Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան երեսունվեց տարի է՝ Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված մեկ միլիոնից ավելի հայերի հարցը մնում է առկախված. «Միասին»

Սեպտեմբեր 12,2024 14:04

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին,
Մինսկի խմբի համանախագահող երկրներին (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա),
ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը,
ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչությանը

 Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 «Ադրբեջան հանրապետությունից բռնի տեղահանված բնիկ հայերի իրավունքների պաշտպանության մասին»

Արդեն ավելի քան երեսունվեց տարի է Ադրբեջանի ԽՍՀ-ից բռնի տեղահանված մեկ միլիոնից ավելի հայերի հարցը մնում է առկախված: Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները, տեղի տալով ադրբեջանական խեղաթյուրումներին, թե՛ պաշտոնական տեղեկատվությամբ, թե՛ հրապարակային ելույթներում հնչեցրել են Ադրբեջանից արտաքսված հայերի ոչ հավաստի թիվ՝ 600-700 հազար, ըստ ամենայնի հիմք ընդունելով միայն Հայաստան տեղափոխված ու այստեղ որպես փախստական գրանցված հայերի թվաքանակը: Իսկ որքա՞ն հայ է տեղափոխվել աշխարհի այլ երկրներ, շրջանցելով Հայաստանը, որևէ տեղ հստակ հաշվառված չէ:

Համացանցում առկա է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի ելույթը, որտեղ նա փաստում է, որ միայն Բաքվում 1988թ. դրությամբ ապրում էին 500 հազար հայեր: Հայերն իրենց բնօրրանում ապրել են ամենուրեք՝ Արցախում` 96%, Նախիջևանում (60% և ավելի) Գանձակ-Կիրովաբադում` 50%, Շահումյանի, Քարհատի (Դաշքեսանի), Խանլարի, Շամխորի շրջաններում` 70-95%, Մինգեչաուրում, Եվլախում, Գերանբոյում, Շեմախայում, Շեքիում, Ղազախում, Թովուզում, Բարդայում, Զակատալայում, Սումգայիթում: Այսինքն, աշխարհագրական Ադրբեջանում, կրկնում ենք, իրենց բնօրրանում հազարամյակներով ապրել են հայերը, ու, հասկանալի է, որ այդ տարածքների վրա Ադրբեջան պետություն հայտնվելուն պես հայ ժողովուրդը այդտեղից չէր կարող անհետանալ: Բացի այն, որ Ադրբեջանում տեղի իշխանության ներկայացուցիչները դիմում էին հայերին կրոնափոխ լինելու կամ ազգությունը փոխելու պահանջով, իշխանության վերին օղակներում թաքցնում էին մարդահամարների իրական տվյալները՝ անընդհատ նվազեցնելով հայերի իրական թվաքանակը: Այս արարքները նման են գողի հոգեբանությանը՝ օգտագործել ցանկացած առիթ գողոնի տիրոջը ոչնչացնելու համար, որպեսզի գողոնը մնա գողի մոտ:

Տասնամյակներ շարունակ այդ տարածքների հայության վերադարձի հարցը անընդհատ բարձրացվել է իշխանությունների առջև, սակայն խնդիրը համարժեք արձագանքի չի արժանացել:

Սակայն այսօր, երբ օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձևավորված Արցախի Հանրապետությունը բռնազավթված ու ցեղասպանական գործողություններով էթնիկ զտմամբ հայաթափված է, մենք լռել այլևս չենք կարող, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարը լկտի պահանջ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ ապահովելու կեղծ և շինծու՝ թվով 300 հազար ադրբեջանցիների անվտանգ բնակությունը Հայաստանում։

Ուստի մենք՝ Ադրբեջանից գաղթած շուրջ 1,2 մլն. հայության ներկայացուցիչներս, պահանջում ենք բանակցությունների միջազգային օրակարգ ներառել այսօրվա Ադրբեջանի տարածք՝ հայության հազարամյա բնօրրան, հայերիս անվտանգ վերադարձի ու ապրելու իրավունքի հարցը:

Չի կարող իրական խաղաղություն հաստատվել տարածաշրջանում հայ ժողովրդի օրինական իրավունքների ոտնահարման պայմաններում։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30