Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ էլ զիջենք, խաղաղություն չի լինելու, եւ դրան ուղղակի տրամադրվել է պետք. Լևոն Մարտիրոսյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 12,2024 10:35

Զրուցել ենք Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Մարտիրոսյանի հետ:

– Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ իրենց բանտերում ոչ թե ռազմագերիներ են, այլ՝ ռազմական հանցագործներ: Դիվանագիտական պրակտիկայում կա՞ նման բան, երբ պետության ԱԳՆ-ն ռազմագերիների հարցին անդրադառնա, որակումներ տա, որոնք ավելի շատ դատավճռի են նման, միաժամանակ խոսի հումանիզմի մասին:

– Ի՞նչ կարեւոր է, թե Ադրբեջանի ԱԳ նախարարությունն ինչ է ասում հայ ռազմագերիների մասին: Նրանք գերի ու պատանդ են, որոնք գտնվում են Ադրբեջանի բանտերում՝ միայն այն բանի համար, որ հայ են: Կարծում եմ՝ սա մեծ պատկերի մի մասն է, որը փաստում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկացած պատրվակ օգտագործելու է, որպեսզի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չկնքի, այն պարզ պատճառով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ցանկանում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, խաղաղություն հաստատել, որովհետեւ չեն ցանկանում Հայաստանի գոյությունն առհասարակ: Նրանք ՀՀ-ի գոյությունը համարում են թյուրիմացություն, իրենց երկարաժամկետ ծրագրերում դա չեն էլ թաքցնում: Մենք գիտենք նրանց մտադրությունների մասին: Դեռեւս 90-ականներից, իհարկե՝ ոչ բոլորի, սակայն շատերի մտքում կար այն թեզը, որ ինչ-որ բան զիջելով` խաղաղության կարող ենք հասնել: Առաջին նախագահը հենց այս գաղափարի կրողն էր, բայց ես եղել եմ այն մարդկանցից, ով հակադարձել է՝ պնդելով, որ դա, ցավոք սրտի, անհնար է, որովհետեւ Ադրբեջանը, Թուրքիան չեն ցանկանում խաղաղություն Հայաստանի Հանրապետության հետ: Հետեւաբար, ինչ էլ զիջենք, խաղաղություն չի լինելու, եւ դրան ուղղակի տրամադրվել է պետք: Օրինակ` Իսրայելը մի երկիր է, որից մենք շատ բաներ պետք է ընդօրինակենք: Իսրայելը գիտի, որ ինչ էլ պատահի, իր հարեւաններից մի քանիսը խաղաղություն չեն հաստատելու իր հետ: Այդ մտքի հետ համակերպված Իսրայելն այսօր առաջ է շարժվում, զարգանում է եւ այլն: Ցանկալի կլիներ, որ թե՛ Իսրայելը, թե՛ Հայաստանը բոլոր հարեւանների հետ ունենային բարիդրացիական հարաբերություններ, ազատ սահմաններ, բայց քանի որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով դա անհնար է, պետք է համակերպվենք այդ մտքի հետ: Ադրբեջանն ու Թուրքիան գոնե կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չեն կնքելու: Դրա վկայություններն էլ այն անհեթեթ պատրվակներն են, որոնք առաջ են քաշվում: Օրինակ՝ խոսում են Սահմանադրության փոփոխության մասին, զինանշանի մասին, Մասիս սարի հեռացման մասին: Եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները գնան այդ քայլերին եւ կատարեն Ադրբեջանի այդ պահանջները, նրանք գնալու են ավելի անհեթեթ պահանջների: Օրինակ` կպահանջեն, որ Արցախի հերոսների անուններով Հայաստանում փողոցներ չլինեն, նույնիսկ կարող են անվանումներ պարտադրել, ասենք` կարող են պահանջել, որ Սախարովի հրապարակն Ազիզբեկովի հրապարակ դառնա, կամ Հանրապետության հրապարակն անվանափոխվի Ալիեւ հոր անունով, եւ այդպես շարունակ: Այդ ամենը փաստում է այն մասին, որ Ադրբեջանը պարզապես Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու ցանկություն չունի: Իհարկե, այս ամենից պետք չէ ողբերգություն սարքել, պարզապես, որպես հասարակություն, որպես պետություն, պետք է ընկալենք, որ երկար ժամանակ կարող ենք այս կարգավիճակում լինել: Պետք է ներքին ռեսուրսները, պոտենցիալն օգտագործելով` առաջընթաց ապրել, որպեսզի ամուր պետություն դառնանք ու հակադարձենք Ադրբեջանին: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարությանն ու նման պրակտիկային, ապա ասեմ, որ չի բացառվում՝ այդ հայտարարությունն արվել է ինչ-որ արտաքին ազդակի ազդեցության տակ։ Դա ավելի շատ հակադարձման, պատասխանի էր նման: Ադրբեջանն այն պետությունը չէ, որի տիպային մոդելը քննարկման առարկա դարձնեն, որպես լավագույն մոդել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30