«Ամերիկայի ձայն». Կիև մեկնելուց առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Թեհրանի դեմ կիրառված նոր միջոցների մասին։
Միացյալ Նահանգները երեքշաբթի հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին՝ Թեհրանի կողմից Կրեմլին բալիստիկ հրթիռներ մատակարարելու պատճառով։
Հայտնի է, որ տևական ժամանակ է, ինչ Իրանը Ռուսաստանին է մատակարարում անօդաչուներ, որոնք ավերածություններ են պատճառում Ուկրաինայի բնակավայրերում:
Երեքշաբթի Լոնդոնում հանդիպելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամիին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Թեհրանը սկսել է բալիստիկ հրթիռներ մատակարարել Կրեմլին։
Կարդացեք նաև
«Նման ընթացքը և Ռուսաստանի ու Իրանի միջև աճող համագործակցությունը սպառնում է եվրոպական անվտանգությանը և ցույց է տալիս, թե ինչպես է Իրանի ապակայունացնող ազդեցությունը տարածվում Մերձավոր Արևելքից հեռու: Իր հերթին, Ռուսաստանն Իրանին է տրամադրում վերջինիս անհրաժեշտ տեխնոլոգիա: Սա երկկողմանի ճանապարհ է, այդ թվում՝ միջուկային ոլորտում, տիեզերքին վերաբերող տեղեկատվության շուրջ համագործակցության ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Բլինքենը հայտարարել է Թեհրանի դեմ կիրառված նոր պատժամիջոցների մասին։
«Միացյալ Նահանգներն այսօր՝ ավելի ուշ կհայտարարի Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին, այդ թվում՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով Iran Air-ի նկատմամբ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Iran Air-ից զատ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել նաև իրանական ֆիզիկական անձանց, ձեռնարկությունների, անգամ՝ նավերի նկատմամբ, որոնք ներգրավված են իրանական զենքը Ռուսաստան տեղափոխելու գործում:
Կրեմլը հաստատել է, որ Թեհրանը համագործակցում է Մոսկվայի հետ խիստ զգայուն ոլորտներում՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
«Իրանը մեր կարևոր գործընկերն է։ Մենք զարգացնում ենք մեր համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր ոլորտներում, այդ թվում՝ ամենազգայուն»,- ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Բլինքենն ու Լամին ընդգծել են, թե այժմ «կրիտիկական պահ է» Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու համար: Երկուսը միասին այս շաբաթ մեկնելու են Կիև:
Վերլուծաբան Գարեթ Մարտինի խոսքով՝ այդ հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հավանաբար, պնդելու է, որ արևմտյան դաշնակիցները թույլ տան Կիևին արևմտյան հեռահար սպառազինությամբ հարվածել Ռուսաստանի տարածքին:
«Ընդհանուր առմամբ, Միացյալ Թագավորությունը հաճախ [Ուկրաինային ցուցաբերվող օգնության] առաջնագծում է եղել: Եթե մտածում եք հեռահար հարվածներին վերաբերող բանավեճերի մասին, արդյո՞ք նրանք այժմ կարող են հանդես գալ նույն դիրքորոշմամբ»,- ասել է Մարտինը:
Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ուրբաթ այցելելու է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, և օրակարգում իրավիճակն է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Մեծ Բրիտանիան հայտարարեց Իսրայելին զենքի որոշ տեսակների վաճառքը դադարեցնելու մասին՝ պատճառաբանելով, թե Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ խախտվել է միջազգային հումանիտար իրավունքը։ Իսրայելը հերքում է մեղադրանքը:
ԱՄՆ-ն, սակայն, շարունակում է սպառազինության մատակարարումը Երուսաղեմին՝ ընդգծելով, որ Իսրայելը չի խախտել միջազգային իրավանորմերը:
Հենրի Ռիջվել