Արցախի թեման «տաք» պահելուն է ուղղված շատ անհատների, կազմակերպությունների, լրատվամիջոցների գործունեությունը: Մշտապես բարձրաձայնվում է Բաքվում պահվող ռազմագերիների, անհիմն մեղադրանքներով դատապարտված քաղաքացիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Հայաստանի վարչապետն ասում է՝ այս ուղղությամբ աշխատանք կատարում են, որն անտեսանելի է, ինչն այդպես էլ պետք է լինի: Անհատները, կազմակերպությունները, որոնք նույն խնդիրներն են բարձրաձայնում, նշում են՝ իրենց աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, եթե չկա պետության աջակցությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, իհարկե, իրենց ձևակերպումն այլ է:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է. «Պետության կողմից գործողություն չենք տեսնում: Ասում են, թե իբր ռազմաքաղաքական վերնախավի մասով ինչոր բան անում են, ինչը տեսանելի չէ: Լավ, իսկ մեր մյուս հայրենակիցնե՞րը, որոնք առ այսօր գերության մեջ են, ինչո՞ւ չի կարողացել մինչ օրս այդ խնդիրը լուծել: Ադրբեջանն այսօր ի լուր աշխարհի կարողանում է Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջել:
Ի հակառակ դրա, անգամ չեն ասում՝ լավ, եթե ձեր պահանջները քաղաքական են, ապա մեր պահանջները հումանիտար են, վերադարձրե՛ք մեր գերիներին, հետո քննարկենք մնացյալ հարցերը: Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, ինչ շրջանառում է եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Լսե՞լ եք Հայաստանի կողմից որևէ արձագանք: Գոնե այնպիսի արձագանք, որ այդ նույն հայտարարության մեջ կա կետ գերիների վերաբերյալ: Կարող են ասել, որ այդ եռակողմ հայտարարության բոլոր կետերն ամբողջությամբ վերաբերում են Արցախին: Ադրբեջա՛ն, եթե ասում ես, որ չկա Արցախ, Նիկոլ Փաշինյա՛ն, եթե ասում ես, որ չկա Արցախ, ապա ի՞նչ եռակողմ հայտարարություն եք քննարկում, որի 9-րդ կետով շահարկում եք Հայաստանի սուվերեն տարածքները:
Ակնհայտ է, որ արվում են ինչ-որ քայլեր՝ ի վնաս գերիների, որպեսզի իրենք երբևէ այլևս գերությունից չազատվեն: Դա են այսօր անում Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով ու պահվածքով՝ և՛ տեսանելի, և՛ անտեսանելի: Շատ կառույցներ այսօր կարողանում են մինչև միջազգային հարթակներ հասցնել և՛ ռազմաքաղաքական վերնախավի, և՛ մնացյալ մեր հայրենակիցների գերության մասին հարցը: Լինում են կոշտ կամ փափուկ հայտարարություններ, բայց դրանով որևէ հարց չի լուծվելու, ուղղակի այդ մասով կարողանում ենք լսելիություն ապահովել, դրանից ավելին կարող է անել միայն իշխանությունը: Որևէ պետություն այսօր իշխանությանը չի շրջանցելու և այլ կառույցների հետ նման հարցեր քննարկի»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:
Կարդացեք նաև
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում