Եվ Աստված ասաց Կայենին. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ։ Արդ անիծյալ լինես երկրի վրա, որ բացեց իր բերանը եղբորդ՝ քո ձեռքով թափած արյունն ընդունելու համար»:
Աստվածաշունչ,
Ծննդոց գիրք, 4։ 10-11
2023թ. հոկտեմբերի 16-ին լրատվամիջոցներն անդրադարձել էին 50-ամյա որդուս սպանությանը։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին արդեն Քննչական կոմիտեն հանդես եկավ համառոտ հաղորդագրությամբ. «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նույն բնակավայրի 22-ամյա բնակիչը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, 2023թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի փողոցներից մեկում ոչ սթափ վիճակում վարել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, որն անսարքության պատճառով կանգ է առել նշված փողոցի տներից մեկի դիմաց…փողոցով ավտոմեքենայով երթեւեկող 50-ամյա համագյուղացին դժգոհել է, որ վերոնշյալ ավտոմեքենան խոչընդոտում է ճանապարհի երթեւեկությունը, այնուհետեւ վերջիններիս միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում 22-ամյա երիտասարդն ավտոմեքենայից վերցրած սուր ծակող-կտրող առարկայով դիտավորությամբ երեք անգամ հարվածել է 50-ամյա տղամարդու կրծքավանդակի եւ որովայնի հատվածներին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 344-րդ հոդվածի 2-րդ մասով (առնվազն 15 տարի ազատազրկում)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար»։
Կարդացեք նաև
Այս կարճ հաղորդագրությունները, որ գուցե շատերը կարդացին, բնականաբար, չէր կարող փոխանցել այն ողբերգությունը, որի միջով անցանք ոչ թե միակ որդուս սպանության, այլ արդեն մեր ծոռնիկների ծննդյան լուրին սպասող ծնողներս, հարազատներս ու բազմաթիվ ընկերները։
Եվ հիմա, ուշադրություն, Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր (Վանաձոր նստավայր) Լուսինե Սեփխանյանը դիտավորությամբ հասցված 3 հարվածների միջից, ուղիղ 10 ամսվա ընթացքում չգիտես էլ որտեղից է պեղել ու գտել «անհրաժեշտ ինքնապաշտպանություն» հնչեղ ձեւակերպումը, արդյունքում մարդասպանին սոսկ 3 տարվա ազատազրկում «նվիրելով»։
Որդիս՝ Արտակը, այդ անիծյալ օրն ընկերների հետ հանդիպումից հետո նրանցից մեկին, որը հետո պարզվեց՝ կատարյալ հուդա էր, մեքենայով տուն է հասցրել։ Չլուսավորված գյուղական փողոցում ճանապարհը փակել է անսարք մի մեքենա, որի ղեկին վարորդական իրավունք չունեցող՝ հարբած, ասում են՝ նաեւ թմրանյութ գործածած մի արարած է եղել։ Որդիս ընդամենը պահանջել է ազատել ճանապարհը, որովհետեւ անսարք մեքենան ոչ միայն իր, այլեւ ուրիշների համար էր խնդիր դառնալու։ Եթե անգամ կոպիտ է խոսել, եթե նույնիսկ ինքն էլ իր հերթին է հայհոյանքներ հնչեցրել, եթե անգամ «հարձակվել է» մարդասպանի վրա, կարող էր չէ՞, այդ պահին կամ լռել եւ կողքին նստած ընկերոջ օգնությամբ մեքենան մի կողմ հրել՝ հետո արդեն սթափ վիճակում «հաշիվ պահանջելով», կամ գոնե ոտքին խփել ու փախչել, եթե իսկապես Արտակն այլ ելք չէր թողել։ Բայց ոչ, ստահակը, որ մեզանում ոչ պատիվ ունի, ոչ հարգանք, դանակով անակնկալ կերպով հարձակվում է տղայիս վրա, որն անմիջապես դա խլում է ձեռքից ու մի կողմ շպրտում։
Պատմությունը կարող էր գոնե այսպես ավարտվել, բայց երբ մարդասպանի ընկերը՝ Հրահատը, դեպքի մանրամասները փոխանցում է Դավիթի հորը, հիմա էլ սրա կրկին հարբած հայրն է դուրս թռչում տնից՝ «մորթելո՛ւ եմ, մորթելո՛ւ եմ» գոռալով։ Եվ այս վայ-հայրը, այս անգամ էլ ինքն է վեճի բռնվում Արտակի հետ, վերջինիս «զբաղեցնելով», որպեսզի վարժեցված տականքն այդ ընթացքում իրենց մեքենայից հասցնի սուր կտրող-ծակող գործիք հանել եւ հոր խոստումն ուշիմ աշակերտի պես իրողություն դարձնել։ Բնականաբար, թիկունքից, բնականաբար՝ գողի պես աննկատ, բնականաբար, հորից նախապես սերտած «անատոմիական դասերի» համաձայն (ասում են՝ որդուն հաճախ էր սովորեցնում, թե կռվի ժամանակ մարդու մարմնի որ հատվածներին է անհրաժեշտ խփել եւ ինչպես, որպեսզի մահն անմիջապես վրա հասնի)։ Թվում է՝ շատ երկար մի ժամանակահատվածի մասին եմ, չէ՞, պատմում, բայց իրականում ամեն բան տեղի է ունեցել 15-20 րոպեների ընթացքում, իսկ միակ որդուս մահը հաշված վայրկյանների ընթացքում է վրա հասել։
Ցինիկ սրիկան՝ մարդասպանի հայրը, դատական նիստերի ժամանակ անընդհատ կրկնում էր. «Դե, Արտակը շատ ուժեղ էր»։ Այսինքն, ելք չեն ունեցել, կարող էր «ուտել» իրենց։ Չէր խորշում անգամ որդուս հեղինակությունն իր դեմ օգտագործել՝ հայտարարելով, թե ոչ մեկն էլ նրա դեմ որեւէ վկայություն չի տա, որովհետեւ, իբր, Արտակից ու մեր ընտանիքից «վախենում են»։ Վայրկյան անգամ չէր վարանում այնքան բազմապիսի ստեր հորինել, որոնց հակադարձելիս տիկին «արդարադատն» ինձ մշտապես սանկցիաներով էր սպառնում։ Երեւի միահամուռ ուժերով ուզում էին մի բան էլ Արտակի նկատմամբ հետմահու պատիժ սահմանել, ինչում, փաստորեն, հաջողեցին։ Ավելին ասեմ, իբր պետության կողմից նշանակված դատապաշտպանը նիստերի ընթացքում շարունակ պահանջում էր մարդասպանին «համայնքի հսկողությանը հանձնել»՝ դատարանի դահլիճից ազատ արձակելով։
Առատորեն վարձատրվել են տիկին դատավորուհու հետ միասին, թե ոչ՝ իրենց խղճին ու Աստծուն թողնենք։ Իսկ մենք, որ անակնկալ ցավից երկտակվել էինք, չգիտեմ էլ՝ ինչու վստահեցինք այս դատական համակարգին (արդարացի լինելու համար պիտի նշել, որ պետական մեղադրողի դիրքից հանդես եկած դատախազը մշտապես իրավացիորեն էր հակադարձում հնչող անհեթեթություններին) եւ ինչու գոնե աղմուկ չբարձացրինք՝ լուռ սգալով եւ մարդասպանի ու նրա ընտանիքի հետ նույն տարածության մեջ լինելու նողկանքը մի կերպ հաղթահարելով։ Մեր մտքով անգամ չէր անցնի, որ այս համակարգում պիտի «սատանայի փաստաբանին» եւ 2018-ի հեղափոխությունից հետո միայն դատավորի օգնականից միանգամից դատախազ, այնուհետ դատավոր կարգված տիկին «արդարադատին» հակադրվող փաստաբան ունենալ՝ արդեն այսօր Վերաքննիչ դատարանի դռները չծեծելու համար։ Մանավանդ որ, դատախազն անընդհատ կրկնում էր, թե սա «այնքան ակնհայտ ու պարզ գործ է, որ մարդասպանը նվազագույնը 12 տարվա պատժի պիտի արժանանա»։ Ավելին, տիկին «արդարադատի» կայացրած վճռից հետո նա սեւակնած հայտարարեց, թե ինքն էլ իր հերթին պիտի բողոքարկի դատավորի վճիռը։ Բողոքարկեց, թե ոչ՝ դա էլ իր խղճին թողնենք։
Այսպիսով, գրեթե 10 ամիս ձգձգված դատական գործընթացն (իսկ ձգձգվում էր հաճախ կամայականորեն, մեզ համար անհայտ պատճառներով եւ բացարձակ հաշվի չէր առնվում, որ վշտի մեջ գտնվող մարդիկ նաեւ նյութական կորուստներ են ունենում ամեն անգամ Ալավերդուց Վանաձոր հասնելու համար…սրանց ցինիզմը հասնում էր նրան, որ նախապես իմանալով դատի չկայացման մասին՝ միայն տեղ հասնելուց հետո էին կմկմում, որ դատարանի շենքի վերանորոգման պատճառով նիստը դարձյալ հետաձգվում է) ավարտվեց կրկնակի ողբերգությամբ։
Դատավորը (լուսանկարում) հազիվ լսելի ձայնով իր վճիռը կարդաց ու անմիջապես դուրս թռավ դահլիճից։ Հավաքվածներս քարացանք՝ չհավատալով մեր իսկ ականջով լսածին, իսկ մարդասպանի՝ երկար տարիներ բաժանված ծնողները ջերմորեն գրկախառնվելով համբուրվեցին, հավանաբար միմյանց շնորհավորելով հրաշալի զավակ ունենալու համար։
Տիկին «արդարադատն», այսպիսով, աղ ցանեց մեր վերքին, որ առանց իր վճռի էլ երբեք այլեւս չի սպիանալու։ Եվ ես հիմա շատ մեծ հույս ունեմ, որ գոնե հետագա ատյանում արդարության հասնելուց հետո անգամ, ընդամենը 50 գարուն ապրած որդուս արյան բողոքը հավերժորեն կհնչի ոչ միայն մարդասպանի, այլեւ տիկին դատավորուհու ականջներում, որ մարդասպանին մի հավ գողացողի վճռով «պարգեւատրեց»։ Որովհետեւ դեռ ոչ ոք չի տեսել, որ հատկապես որբի, որբեւայրու եւ որդեկորույս մոր իրավունքը ծռող դատավորն օրհնության արժանանա։
Սեդա ԹՈՄՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2024