Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի հետ ձերբակալվածներից մեկը կին է․ մանրամասներ

Սեպտեմբեր 12,2024 13:14

Տեղեկացրել ենք, որ երեկ վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալել էին Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանին։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էր լուրը՝ հավելելով, որ ձերբակալվել են նաև դպրոցներից մեկի տնօրեն ու փոխտնօրենը։

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածներից մեկը Արթիկ խոշորացված համայնքի Հայկասար գյուղի դպրոցի փոխտնօրենն է, որի վրա այս պահին դրված են տնօրենի ժՊ-ի պարտականությունները, մյուսը՝ վարչատնտեսական գծով տնօրենն է։

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հայկասարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար այս պահին հայտարարված է մրցույթ։

Երկար տարիներ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Նվեր Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, հայտարարվել է մրցույթ։

Դպրոցի տնօրենի ժ/պ են նշանակել փոխտնօրենին, իսկ Նվեր Խաչատրյանին նշանակել են վարչատնտեսական գծով տնօրեն։

Ի դեպ, այս դպրոցն այն մեկն է Շիրակի մարզի 48 դպրոցներից, որոնք օպտիմալացման ենթակա են, ընդգրկված են հարևան դպրոցների հետ միավորվելու կառավարության ծրագրում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի N 11-ի 1790 Ա/2 հրամանով հաստատվել է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների ապահովման հասանելիության ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը»։

Այդ ցանկում ՀՀ 232 դպրոցներ են ընդգրկված, որոնցից 48-ը Շիրակի մարզի դպրոցներ են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30