Լրահոս
Օրվա լրահոսը

Մնում է Հայրենիքը «տեղից շարժվի»

Սեպտեմբեր 12,2024 14:00

Նախածննդյան խոհեր անվանի նկարչի տարեդարձին

Նկարչի հետ հանդիպումը սկսվում է նրա նկարներից: Նկարներ, որոնցում կա ճաշակ, գույնի զգացողություն, տեխնիկա, վարպետություն:

Երբեմն, դժվարանում ես պատասխանել հարցին. Ալեքսանդր Սադոյանը գեղանկարչության ո՞ր ժանրում է ուժեղ. դիմանկարներո՞ւմ, բնանկարներո՞ւմ, աբստրակտ գործերո՞ւմ…

Սադոյանին բնորոշ է մի տեղում չկանգնելը, անվերջ որոնումը, իրեն չկրկնելը:

ԱՄՆ-ում 1996 թվականից բնակվող ճանաչված նկարիչ Ալեքսանդր Սադոյանը սեպտեմբերի 13-ին կնշի իր ծննդյան 70-ամյակը յուրահատուկ ցուցահանդես-հաշվետվությամբ:

Միայն ափսոս, որ այս հոբելյանական ցուցահանդեսը դարձյալ դրսում է, ոչ՝ հայրենիքում՝ Հայաստանում: «Եթե իմացան Ամերիկան քեզ ծափ է տալիս, վաղը գուցե իրենք էլ ասեն` Ալեքսանդրը լավ նկարիչ է» տասը տարի առաջ «Առավոտին» տված հարցազրույցում ասել էր նա, եւ ապա հավելել. «Իհարկե, ունենք լավ նկարիչներ, որոնք եկել են Հայաստանից եւ բնակվում են այստեղ: Իմ ընկերներն են՝ Սամվել Համբարձումյան, Սամվել Հալաջյան, Քիքի, Րաֆֆի Ադալյան, իր տեսակի մեջ ամեն մեկը տաղանդավոր նկարիչ է: Ինչ խոսք, հանդիպում ենք ցուցահանդեսներին, ուզում ենք մեր արվեստն առաջ տանել: Բարդ է, բայց անհնարին բան չկա: Եթե Արշիլ Գորկին գրավեց Ամերիկան, հայ որեւէ տաղանդավոր նկարիչ կարող է հասնել այստեղ մի բանի»:

Ալեքսանդր Սադոյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գլենդելի գեղարվեստի պատկերասրահում, Լոս Անջելեսի արվեստի թանգարանում, Փարիզի Գավարտ պատկերասրահում, Հոլիվուդ արտադրական կենտրոնում, Արեւմտյան Դիոկեզե հայկական եկեղեցում… խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Իտալիայի Պինո Պասկալի, Փարիզի «Արվեստ եւ իրականություն», Իսպանիայի «Արվեստի տուն», Կորեայի «Պյոնտաե» պատկերասրահներում, Ճապոնիայի Նագասակի-Կեն թանգարանում, Բրազիլիայում… Սադոյանի նկարներից շատերը գտնվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Անգլիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Կորեայի, Չինաստանի, Նորվեգիայի և Լիբանանի մասնավոր հավաքածուներում:

Նա 1990 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1995 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ է։ 2003 թվականին Բեռլինի World Art Celebrities Journal-ի կողմից արժանացել է «Ամսվա լավագույն» նկարիչ տիտղոսին։ 2008 թվականին ամերիկյան«Քենեդի» հրատարակչությունը նրան ճանաչել է «Լավագույն նկարիչ»:

Ռեալիզմից վերացական արվեստ, ապա կրկին ռեալիզմ, բնանկարների յուրօրինակ շարքեր հեղինակած Սադոյանը շարունակում է մեր մեծերի դիմանկարները՝ Վիլյամ Սարոյան, Եղիշե Չարենց, Արշիլ Գորկի, Սերգեյ Փարաջանով, Շառլ Ազնավուր, Ավետիք Իսահակյան, Մհեր Մկրտչյան…ավարտուն դարձնել, ներկայում աշխատում է Հովհաննես Շիրազի դիմանկարի վրա…

Այս դիմանկարները տարբերվում են գույնների «միմիկայով», յուրաքանչյուրի մոտ տարբեր է գույնախաղը՝ միմիկան, Սադոյանը գույների «միմիկայով» փոխանցում է այն տրամադրությունը, զգացումները, որ ունի մեծանուն հայ Անհատների նկարներին մոտենալիս, նրանց հետ մտովի զրուցելիս…

Նկարչի հետ հաճախակի հեռավար զրույցներից մի բան եմ հասկանում, որ աշխարհագրական տարածքը, ուր ապրում է, ուր գտնվում է նա, կարեւոր չէ, Սադոյան- նկարիչն անվերջ-անդադրում աշխատում է, արարում, գնահատականը թողնելով ժամանակի խղճին:

Նա մի «թաքուն» շարք էլ ունի.եկեղեցիների: Սադոյանը լինելով հայ ճարտարապետական գլուխգործոցների գիտակ, կտավին է հանձնում մեր հոգեւոր տների պատկերները…

Ծննդյան օրվա բարեմաղթանքներում նրա ընկերները՝ անվանիները, երգիչ, կոմպոզիտոր, դերասան, արվեստագետ, նկարիչներ, մի բան էին ամենից շատ ցանկանում. Հայրենիքում հանդիպում, Հայրենիքում ցուցադրում, մնում է Հայրենիքը «տեղից շարժվի»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30