Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 99-րդ համերգաշրջանի մեկնարկը կտրվի վաղը՝ սեպտեմբերի 12-ին՝ Երեւանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնով (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան եւ Հարոլդ Քլարքսոն):
«Արդեն 16 տարի է համերգաշրջանը բացում ենք Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնով, որի գեղարվեստական աշխատանքներին միացել է միջազգային կարեւոր նշանակություն ունեցող մենեջեր Հարոլդ Քլաքսոնը: Փառատոնին հրավիրված գրեթե բոլոր արտիստները բացառիկ մեծություններ են:
Վաղվա համերգին ելույթ կունենա աշխարհի լավագույն ջութակահարներից Արաբելլա Շտայնբախերը, փառատոնի աստղերից է Պլասիդո Դոմինգոն, որը մենահամերգ կունենա մեզ հետ, սպասվում է համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Ինգո Մեցմախերի համերգը՝ Ֆիլհարմոնիկի հետ»,- 99-րդ համերգաշրջանի բացման առիթով տրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 19-23-ին հյուրախաղեր են նախատեսված Սլովակիայում եւ Ավստրիայում. «Սլովակիայում շատ անվանի նվագախմբերի հետ մասնակցելու ենք «Բրատիսլավայի երաժշտական փառատոնին» , իսկ Ավստրիայի Կլագենֆուրտի Մյուզիքֆեռայնում հանդես ենք գալու Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգով, որտեղ կկատարենք Բրուքների 9-րդ սիմֆոնիան»:
Մաեստրոյի ձեւակերպմամբ, չափազանց պատվաբեր է հայկական նվագախմբի համար, որ ավստրիացիներն իրենց են վստահել իրենց երկրում նման կարևոր իրադարձության բացման համերգը. «Մոցարտն ու Բրուքները Ավստրիայի մեծագույն ազգային արժեքներն են: Մեծ պատասխանատվությամբ ենք պատրաստվում այդ համերգներին: Վստահ եմ՝ վաղն էլ Արաբելլա Շտայնբախերի հետ համերգը բարձր մակարդակով կանցնի, սիրով հրավիրում եմ մեր քաղաքի բոլոր իսկական երաժշտասերներին››,- նշեց Էդուարդ Թոփչյանը:
Հավելենք, որ Արաբելլա Շտայնբախերը կկատարի Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կհնչի նաև Սմետանայի «Վլտավան»՝ «Իմ հայրենիք» սիմֆոնիկ պոեմից, նաև Ռախմանինովի Թիվ 2 սիմֆոնիան:
Հարոլդ Քլաքսոնն ընդգծեց, որ մեծագույն հաճույքով է համագործակցում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ : Նրա ձեւակերպմամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շատ բարձր մակարդակի վրա է, իսկ Հայաստանն ունի դասական երաժշտության հրաշալի ավանդույթներ:
«Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում ուշադրության կենտրոնում են չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Չեխիան Հայաստանի նման փոքր երկիր է: Այն, ինչպես եւ Հայաստանը, օրինակ է, թե ինչպես փոքր երկիրը կարող է իր մշակույթով կարեւոր տեղ զբաղեցնել համաշխարհային մշակութային քարտեզի վրա»,- նշեց Քլարքսոնը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ֆիլհարմոնիկի ֆեյսբուքյան էջից