Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հորդորեց ներկայացնել տեղեկություններ երկրում հանցավորության իրավիճակի վերաբերյալ։
«Երեկ ԱԺ հարցուպատասխանի ընթացում եւ ընդդիմության, եւ կառավարող խմբակցությունների ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում Հայաստանում հանցավորության մակարդակի վերաբերյալ։ Եվ նրանց պնդումը կամ վիճակագրության վերլուծությունն այն էր, որ Հայաստանում հանցավորության մակարդակը էականորեն աճել է եւ շարունակում է աճել»,- ասաց Փաշինյանը։
«Հարցերը, որոնք պատգամավորներն ուղղում էին, ենթադրում եմ՝ հիմնված էին 2023 թվականի տվյալների վրա, որտեղ հանցավորության աճ կար արձանագրված։ Բայց 2024 թվականին մենք ունենք նվազում։ Եթե համեմատում ենք մինչեւ 2022 թվականը, մեր վիճակագրության վարման ձեւաչափը տարբերվում է 2022 թվականից հետո վարման կարգից, որովհետեւ փոխվել է Քրեական դատավարության օրենսգիրքը»,- նշեց Աննա Վարդապետյանը։
«Երբ ընդդիմությունն ասում է՝ հանցավորությունը երկիրն ուտում է, կառավարող խմբակցության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնում, մենք ասում ենք՝ օրենսդրությունը փոխվել է, մեթոդաբանությունը փոխվել է, բայց բուն հարցի պատասխանը դրանից կարող է նաեւ դուրս մնալ»,- նշեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Աննա Վարդապետյանը ներկայացրեց հանցավորության վիճակի վերաբերյալ այս տարվա ութ ամիսների վիճակագրությունը։ Նա ասաց, որ աճել է զենքի գործադրմամբ առանձնապես ծանր եւ ծանր հանցագործությունների թիվը։
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց․ «Մենք 44-օրյա պատերազմից ունենք անհետացած զենքի մեծ քանակ։ Ես տվել եմ հանձնարարականներ,որ մենք ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեր մեթոդաբանությունը պետք է վերանայենք։ Երկրում շատացել է նաեւ օրինական զենքի քանակը։ Եվ այստեղ ընտրության հարց կա, որ օրինական զենքն ինչքանո՞վ պիտի հանդուրժելի լինի մեզ համար։ Դա հարց է, որը մենք նույնպես պիտի քննարկենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: 01.07.2024