հայաստանում հանցավոր վակխանալիա է, չափազանցություն են»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանցավորության աճին։

Պատգամավորները ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել էին հանցավորության ցուցանիշի աճի մասին։ Կառավարության այսօրվա նիստում երկար քննարկվեց այս հարցը։

Նշվեց, որ մասնավորապես աճել են զենքի գործադրմամբ հանցագործությունները։ «Այն ապօրինի զենքը, որն անտառում մի տեղ թաղված է, լավ կլինի դա հայտնաբերել, բայց ինքը ոչ մեկի համար վտանգավոր չէ։ Զենքը վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ թաքստոցից հանվում է եւ տեղաշարժվում։ Այս պրոցեսի մեջ մեր ամենագործուն ինստիտուտը պարեկային ոստիկանությունն է։ Այստեղ մենք պետք է կարողությունները զարգացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ասաց, որ մահվան ելքով վրաերթերի եւ վթարների թիվն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով նվազել է շուրջ 30 տոկոսով։ «Ես կցանկանայի մի հետաքրքիր վիճակագրություն ներկայացնել, որն, իմ կարծիքով, մեծ ազդեցություն է գործել եւ շարունակելու է գործել մահվան ելքով վթարների թվի նվազման առումով։ Մինչեւ պարեկային ծառայության ներդրումը՝ ճանապարհային ոստիկանների կողմից կաշառք ստանալու 90 դեպք ենք ունեցել, 90 դրվագով քրեական գործեր ենք ուղարկել դատարան։ Եվ ունեցել ենք պարեկներին կաշառք տալու 48 դեպք անցած տարի։ Դա այն դեպքերն են, երբ պարեկներին կաշառք տալու ժամանակ պարեկային ծառայության աշխատակիցը ձերբակալում է կաշառք տվողին եւ ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտե։ Անցած տարի ունեցել ենք 48 նման դեպք, այս տարի ունենք 12 դեպք։ Այսինքն՝ այս դեպքում ունենք 80 տոկոսով նվազում։ Փաստորեն մենք ունեցել ենք իրավիճակ, երբ այս դեպքերն էական նվազել են»

Մանրամասները՝ տեսանյութում

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ասաց․ «Յուրաքանչյուր մարզում, երբ պարեկային ծառայությունը ներդրվում էր, մենք մարզային վարչություններից արձագանքներ էինք ստանում, որ, օրինակ, խոշոր մարզերում ամսական կտրվածքով 60-70 դեպքով աճում էր հանցավորության ցուցանիշը։ Օրինակ՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում 60-70 դեպքով աճում էր, եւ սրանք հիմնականում թմրանյութեր պահելու, ինչպես նաեւ զենքեր պահելու դեպքեր էին: Սա գնահատման տեսանկյունից, իմ կարծիքով, շատ լավ է, որովհետեւ օբյեկտիվ իրականության մեջ այդ դեպքերն այսպես թե այնպես եղել են, եւ այդ դեպքերը սկսել են բացահայտվել եւ հանցավորության ցուցանիշի վրա սկսել են ազդել այն ժամանակ, երբ ավելի պրոֆեսիոնալ ոստիկաններ են ներդրվել, խոսքը պարեկների մասին է։ Սա, կարծում եմ, եւս հանցավորության ցուցանիշի վրա ազդող հանգամանք է՝ ոստիկանության եւ իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմը բերում է հանցավորության լատենտայնության նվազեցման, ինչն իր հերթին բերում է հանցավորության աճին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30