ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը հայտարարությամբ են հանդես եկել Միացյալ Նահանգների պատմության ամենից սև էջերից մեկի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հերթական տարելիցի կապակցությամբ։
Հիշեցնենք՝ ահաբեկչության հետևանքով զոհվեց մոտ 3 հազար մարդ:
«Այսօր մեր երկիրը միավորվում է՝ կրկին հիշելու մեր սրբազան ուխտը՝ երբե՛ք չմոռանալ 2977 թանկագին կյանքերից յուրաքանչյուրին, որոնց խլեցին մեզնից, երբ ահաբեկիչները հարձակվեցին մեր երկրի վրա: Երբե՛ք չմոռանալ նրանց ընտանիքներին, ովքեր դեռ կրում են այդ այրվող սեպտեմբերյան առավոտվա վիշտը: Երբե՛ք չմոռանալ հերոս քաղաքացիներին և փրկվածներին, ովքեր շտապեցին օգնել իրենց ամերիկացի համաքաղաքացիներին: Եվ երբե՛ք չմոռանալ, որ չարիքի և թշնամու առջև, որը ձգտում էր մեզ բաժանել, կանգուն մնացինք»,- ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունում:
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ ամերիկացի ժողովուրդն ապացուցեց իր տոկունությունը․ «Քաղաքացիական անձինք և զինվորականները, որոնք նետվեցին հրկիզվող տարածք՝ իրենց գործընկերներին փրկելու համար: Չվերթ 93-ի հերոսները, որոնք խիզախորեն դիմադրեցին ահաբեկչությանը և, անկասկած, փրկեցին ավելի շատ ամերիկացիների կյանքեր: Հարևանները, որոնք օգնեցին [պարզ մարդկանց]՝ հաղթահարել վիշտը և վերականգնել իրենց ուժերը»:
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահը նշել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները սխալվում էին, երբ կարծում էին, թե «կարող են կոտրել մեր կամքը և ստիպել մեզ ծնկի գալ»: Բայդենը խոստացել է շարունակել պայքարն ահաբեկչության դեմ և «շարունակել արդարադատություն իրականացնել ահաբեկիչների նկատմամբ»:
Հիշեցնենք, 23 տարի առաջ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալները գրավեցին չորս ուղևորատար ինքնաթիռներ և դրանք ուղղեցին Նյու Յորքի հայտնի երկնաքերերի՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների ու Պենտագոնի շենքի դեմ: Չորրորդ ինքնաթիռը ընկավ Փենսիլվանիա նահանգում՝ դաշտում, այն բանից հետո, երբ ուղևորները դիմադրություն ցույց տվեցին ահաբեկիչներին:
Պենտագոնում զոհվեցին 184 մարդ, Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնում՝ 2606 մարդ, ևս 44-ը՝ Փենսիլվանիայում ինքնաթիռի կործանման հետևանքով:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն իր հայտարարության մեջ հիշատակել է «պարզ ամերիկացիների բացառիկ հերոսությունը, որոնք այդ ճակատագրական օրը օգնում էին իրենց հայրենակիցներին»:
Հարիսը հիշեցրել է նաև 2011 թվականին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած գործողության մասին, որի արդյունքում ոչնչացվեց «Ալ-Քաիդայի» հիմնադիր Ուսամա բեն Լադենը։ Խոսեց նաև երկու տարի առաջ նախագահ Ջո Բայդենի հրամանով իրականացված հատուկ գործողության մասին, երբ սպանվեց բեն Լադենի տեղակալ Այման ալ-Զավահիրին:
«2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները փորձեցին հարձակվել և ոչնչացնել մեր կենսակերպը՝ մեր ժողովրդավարությունը, մեր ազատությունները և այն ամենը, ինչը թանկ է մեզ՝ ամերիկացիներիս համար»,- ասել է Հարրիսը՝ ընդգծելով, որ ահաբեկիչները ձախողվեցին:
Ահաբեկչության տարելիցին է անդրադարձել նաև Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ աջակցության խոսքեր հայտնելով զոհվածների ընտանիքներին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: