Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չէր խոսվում Երվանդ Քոչարի որդու՝ Դավիթի մասին. Նկարիչների միությունում 30 տարի անց բացվել է նրա բացառիկ ցուցահանդեսը

Սեպտեմբեր 11,2024 20:45

«Այսօր ներկայացնում ենք շատ խորը արվեստագետի, որն ապրեց շատ կարճ, բայց թողեց մեծ ժառանգություն եւ այսօր մենք հնարավորություն ունենք տեսնելու այդ ժառանգության մի մասը»,- ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը՝ ներկայացնելով տաղանդաշատ նկարիչ եւ քանդակագործ Դավիթ Քոչարին: Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյան ցուցասրահում բացվել է նրա «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը:

«Այն խորագիրը, որ կրում է այս ցուցահանդեսը, շատ ակտուասլ է, որովհետեւ երկար տարիներ մենք չենք լսել Դավիթ Քոչարի անունը, չենք տեսել իր ստեղծագործությունները, եւ այս ցուցահանդեսով վերածնունդ է ապրում արվեստագետը: Հույս ունեմ, որ այսուհետ իր ժառանգները կկարողանան ամեն միջոց ձեռնարկել, որպեսզի Դավիթ Քոչարին մենք շատ հաճախ տեսնենք տարբեր ցուցահանդեսներում»,-ասաց Նկարիչների միության նախագահը:

Aravot.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ արվեստասեր հասարակությանը ներկայացվում են եզակի. «Ես շատ ուրախ եմ, որ երկար տարիների լռությունից հետո ընտանիքը որոշեց կազմակերպել ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսով սկսվում է Դավիթ Քոչարի արվեստի վերածնունդը»:

Դավիթ Քոչարի դուստրը՝ Աննա Քոչարը նշեց, որ բացառիկ ցուցահանդես է՝ նվիրված հոր ծննդյան 85-ամյակին: «Նա եղել է քանդակագործ, նկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, բազմաթիվ մրցանակներ է ստացել, դրանցից մեկը՝ Մոնրեալում 24 տարեկանում ստացած գրան պրին է՝ «Առյուծը՝ առյուծի ձագերի հետ» քանդակագործական կոմպոզիցիայի համար, որ մասին գրեցին ժամանակի թերթերը… Դավիթ Քոչարը 30 տարուց ավելի մնացել է «թաքնված» , եւ այս բացառիկ ցուցահանդեսը բացահայտելու է ձեզ համար նորը, ձեզ է վերադարձնելու Քոչարին»,-նշեց Դավիթ Քոչարի դուստրը՝ Աննան:

Կինոռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարն ասաց, որ իր համար անչափ հուզիչ օր է, որովհետեւ ի վերջո ներկայացվում են եղբոր՝ Դավիթ Քոչարի ստեղծագործությունները: «Երվանդ Քոչարն ունեցել է երեք որդի, երեքն էլ շատ տաղանդավոր, կներեք, որ իմ մասին էլ եմ խոսում: Բոլորն էլ բազմակողմանի զարգացած, արվեստի մեջ խորացած մարդիկ են: Դավիթը եղբայրներից ավագն է:

Նա ամբողջ ժամանակ եղել է մեր կողքին, չնայած մենք տարբեր մայրերից ենք ծնվել: Հայկազ Քոչարը նույնպես շատ շնորհալի ճարտարապետ էր: Ափսոսում եմ, որ շատերը նրան ճանաչում են որպես Երվանդ Քոչարի որդի, մինչդեռ դա մասնագիտություն չէ, իր ճակատագիրն է: Նա հետաքրքիր ճարտարապետ է եւ ողջ Հայաստանում ունի շատ հետաքրքիր գործեր: Ռուբեն Քոչարի մասին շատ բան չեմ կարող ասել, որովհետեւ իմ մասին շատ քիչ բան գիտեմ»,-ասաց նա:

Դավիթ Քոչարի կինը՝ տիկին Մարինեն նրա մուսան է եղել, ոգեշնչել ու թեւ տվել: «Դավիթը ոչ միայն մեզ էր երջանիկ դարձնում, այլեւ մարդկանց, հասարակությանը, ում հետ շփվում էր: Նա արտասովոր ու լուսավոր մարդ էր: Ցավոք, շատ կարճ կյանք ունեցավ, բայց փոխարենը վառ հետք թողեց»,-ասաց Դավիթ Քոչարի կինը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30