«Այդքան քննարկվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Եկեք կարդանք՝ ինչ է գրված, մեջբերում եմ՝ «ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը»։ Սա նշանակում է, որ 9-րդ կետը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու մասին չէ միայն։ Եվ առաջին հերթին սրա մասին չէ, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ դրույթը տարածաշրջանային բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է։ «Հայաստանից Իրան գնացող երկաթուղին Հայաստա՞նն է փակել, չի թողնում աշխատի։ Բա՞ց է, եթե բաց է, ասեք՝ մենք այնտեղ բեռներ ունենք տանելու»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը կարդաց 9-րդ կետի շարունակությունը եւ ասաց․ «ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»։ Ուշադիր լսեցի՞ք՝ ինչ է գրված․ անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ որեւէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան՝ որտեղ է դա գրված։ Ավելին, երթեւեկության կազմակերպողը Հայաստանի Հանրապետությունն է»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը համաձայն չէ, ասում է, որ հայկական կողմը չպետք է ապահովի անվտանգությունը։ «Ասում է՝ չէ, անցուդարձը դու չպիտի կազմակերպես։ Ո՞նց ես չպիտի կազմակերպեմ, եթե դուք եք ստորագրել, որ ես պիտի կազմակերպեմ։ Այս թղթում որեւէ տեղ չկա, որ ՀՀ ինքնիշխանությունը որեւէ կերպ սահմանափակվում է որեւէ տարածքի նկատմամբ։ Մենք, ճգնաժամային իրավիճակը հաշվի առնելով, ասել ենք, որ նույնիսկ պատրաստ ենք արտապատվիրակման հայելային սկզբունքին։ Բայց դա մեր որոշումն է, դա բարի կամք է, ոչ թե մեզ պարտադրում են։ Այս քննարկումն առնվազն հասկանալի չէ։ Որոշ երկրների պաշտոնյաներ անում են հայտարարություն, որից գոնե ինձ համար ակնհայտ է, որ կամ այս թուղթը չեն կարդացել, կամ վաղուց չեն կարդացել։ Այստեղ գրվա՞ծ է, որ ՌԴ Անվտանգային դաշնային ծառայության որեւէ ներկայացուցիչ պիտի գետնի վրա այնտեղ լինի, չկա այդպիսի բան գրված»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ