Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

COP29-ը հյուրընկալող Ադրբեջանի «կլիմայական վարքագիծը»․ մաս 1

Սեպտեմբեր 11,2024 21:01

Ի՞նչ է COP29-ը

COP-ը համաշխարհային կլիմայական մարտահրավերներին նվիրված միջազգային համաժողով է, որն ամեն տարի անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից: COP-ը «Կողմերի համաժողով» (Conference of Parties) բառակապակցության հապավումն է, ըստ որի՝ այն երկրները, որոնք միացել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին Շրջանակային կոնվենցիային (UNFCCC), իրավական առումով միջազգային պայմանագրի «կողմ» են: Պայմանագրի կողմերը պարտավորվել են կամավոր գործողություններ ձեռնարկել՝ «կլիմայական համակարգին մարդածին վտանգավոր միջամտությունը» կանխելու համար։

Ամենամյա համաժողովների ընթացքում պարտավորություն կրող երկրների կառավարությունների ներկայացուցիչները զեկուցում են առաջընթացի մասին, միջանկյալ նպատակներ են սահմանում, համաշխարհային օգուտներ բերող գիտական և տեխնոլոգիական առաջընթացը տարածելու մասին համաձայնագրեր են կնքում և քաղաքական բանակցություններ վարում: 2023 թվականին COP28 հանդիպումը տեղի ունեցավ Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ)՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄԷ-ն նավթային պետություն է։ Նավթային երկրները սովորաբար հակված են պահպանել սեփական նավթի և գազի արդյունահանումը, ինչը նպաստում է ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետման աճին։ Միաժամանակ նշվածը հակասում է «նավթից և գազից առավել կլիմայահաճո վառելիքի անցման» գաղափարին։ Օրինակ՝ վերականգնվող էներգիայի արտադրության խթանումը գլոբալ առումով նպաստում է ՋԳ-ի արտանետումների նվազեցմանը:

Այնուամենայնիվ՝ ՄԱԿ-ի COP29-ի գագաթնաժողովը, որը 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը կհյուրընկալի Ադրբեջանը Բաքվում, քննադատվում է այն պատճառով, որ անցկացվելու է նավթային մեկ այլ երկրում, որը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բացասական վարկանիշ ունի: Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումն ընդունվել է 2023 թվականի դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։

Այս համաժողովը կշարունակի կլիմայի փոփոխությանն ուղղված գլոբալ ջանքերը՝ հիմնվելով COP-ի նախորդ հանդիպումների արդյունքների վրա:

COP29-ում քննարկման գլխավոր ուղղություններն են՝

Փարիզյան համաձայնագրի իրականացումը՝ երաշխավորել, որ երկրները կատարում են ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու իրենց պարտավորությունները:

Կլիմայական ծրագրերի ֆինանսավորումը՝ ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացում՝ զարգացող երկրներում կլիմայական ծրագրերի իրականացման գործողություններին աջակցելու համար:

Հարմարվողականությունը և դիմակայումը՝ ընդլայնել կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվելու և խոցելի համայնքներում կլիմայական բացասական երևույթների դիմակայությանն ուղղված ջանքերի գործադրումը:

Կորուստները և վնասները՝ դիտարկել արդեն իսկ տեղի ունեցող կլիմայի փոփոխության ազդեցությունները և աջակցություն ցուցաբերել տուժած տարածաշրջաններին:

Համաժողովը կանցկացնի նաև Կողմերի համաժողովի նիստեր, որոնք նվիրված կլինեն Կիոտոյի արձանագրությանը (CMP 19) և Փարիզի համաձայնագրին (CMA 6):

Ադրբեջանի «կլիմայական վարքագիծը» և ՋԳ-ի արտանետումները

Ադրբեջանը հաստատել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիան (UNFCCC) 1995 թվականին և Կիոտոյի արձանագրությունը՝ 2000 թվականին։ 2016 թվականին Ադրբեջանը ստորագրել է Փարիզի համաձայնագիրը և վավերացրել այն 2017 թվականին։ Իր «Ազգայնորեն սահմանված գործողություններում» (NDC) (կլիմայական գործողությունների ծրագիր, որը յուրաքանչյուր երկիր ներկայացնում է որպես Փարիզի համաձայնագրի պահանջ) Ադրբեջանը նշել է, որ նպատակադրվել է մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 35%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատությամբ: Չնայած ստորագրված և վավերացված միջազգային արձանագրություններին, համաձայնագրերին և ԿՓ կոնվենցիային՝ Ադրբեջանը չի ցանկանում հետևել ստանձնած պարտավորություններին։ Գործողություններն ու միջոցառումները հիմնականում ծառայում են միջազգային գործընկերներին ուղղված ինչ-որ ցուցադրության։

Մթնոլորտում ածխաթթու գազի կրճատման մասին Փարիզյան համաձայնագրի (որը ստորագրել է Ադրբեջանը) պահանջով երկրները պետք է հրապարակեն այդ տվյալներն առնվազն երկու տարին մեկ անգամ։ Մինչդեռ, իրականում Ադրբեջանը 2018 թվականից դադարեցրել է ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տվյալներ հրապարակելը։ Այնինչ՝ ՋԳ-ի արտանետումներն անշեղորեն աճում են։ Արտանետումների աճին նպաստում է ոչ միայն «SOCAR» ընկերությունը, այլև՝ «British Petroleum»-ը։ Ադրբեջանի իշխանություններն իրենց լռությունը բացատրել են COVID-ով։

ՋԳ-ի արտանետումների պաշտոնական վերջին տվյալները վերաբերում են 2017 թվականին, երբ դրանք 38%-ով ցածր էին 1990 թվականի. մակարդակից, իսկ էներգետիկ ոլորտը կազմում էր ընդհանուր արտանետումների 75%-ը: Ըստ Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) տվյալների՝ 2017 թվականին Ադրբեջանում վառելիքի այրումից CO2 արտանետումները կազմել են 30,9 մլն․տ (+6,6%՝ 2005 թվականից, -42,1%՝ 1990 թվականից): Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) տվյալներով՝ 2022 թվականին Ադրբեջանի էներգիայի պահանջարկը (չափված որպես էներգիայի ընդհանուր մատակարարում) կազմել է 16,1 միլիոն տոննա նավթին համարժեք (ՄՏՆՀ): 2010 թվականից ի վեր Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է ավելի քան 50%-ով՝ 2022 թվականին կազմելով մինչև 29.0 ՏՎտժ: Այն հիմնականում արտադրվում է բնական գազից (2022 թվականին՝ ավելի քան 90%):

2021 թվականին Ադրբեջանի ընդհանուր վերջնական սպառումը (առանց տրանսֆորմացիոն հատվածի) կազմել է 11,5 միլիոն տոննա նավթին համարժեք (ՄՏՆՀ): Վերջնական ամենամեծ սպառումն ունի տնային տնտեսությունների հատվածը (2021 թվականին՝ 4,1 ՄՏՆՀ): Տրանսպորտը, էներգիայի վերջնական սպառման ծավալով, թվով երկրորդն է (2,6 ՄՏՆՀ՝ 2021 թվականին): Տրանսպորտի ոլորտում օգտագործվող նավթամթերքների մեծ մասն արտադրվում է Ադրբեջանում։ Վերջնական ընդհանուր սպառումը հիմնականում բաղկացած է բնական գազից (43%) և նավթամթերքից (39%), որին հաջորդում է էլեկտրաէներգիան (15%):

Սակայն, 2030 թվականին ԱՍԳ-ի նպատակին հասնելը բարդ կլինի, եթե երկիրը չզսպի տրանսպորտի վառելիքի պահանջարկի աճը (որը զսպված չէ գներով կամ հարկերով) և բնական գազի սպառման աճը (որը սուբսիդավորվում է բոլոր ոլորտներում):

Ադրբեջանում վերջնական սպառողներին մատակարարվող նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ներկայիս գները տարածաշրջանում ամենացածրերից են՝ սահմանված լինելով անգամ մատակարարման ինքնարժեքից ցածր: Ավելին՝ 2018 թվականին Ադրբեջանի էներգակիրների գնի սուբսիդիաները երեք անգամ ավելի են եղել, քան 2010 թվականին, ըստ ԷՄԳ-ի գնահատականների՝ կազմելով 2,6 միլիարդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 5,8%-ը։ Նման խիստ սուբսիդավորվող սակագների պայմաններում տնային տնտեսություններն ու արդյունաբերական սպառողները էներգիան ավելի արդյունավետ օգտագործելու ոչ մի խթան չունեն: Ավելին՝ Ադրբեջանում նավթային վառելիքի գներն ամենացածրերից են ԵԱՏՄ տարածաշրջանում (տե՛ս ստորև գծանկարը), և այս փաստը որևէ խթան կամ ազդակ չի տալիս սպառողներին՝ անցնելու առավել կլիմայահաճո վառելիքի կիրառման տարբերակներին, օրինակ՝ ձեռք բերել էլեկտրական մեքենաներ, հիբրիդային տրանսպորտային միջոցներ, օգտագործել ջրածնային վառելիք, սեղմված բնական գազ (CNG) կամ հեղուկացված նավթային գազ (LPG):

ՋԳ-ի արտանետումների մեկ այլ մեծ աղբյուր է գազի բոցավառումը: Այն գազի այրումն է՝ որսալու փոխարեն, որը տեղի է ունենում նավթի հորատման ժամանակ և հանդիսանում է գլոբալ տաքացմանը մեծապես նպաստող ածխաթթու գազի և մեթանի, ինչպես նաև սև մուրի արտանետումների հիմնական աղբյուրը: Ըստ «Financial Times» պարբերականի՝ 2023 թվականին Ադրբեջանում գազի բոցավառման մակարդակը վերջին տասնամյակում ամենաբարձր ցուցանիշն է։ Հետազոտողների խմբի վերլուծությունը ցույց է տվել, որ մեղավորների թվում են «British Petroleum»-ի և «Ադրբեջանի պետական նավթային ընկերության» (SOCAR) օբյեկտները:

«Գլոբալ Ուիթնես» (Global Witness) ոչ առևտրային կազմակերպության կողմից ձեռնարկված արբանյակային տվյալների վերլուծությունը պարզել է, որ Ադրբեջանում նավթի և գազի կայանքներում այրված գազի ծավալը 2018 թվականից ի վեր աճել է 10,5%-ով, երբ երկիրը հաղորդել էր ջերմոցային գազերի արտանետումների մասին։ Այսպիսի աճը էական է՝ հաշվի առնելով բոցավառումը նվազեցնելու երկրի նախկին ջանքերը: Օրինակ՝ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012 թվականի տարեկան 333 միլիոն խորանարդ մետր մակարդակից 2020 թվականին գազի այրումը նվազեցրել է մինչև տարեկան 135 միլիոն խորանարդ մետր։ Այնուամենայնիվ՝ արբանյակային վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2018 թվականից ի վեր գազի այրման գործակիցն աճել է ավելի քան 70%-ով՝ ավելի քան 1000 առանձին բոցավառման իրադարձություններով:

Ի լրումն Ադրբեջանի կլիմայական այդ բացասական վարքագծի՝ հարկ է նշել նաև ադրբեջանական իշխանությունների քաղաքական մոտեցումները։ Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլին Բեռլինում կլիմայի փոփոխության հարցերով բարձր մակարդակի հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը պաշտպանել է երկրի հանածո վառելիքի ոլորտը՝ պնդելով, որ իր երկրի «նավթն ու գազը տարիներ շարունակ անհրաժեշտ կլինեն» եվրոպական պահանջարկի պատճառով։ Ալիևն ասել է, որ մինչ Ադրբեջանը ձգտում է կառուցել իր կանաչ էներգիայի մատակարարման ենթակառուցվածքները, նա նաև ներդրումներ է կատարում գազի արդյունահանման ենթակառուցվածքի մեջ, քանի որ «Եվրոպան ավելի շատ գազի կարիք ունի»՝ կապված «աշխարհաքաղաքական իրավիճակի» հետ։ Բաքվի ղեկավարը նաև կոչ է արել նավթի և գազի մեծ պաշարներ ունեցող երկրներին լինել կլիմայի փոփոխության խնդրի վերաբերյալ քննարկումների «առաջին շարքում»: Սա լիովին հակասում է կլիմայի փոփոխության վերաբերյալ գլոբալ քաղաքականությանը, Փարիզի համաձայնագրում ամրագրված մոտեցումներին և ամենամյա կլիմայական գագաթնաժողովների տրամաբանությանը։

Նազարյան Գևորգ

 

«ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30