ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Այն սահմանված նշաձողը, որը դուք նշել եք, այսօր բավական ցածր մակարդակի է։ Կառավարման ամբողջ ընթացքում, հատկապես այս օրերին, երբ լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի բռնագաղթեցման մեկ տարին, երկրի կառավարումն իրականացրել եք աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային իրադարձությունների պայմաններում ռազմաքաղաքական ոչ համարժեք գնահատականներով եւ գերակայությունների սխալ որոշմամբ։
Դրա հետեւանքով Արցախն ու Հայաստանը ներքաշվեցին պատերազմի մեջ, պարտադրվեց պարտություն, եւ հիմա էլ Արցախն իր հազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ ամբողջությամբ հայաթափված է, ադրբեջանցիները մեր տարածքում են, որքան էլ դուք ու ձեր կողմնակիցները փորձեք տարբեր բառախաղերով արդարացնել եւ մեղքը բարդել նախկինների, արցախցիների վրա։ Սխալներ ունեցել են բոլորը, սակայն իրականությունն այն է, որ պետության բոլոր լծակներն այսօր ձեր ձեռքերում են, բոլոր ռեսուրսները ձերն են, դուք եք համակողմանի գնահատման արդյունքում ի վիճակի որոշումներ ընդունելու եւ որոշելու առաջնահերթությունները։ Հարց հետեւյալն է՝ ի՞նչ հիմնարար փաստաթղթերով են ամրագրվում ՀՀ առաջնահերթությունները, ի՞նչ գործողություններ են իրականացվում մեր պետության համար կարեւոր ռազմավարական փաստաթղթերը մշակելու եւ իրագործելու ուղղությամբ, հատկապես անվտանգության ոլորտում»։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «Խոսեցիք մեղքն ուրիշների վրա բարդելու մասին։ Իրականում, եթե նույնիսկ այն խոսույթը, որը մեկնաբանվում է կամ կարող է մեկնաբանվել այդպես, այդ խոսույթի նպատակն ամենեւին էլ մեղքը որեւէ մեկի վրա բարդելը չէ։ Դա կարող է լինել հարակից էֆեկտ, բայց դրա առանցքային նպատակն է լուծել շատ կարեւոր մի հարց, այն է՝ հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, ո՞րն է դրա պատճառը»։
Նա նշեց, որ Անվտանգության խորհրդում տեղի են ունենում շատ լուրջ ռազմավարական հարցերի քննարկումներ, ռազմավարական որոշումներ։ «Մենք աշխատում ենք Ազգային անվտանգության ռազմավարության վրա։ Ազգային անվտանգության ռազմավարության բովանդակությունը պետք է ձեւավորվի, նոր ինստիտուտների միջին օղակի աշխատողները այն պետք է դնեն թղթի վրա։ Եվ հիմա դա տեղի է ունենում եւ դա տեղի է ունենում ոչ հրապարակային»,- հավելեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ