Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Ռուսաստանն իր նոյեմբերի 9-ի փաստաթղթով կարող է գնալ շատ հեռու և ընդմիշտ». «168 ժամ»

Սեպտեմբեր 12,2024 09:00

Անդրադառնալով ՌԴ կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վկայակոչմանը, Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ասաց. «Ռուսաստանն իր նոյեմբերի 9-ի փաստաթղթով կարող է գնալ շատ հեռու և ընդմիշտ: Երբ Ռուսաստանն իր խաղաղապահ զորքերով չկարողացավ պաշտպանել Արցախը և մատը մատին չխփեց, երբ դա մտնում էր ՌԴ պատասխանատվության տակ: Ես չեմ հանում ՀՀ իշխանությունների պատասխանատվությունը, որովհետև թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց եկեք հիշենք՝ այդ փաստաթղթի հիման վրա ՌԴ պարտավորությունները՝ անվտանգություն, միջանցք՝ Հայաստան-Արցախ և պաշտպանություն: Էլի կետեր կային, բայց հիմա Արցախի մասին ենք խոսում: Ո՞ւր է Արցախը, ո՞ւր է միջանցքը, ո՞ւր են ռուս խաղաղապահները: ՀՀ իշխանությունների «հանճարեղ» քաղաքականության հետևանքով Ռուսաստանը հիմա Ադրբեջանի հետ է համագործակցում, այսինքն՝ այն դերը, որը ժամանակին կատարում էր Հայաստանը, հիմա շատ մեծ հաջողությամբ իրականացնում է Ադրբեջանը: Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարն իրականացնում է՝ հօգուտ Ադրբեջանի, որովհետև դա բխում է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլ նաև՝ ՌԴ շահերից»:

Նա ընդգծեց՝ «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացումը ձեռնտու է բոլորին՝ բացի Հայաստանից և Իրանից. «Դա պետք  չէ Հայաստանին, որովհետև Հայաստանն իր տարածքում չի վերահսկելու զգալի հատված: Ռուսաստանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև կա համաձայնություն, որ Փաշինյանը մնա իշխանության. ««Զանգեզուրի միջանցք»-ի հարցում էլ չկա անհամաձայնություն այդ երեք ուժերի մեջ: Երբ ինչ-որ մի տեղ բախվում են ֆինանսական և տնտեսական շահեր, կարող են պայմանավորվել: Նույն եվրոպական երկրները ՌԴ-ի հետ մեծ հաճույքով առևտուր են անում՝ շրջանցելով սանկցիաները: Մեր միակ դաշնակիցը մենք ենք: Նույն Իրանը երբեք չի մտնի պատերազմի մեջ՝ պաշտպանելով «Զանգեզուրի միջանցքի» չկայանալը: Իրանն անգամ իր սեփական շահերը չի կարողանում պաշտպանել. Նախագահ սպանեցին, գեներալ սպանեցին, Իրանը մատ թափ տվեց, բայց ռադիկալ քայլերի չգնաց, որովհետև հասկանում է, որ կարող է այդ պատերազմի տակից չկարողանա դուրս գալ: Ձեզ ի՞նչ է թվում, «Զանգեզուրի միջանցք»-ի համար պատերա՞զմ է սկսելու»:

Ըստ նրա՝ Ադրբեջանը վաղ թե ուշ պատերազմ է սկսելու՝ Սյունիքը գրավելու համար. «Եթե աշխարհի համար «Զանգեզուրի միջանցք»-ը տնտեսական իմաստ է կրում, Ադրբեջանի համար դա առաջին քայլն է՝ Սյունիքն օտարելու, կտրելու Հայաստան-Իրան սահմանը: Հայաստանը պետք է այնքան պատրաստված լինի այդ պատերազմին, որ այն շուռ տա Ադրբեջանի դեմ և վերականգնի այն սահմանները, որոնք եղել են 2018թ.: Թղթով խաղաղությունը մի բան է, կերտված և ապահով խաղաղությունը՝ բոլորովին այլ: Եթե քո երկիր թշնամի է մտնում և տարածք է զավթում, դու կարող ես այն զիջել, ինչպես զիջեցիր Արցախը, Տավուշը, հիմա զիջելու ես Գեղարքունիքը, Արարատի մարզը և Սյունիքը, դու պետք է պայքարես և պաշտպանես այն, ինչ ունես, և վերականգնես այն, ինչ կորցրել ես վերջին 6 տարիների ընթացքում: Ճշմարտությունը սա է, իսկ պոպուլյար է այն, ինչ Փաշինյանն է լցնում իր ընտրազանգվածի ականջներին: Ճշմարտությունը միշտ լինում է տհաճ, և ավելի լավ է՝ այդ տհաճ ճշմարտությունն իմանաս՝ պատրաստվես և կարողանաս կանխել այդ տհաճ ապագան, կամ ընդունես այն, ինչ քեզ մատուցել են այս քայլող թյուրիմացությունները»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30