Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես համաձայն չեմ, որ տարբեր պատասխաններ եմ տվել․ ընդամենը մեկնաբանության հարց է»․ Արմեն Աշոտյանի գործով վկան՝ դատախազին

Սեպտեմբեր 12,2024 12:26

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով սեպտեմբերի 10-ին կայացած դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արման Նշանյանն ասաց, որ վկա Կարեն Ակոպյանի՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներում առնվազն երկու մասով առկա են էական հակասություններ, ինչը հիմք է նախաքննական ցուցմունքը հրապարակելու համար։

Նա ասաց, որ եթե պաշտպանական կողմը դեմ չէ, դատարանը թույլատրի վերաբերելի մասով միայն հրապարակել Կարեն Ակոպյանի՝ նախաքննական ցուցմունքները։

Դատավոր Վահե Դոլմազյանն ասաց՝ ինչում է կայանում դատարանում տրված ցուցմունքների և նախաքննական ցուցմունքների միջև հակասությունը։ Հանրային մեղադրողն ասաց՝ բովանդակային առումով ես չեմ հրապարակի, թե նշված դրվագի մասով ինչ ցուցմունք է տվել Կարեն Ակոպյանը քննիչի մոտ․ «Խոսքը վկայի կողմից Խոջոյան Վոլոդյայի մասով արհեստակցական կազմակերպության կամ հիմնադրամի կողմից շահառուների հանգիստը կազմակերպելու գործընթացին առնչություն ունենալ-չունենալու հանգամանքի մասին է և կապված գաղտնալսման՝ գաղտնի քննչական գործողությունների արձանագրության բովանդակության մեջ ներառված այն հանգամանքին, որ Կարեն Ակոպյանը նշել է՝ «գույքը ձեռք է բերվել Արմենի համար»։ Խոսքն այս երկու հանգամանքներին է վերաբերում։ Խնդրում եմ թույլատրել դրանք քննարկել։ Իհարկե, վկան իր ցուցմունքով դատաքննության ընթացքում չհերքեց, որ Աշոտյանի մասին է խոսքը, բայց այլ մեկնաբանություն տվեց, թե գաղտնի քննչական գործողության մեջ Արմենի համար ձեռք բերված լինելու հանգամանքն ինչով է պայմանավորված, ինչը իր խոսակցության մեջ արձանագրվել է։ Նշված հարցի վերաբերյալ, որը տրվել է նաև վկայի՝ հարցաքննության ընթացքում, դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմից առաջադրված հարցին այլ պատասխան է վկան տվել։ Հակասությունն այստեղ է»։

Վկայի շահերի ներկայացուցիչ փաստաբանն ասաց՝ վկան ցուցմունքների տարբերության պատճառը նշել է։

Արմեն Աշոտյանի պաշտպանները խնդրեցին, որ դատախազն ասի կոնկրետ որ էջում, որ ցուցմունքի մասին է խոսքը, որ հասկանան կոնկրետ որ բառերի մասին է խոսքը։

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն այս առիթով ասաց․ «Մեղադրող կողմի միջնորդության նորմը շատ պարզունակ է, և դատարանի որոշմամբ՝ հրապարակումը թույլատրվում է, եթե առկա է էական հակասություն։ Էական հակասություն պետք է Ձեզ մոտ ձևավորվի։ Հանրային մեղադրողի ենթադրությունը, որ կա հակասություն, անբավարար է։ Պետք է մատնացույց անի։ Կարող է՝ այդ օրը լուսահոգի Խոջոյանը սպիտա՞կ շոր էր հագել, թե՝ սև, դրանում է հակասությունը, որն էական չէ»։

Նախագահող դատավորն ասաց՝ բերեք այդքան չպրիմիտիվացնենք և բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։

Հանրային մեղադրողը հրապարակեց Կարեն Ակոպյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա ասում է՝ «Չեմ հիշում, որ Խոջոյանը լիներ արհեստակցական կազմակերպության աշխատակից։ Եթե Խոջոյանը նման բանով զբաղված լիներ, ես կիմանայի։ Միայն կարող եմ ասել, որ ինձ ու Մարթային ցանկացել է օգտակար լինել, մանավանդ՝ Մարթային, քանի որ նրա դասախոսն էր»։

Արման Նշանյանը, դիմելով Կարեն Ակոպյանին, ասաց, որ դատարանի դահլիճում հայտարարել եք, որ Խոջոյանը միանշանակ զբաղվել է աշխատակիցների հանգստի կազմակերպման հարցերով, այնինչ նախաքննական ցուցմունքում բացառել եք, որ նման հարցերով զբաղվել է ու հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված նախաքննական մարմնում տալ այդպիսի պատասխան, դատաքննության ժամանակ՝ այլ։ Կարեն Ակոպյանը պատասխանեց․ «Ես համաձայն չեմ, որ տարբեր պատասխաններ եմ տվել, պատասխանս նույնն է եղել։ Ընդամենը մեկնաբանության հարց է։ Ես ասել էի, որ Վլադիմիր Արշալույսովիչը նախկին պրոֆմիութենական կազմակերպության ժամանակվանից դեռ այդ աշխատանքն անում էր, շարունակում էր նաև հիմնադրամի սահմաններում այդ աշխատանքը ծավալել։ Եվ ես կոնկրետ այդ դրվագի հետ ծանոթ չեմ եղել։ Ինձ դրա մասին չի զեկուցվել, չի ասվել և երևի նաև այն հանգամանքով պայմանավորված, որ ես իրեն զգուշացրել էի՝ պրոֆկոմի հարցերով ինձ մի անհանգստացրու։ Նկատի ունենալով աշխատակից լինելը, հենց աշխատակից բառն եմ ասել՝ անգամ անդամակցության կամ չանդամակցության մասին խոսք չի եղել։ Ավելին` իմ իրավունքներից օգտվելով՝ չեմ ուզում ասել»։

Դատավորը հարցրեց՝ ասելիք ունեք, չեք ուզում ասե՞ք։ Կարեն Ակոպյանը պատասխանեց՝ իմաստ չունի։ Դատավորն արձագանքեց՝ իմաստը Դուք չեք որոշում․ «Դա մեկ այլ անձի գործողությունների հետ կապված հարցադրում է։ Եթե այս հարցը կարող էր մեկնաբանվել ի վնաս Ձեզ, ի սկզբանե ենթադրվում էր, որ չպետք է պատասխանեիք։ Բայց եթե պատասխանել եք, բայց հետո ասում եք՝ չեմ ցանկանում, այլ բան է ստացվում»։

Վկայի փաստաբանն այս առիթով ասաց․ «Իմ պաշտպանյալն իրացնում է իր իրավունքը, որևէ դատավարության մասնակից չպետք է հարցեր տա»։

Արման Նշանյանը նաև նշեց, որ գաղտնի քննչական գործողությունների մեջ արտահայտվել է այն հանգամանքը, որ ասել եք՝ «Արմենի համար է» ու շարունակեց․ «Նախաքննական մարմնին հայտնում եք, որ դա ընդամենը եղել է վրիպակ, երբ ես նշել եմ խոսակցությանս մեջ, որ դա Արմենի համար է։ Դատարանում ցուցմունք տվեցիք, որ ենթադրել եմ՝ Արմենի համար է, բացի այդ նաև այդ մասով առարկություն ներկայացրիք՝ կապված այն հանգամանքով, որ այդ խոսակցության ընթացքում չկա որևէ խոսք, որ Ձեր խոսակցությունը վերաբերել է հենց այդ նյութին։ Ըստ էության՝ կա հակասություն, որ նախաքննական մարմնում ասում եք՝ վրիպակ է, հետո ասում եք՝ դա ենթադրել եմ, միաժամանակ նաև արձանագրել, որ գաղտնի քննչական արձանագրության մեջ չկա խոսակցություն, որ հենց խոսքը վերաբերում է այդ նյութերում։ Կասե՞ք տարբերության պատճառը»։

Վահե Դոլմազյանը Կարեն Ակոպյանի պատասխանից առաջ նշեց՝ այս հարցի հետ կապված քննիչի կողմից վկային պարզաբանվել է, որ նա կարող է օգտվել մեղադրյալի իրավունքներից հարցաքննության ժամանակ, գուցե տրվող հարցերը Կարեն Ակոպյանի հետ կապ չեն ունեցել, իսկ այս դեպքում ունեցել է, և քննիչը նրան բացատրել է, նշվել է, որ նա կարող է օգտվել լռելու իրավունքից։ Ուստի Վահե Դոլմազյանն ասաց՝ հաշվի առնելով, որ այդ ցուցմունքը հրապարակված է եղել, և դրա հետ կապված է հարց հնչում՝ որոշեք, ցանկանո՞ւմ եք այդ հարցին պատասխանել, թե՝ ոչ»։ Կարեն Ակոպյանը որոշեց լռել։

Այսպիսով ավարտվեց վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը։

Մյուս վկայի՝ Անի Ռափյանի հարցաքննությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30