Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» խմբերգի համաշխարհային պրեմիերան՝ Երեւանում

Սեպտեմբեր 12,2024 12:30

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 14-ին պատմական իրադարձություն է սպասվում. կկայանա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն Արդար» երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգին ելույթ է ունենալու «Նիժնի Նովգորոդ» կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Իվան Ստոլնիկով:

Մենք բացառիկ հնարավորություն ունեցանք մի քանի հարց ուղղել կոմպոզիտորին ու դիրիժորին:

– Պարոն Եկիմով, ի՞նչը դրդեց ձեզ անդրադառնալ հայ միջնադարյան մշակույթի հսկաներից մեկի՝ Նարեկացու «Մատյան ողբերգությանը», այն էլ դրա օրիգինալ՝ գրաբար տեքստին:

– Մեծագույն հայ փիլիսոփա Գրիգոր Նարեկացու արվեստին առաջին անգամ ծանոթացա ոչ պակաս հանճարեղ ստեղծագործության՝ Ալֆրեդ Շնիտկեի Երգչախմբային կոնցերտի միջոցով (Շնիտկե՝ Կոնցերտ խառը երգչախմբի համար՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի հիման վրա (1984-1985), ռուսերեն թարգմանությունը՝ Նաում Գրեբնեւի): Այդ ժամանակ ես դեռ ուսանող էի եւ ինձ մոտ միտք հղացավ ստեղծագործել պոետի խոսքերի հիման վրա: Բայց միայն տարիներ անց հանձն առա իմ Երգչախմբային կոնցերտի ստեղծմանը: Դա 2019-2020 թվականներն էին, ինձ համար խթան հանդիսացավ Սարինա Ավթանդիլյանի հետ ընկերությունն ու համագործակցությունը, ով ինձ նվիրեց Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքը: Իմանալով, որ այս տարի լեգենդար «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչելու են իմ ստեղծագործությունները, հատուկ այդ համերգի համար, Սարինա Ավթանդիլյանի առաջարկությամբ, խորամուխ եղա Նարեկացու գրաբար տեքստի մեջ, ուսումնասիրեցի նրա երաժշտությունը եւ փորձեցի մշակել իմ ստեղծագործությունը՝ ներկայացնելով այն հայ միջնադարյան հոգեւոր երգեցողության ոճում:

«Նիժնի Նովգորոդ» կամերային երգչախումբ

– Մաեստրո Ստոլնիկով, համերգի ընթացքում երգչախումբը, բացի Նարեկացու աղոթագրքի հիման վրա գրված կոնցերտներից, կատարելու է նաեւ Կոմիտասի մի շարք խմբերգեր, ինչպես նաեւ՝ ժամանակակից հայ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի «Որտեղի՞ց այսքան քնքշանք» ստեղծագործությունը (համաշխարհային պրեմիերա): Ինչպե՞ս են անցնում փորձերը, արդյո՞ք երգչախումբն առաջին անգամ է կատարում հայերենով սեղծագործություններ եւ հավանաբար, գոնե լեզվական առումով, առնչվում եք դժվարությունների հետ:

– Ես ամբողջովին տարվել եմ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Ինձ շատ հոգեհարազատ է Արթուր Ավանեսովի Երգչախմբային նրբաճաշակ մանրերգը: Կատարման մեջ մեզ անսահման ոգեշնչում է նրա ստեղծագործության խորը բովանդակությունը, երաժշտական ֆրազների նրբագեղ գունապնակը: Իսկ Կոմիտասի երգչախմբային պարտիտուրների ինքնատիպ ազգային ոճը, անկասկած, մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում: Այն հայկական մոնոդիկ երաժշտության լադա-ինտոնացիոն առանձնահատկությունների եւ եվրոպական բազմաձայնության հիասքանչ համադրություն է: Հայերեն տեքստը եւ նրան հատուկ ձայնաբարձրության փոփոխությունները մանրակրկիտ աշխատանք են պահանջում: Մենք առաջին անգամ ենք երգելու ինչպես ժամանակակից հայերենով, այնպես էլ՝ գրաբարով: Գրիգոր Նարեկացու գլուխգործոցի պոետիկ լայնաշունչ տողերը հառնում են կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի խորը, զգացմունքային երաժշտական կտավում…: Անհամբեր սպասում եմ հայ ունկնդրի հետ հանդիպմանը:

Հավելենք, որ համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագրում կհնչի նաեւ Սերգեյ Եկիմովի «Այն խոսքը, որով կդատապարտես ինձ» երգչախմբային կոնցերտը՝ ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի՝ Նաում  Գրեբնեւի ռուսերեն թարգմանությամբ (Հայաստանյան պրեմիերա), ինչպես նաեւ հեղինակի «Երգչախմբային երեք մանրանվագներ»՝ ըստ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների եւ «Երգչախմբային կոնցերտ»՝ ըստ Աննա Ախմատովայի բանաստեղծությունների:

Նիժնի Նովգորոդի մշակույթի եւ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Գլինկայի անվան կոնսերվատորիայի երգչախմբային դիրիժորության ամբիոնի վարիչ Իվան Ստոլնիկովը սեպտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացնի երգչախմբային արվեստի վարպետության դաս, մուտքն ազատ է։

ԱՍՏՂԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30