Aravot.am-ին հասած տեղեկություններով, այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Նրան ձերբակալել է Հակակոռպուցիոն կոմիտեն, թե ինչ կասկածանքով, կոնկրետ ինչ քրեական վարույթի շրջանակներում, այս մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։
Մարզպետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, նրան ձերբակալել են աշխատանքի գալուց րոպեներ անց՝ իր իսկ կաբինետում։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ այդ նույն ձեռագրով ձերբակալվել էին նաև Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը և նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ․ ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, այնուհետ կալանավորվել։ Այժմ որպես խափանման միջոց ընտրված է տնային կալանքը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ