Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական գամբիտն ու «կարմիր գծերը»

Սեպտեմբեր 12,2024 12:00

Ռուսական կողմը, փաստացի, արդեն ներկայացվում է որպես` իրանական շահերին դեմ հանդես եկող պետություն

Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջեւանի հետ Ադրբեջանի կապի համար` առանց ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը նսեմացնելու եւ կասկածի տակ դնելու:

«Հայաստանի ինքնիշխանության իրավազորության տարածքային ամբողջականության հետ կապված որեւէ հարց որեւէ ձեւով չի կարող կասկածի տակ դրվել», – ասաց նա, պնդելով` Երեւանը բացառում է Հայաստանի տարածքով ճանապարհի տրամադրումը՝ սեփական ինքնիշխանության հաշվին, միաժամանակ կրկնեց՝ պատրաստ է այսօր էլ Ադրբեջանի համար ավտոճանապարհ բացել, պայմանով, որ կհարգվեն Հայաստանի օրենսդրությունն ու կարգավորումները։

Ի դեպ, Փաշինյանը չբացառեց, որ ճանապարհների անվտանգությունը կարող են նաեւ մասնավոր պահնորդական ընկերություններ իրականացնել՝ առանց հստակեցնելու, միջազգային, թե տեղական։ «Մենք կարող ենք լրացուցիչ մեխանիզմներ նույնպես ունենալ, եւ մեր երկրում Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կանոնադրական խնդիրներից է նաեւ այդ հարցի լուծումը, բայց մյուս կողմից՝ այսօր մանավանդ մեր օրենսդրության բարեփոխումների տրամաբանության մեջ նաեւ անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթներ կարող են իրականացվել նաեւ այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպությունները», – նշեց նա: Նաեւ հավելեց. «Հիմա շատ բանկերում եւ կազմակերպություններում, որ նախկինում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն էր իրականացնում, մենք կամաց-կամաց այդ ֆունկցիան պետականից արտապատվիրակում ենք, ասում ենք՝ մասնավոր ընկերությունները կարող են այդտեղ ներգրավվել։ Մենք այս գաղափարները թափանցիկ կերպով կիսել ենք։ Իմ կարծիքով՝ ընկալումը դրական է եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ Ռուսաստանում»։

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն էլ իր հերթին հավելեց, որ Նախիջեւան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերության փոխանցելու առաջարկի շուրջ պայմանավորվածության դեպքում Ադրբեջանում եւս նման ընկերություն պետք է լինի։ Նրա խոսքով՝ վերահսկողությունը մասնավոր ընկերությանը պատվիրակելու պարագայում Հայաստանի մաքսավորներն ու սահմանապահները շարունակելու են կանգնել ճանապարհին։

Իրանը բավական կտրուկ արձագանքեց վերջին օրերի, շաբաթների հայտարարություններին, մտահոգություն հայտնելով, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները:

Տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը Թեհրանի համար առաջնահերթություն են: Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների եւ աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության, սա անցյալ շաբաթվա սկզբին Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականի եւ Եվրասիական հարցերով գլխավոր տնօրենի գնահատականներն էին, որոնք հնչել էին Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը: Իրանական կողմն ընդգծել էր տարածաշրջանի բոլոր երկրների շահերին եւ օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Արտաքին քաղաքականության խմբի խոսնակ Մոսթաֆա Դեմիրչիլուի խոսքով` երկու դիվանագետները, մտքեր փոխանակելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, նշել են հարգանքը ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրների փոխադարձ շահերի նկատմամբ, որոնք, ըստ նրանց, կայուն խաղաղության եւ տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են։

Հայտնի է, որ Դեմիրչիլուն եւ Դեդովը քննարկել են նաեւ 3+3 խորհրդատվական ձեւաչափի առաջիկա հանդիպումը, որը ներառում է Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, ինչպես նաեւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Ձեւաչափը դիտարկում է տարածաշրջանում անվտանգության, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը։

Իրանական մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Ռուսաստանի դեսպանին կանչել է հանդիպման այն բանից հետո, երբ Մոսկվան վերջերս աջակցեց Հայաստանի տարածքով Բաքուն Նախիջեւանը կապող միջանցքին: Առիթը` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններն էին, երբ նա անդրադառնալով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը, դժգոհել էր, թե Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել՝ վկայակոչելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Այսինքն, տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունն անընդունելի է Թեհրանի համար, տարածաշրջանի երկրների բոլոր օրինական մտահոգություններն ու շահերը պետք է հաշվի առնվեն, եւ ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրների փոխադարձ շահերի հարգումն է Կովկասում կայուն խաղաղության երաշխավորը, այս ուղերձները հղեց Թեհրանը Մոսկվային` ի պատասխան նրա «միջանցքային» ակնկալիքներին:

Իրանական կողմից Մոսկվային հղված ուղերձների ինտենսիվությունը փաստում է այն մասին, որ Թեհրանում համարում են, որ Ռուսաստանի իշխանություններն արդեն իսկ որոշակի «կարմիր գծեր» խախտել են:

Հյուսիսից, հարավից, արեւելքից կամ արեւմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարեւանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է եւ «կարմիր գիծ» է Իրանի համար, X-ի իր միկրոբլոգում հստակ գրեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը սոսկ նախապատվություն չեն, դրանք մեր ազգային անվտանգության հիմքն են։ Հյուսիսից, հարավից, արեւելքից կամ արեւմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարեւանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է եւ «կարմիր գիծ» է Իրանի համար»,- նշել էր Աբբաս Արաղչին։

Իսկ իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը, որը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, ավելի ծավալուն անդրադարձ կատարեց իրանական կողմի մտահոգություններին:

Իրանում մեծ զգուշավորություն են ցուցաբերում այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» բացասական աշխարհաքաղաքական հետեւանքների հարցում եւ Ռուսաստանին հորդորում են հրաժարվել այս խնդրահարույց գաղափարին աջակցելուց, civilnet-ի փոխանցմամբ գրել էր Tasnim գործակալությունը։ «Օգոստոսի 19-ին Բաքու կատարած այցի ժամանակ Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի կողմ են դրել Զանգեզուրի միջանցքի շուրջ տարաձայնությունները՝ երկու պետությունների միջեւ կայուն խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ֆոնին»,- մատնանշել էր գործակալությունը ու մեջբերել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. «Հայաստանի ղեկավարությունն է, որ խոչընդոտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը: Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը»:

«Մոսկվան, Բաքուն եւ Անկարան 2020թ. վերջից ի վեր պնդել էին «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման անհրաժեշտությունը: Ըստ Eurasianet-ի՝ երթուղին կկապի Ադրբեջանը եւ Թուրքիան, իսկ Ռուսաստանը հանդես կգա որպես անվտանգության երաշխավոր: Մինչդեռ իրանցի պաշտոնյաները բազմիցս արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը տարածաշրջանի միջազգային սահմանների կամ աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխությանը: Օգոստոսի 23-ին իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերահաստատել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը Թեհրանի աջակցությունը եւ ընդգծել է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության դեմ Իրանի դիրքորոշումը»,- նշել էր կայքը:

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Իրանի դեսպանը Մոսկվայում վերջերս բողոքել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումների դեմ, այնուհետեւ հավելել էր. «Իրանում փորձագետները խորհուրդ են տալիս Ռուսաստանին հաշվի առնել, որ Թեհրանը դեմ է Հայաստանի տարածքով Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջեւանի հետ կապող որեւէ միջանցքի ստեղծմանը՝ ասելով, որ ռուսները չպետք է զարմանան՝ լսելով այս հարցի վերաբերյալ Իրանի օրինական, հստակ եւ անփոփոխ տեսակետների մասին։

Իրանը պնդում է, որ չկա որեւէ կանոն, որով Հարավային Կովկասի տարածաշրջանում մեկ երկրի անվտանգությանն ու աշխարհաքաղաքական դիրքին մյուսների նկատմամբ առաջնահերթություն տրվի: Հետեւաբար, Մոսկվան երբեք չպետք է ակնկալի, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը կօգտագործի Հայաստանի հետ վեճերը կարգավորելու համար: Ռուսաստանին նաեւ խորհուրդ է տրվել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ ռազմավարական հարաբերությունները, քանի որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը նոր բախման կետ կստեղծի հյուսիսարեւմտյան Իրանի շատ փխրուն սահմանների մոտ»,- նշվել էր հոդվածում։

Ուշագրավ է փաստը, որ տարաբնույթ վերլուծական հրապարակումներով Իրանից ռուսական կողմին են հիշեցնում «միջանցքի» հարցում Իրանի «կարմիր գծերը», եւ եթե նախկինում առաջ էին տանում այն թեզը, թե «միջանցքն» Իրանի ու Ռուսաստանի շահերի դեմ է, ապա այժմ ռուսական կողմը, փաստացի, ներկայացվում է որպես իրանական շահերին դեմ հանդես եկող պետություն:

Արձանագրենք, որ Թեհրանի վերջին օրերին ակտիվությունը մեծ աջակցություն կարող է հանդիսանալ Հայաստանի իշխանությունների համար: Վայելելով Արեւմուտքի աջակցությունը, տեսնելով նաեւ` Իրանի ներկայիս հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում` պաշտոնական Երեւանը պարտավոր է ամրապնդել հայկական պետության շահը եւ կարող է ճշգրիտ աշխատանքի դեպքում արդյունքների հասնել մեր երկրի անվտանգային խնդիրների լուծման պարագայում` լրացուցիչ աջակցություն ստանալով Արեւմուտքից:

Մնում է հասկանալ` Հայաստանի իշխանությունն ունի՞ նման նպատակ:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30