Կառավարության այսօրվա նիստում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում հանցավորության շարժընթացին, նշել է.
«Համաձայն Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցված հանցագործության դեպքերը նվազել են 1073-ով կամ 5.4%-ով. 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրվել է հանցագործության 18.818 դեպք, 2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 19.891 դեպք: 2024 թվականի 1-ին կիսամյակում ևս, արձանագրված հանցագործության 18.818 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 81.7%-ը, ոչ մեծ (9738 դեպք կամ 51.7%) և միջին ծանրության (5635 դեպք կամ 30%) հանցագործություններ են:
2024 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործության դեպքերը, 2023 թվականի 1-ին կիսամյակի հետ համեմատած, նվազել են 8.2%-ով (2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 2773, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 2545 դեպք), առանձնապես ծանր հանցագործության դեպքերը (առանց հանկարծամահության դեպքերի հաշվառման)՝ աճել են 17.8%-ով (2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 246, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 290 դեպք):
2024 թվականի 1-ին կիսամյակում սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի թվի, կազմել է 34՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 33 դեպքի դիմաց:
Կարդացեք նաև
Համաձայն Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2024 թվականի 1-ին կիսամյակում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 644-ով կամ 29,3%-ով (2023 թվականի 1-ին կիսամյակում՝ 2198, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 1554 դեպք):
2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 132 %-ով (2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 93 դեպք, 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 216):
2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, համեմատած 2023 թվականի 1-ին կիսամյակի հետ, արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու` քրեորեն պատժելի դեպքերի նվազում 284-ով կամ 23%-ով: Նվազել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը․ եթե 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է մահվան ելքով 90 դեպք, ապա 2024 թվականի 1-ին կիսամյակում՝ 68 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 22-ով կամ 24.4%-ով:
2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերի թիվը կազմել է 58՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 40-ի դիմաց (2023 թվականի ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերի թիվը կազմել է 94՝ նախորդ տարվա 67-ի դիմաց (աճը կազմել է 40,3%))»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ