Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռևս կան խտրականություն, բռնություն կանանց նկատմամբ և վնասակար կարծրատիպեր, որոնք խանգարում են կանանց իրացնել իրենց ողջ ներուժը. Աննա Հակոբյան

Սեպտեմբեր 11,2024 18:05

 ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովի բացման արարողությանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Չինաստանի Ցինադաո քաղաքում մասնակցել է «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովի բացման արարողությանը:

Բարձրաստիճան հյուրերի շարքում են Իրանի փոխնախագահը, Ուզբեկստանի փոխվարչապետը, Կամբոջայի թագավորի ավագ խորհրդականը և այլ պաշտոնյաներ։

Հայկական պատվիրակության կազմում են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը:

Ընտանեկան լուսանկարից հետո տեղի է ունեցել համաժողովի բացման արարողությունը։ Պետական խորհրդական, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ տիկին Շեն Յիցինը բացման խոսքում ընդծել է, որ «Շանհայի համագործակցության կազմակերպությունը» տարբեր երկրների և հատկապես կանանց կտա գործակցության նոր հնարավորություններ։

Գրեթե 30 տարի առաջ՝ 1995 թվականին, Չինաստանը հյուրընկալել է Պեկինում Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովը, որտեղ միջազգային հանրության համատեղ ջանքերի շնորհիվ ընդունվել է կանանց իրավունքների համար հիմնարար փաստաթղթերից մեկը՝ Պեկինի հռչակագիրը և Գործողությունների պլատֆորմը՝ ելույթի մեկնարկին ընդծել է վարչապետի տիկինը։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նախաձեռնությամբ «Շանհայի համագործակցության կազմակերպության» շրջանակներում ստեղծվել է Կանանց մասին ֆորումը, որն ընդգծում է գենդերային հավասարության նշանակությունը տարածաշրջանի ներդաշնակ, ներառական և կայուն զարգացման և այս ուղղությամբ մի շարք մարտահրավերները լուծելու համար՝ ասել է Աննա Հակոբյանը։

«Ցանկանում եմ ջերմորեն ողջունել այսօրվա ֆորումի բոլոր մասնակիցներին: Վստահ եմ, որ այն կծառայի որպես գերազանց հարթակ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կին առաջնորդների և քաղաքականություն մշակողների համար՝ առաջ բերելու գաղափարներ, թե ինչպես բազմապատկել գլոբալ թվայնացման դրական ազդեցությունները և մեղմել բացասականները: Թվային տեխնոլոգիաները ընդլայնվում են հսկայական ծավալներով և արագությամբ: Նրանք կրում են փոխակերպման հսկայական ներուժ: Նրանք ձևավորում են տնտեսություններ, անվտանգություն, կենսամիջոցներ և ուղղակիորեն ազդում են մարդու իրավունքների վրա: Կարծում եմ, որ անկախ իրավական համակարգերի, մշակույթների և նորմերի տարբերություններից, կա ընդհանուր ըմբռնում, որ մենք կարող ենք լիովին օգտագործել թվայնացման դրական ներուժը, եթե մենք իրապես կիրառենք ամբողջ հասարակությունը ներառող մոտեցում, որտեղ կանայք ունեն լիարժեք, հավասար և բովանդակալից մասնակցությունը»,- ընդգծել է վարչապետի տիկինը։

Աննա Հակոբյանը, շարունակելով թվայնացման ու նորագույն տեխնոլոգիաների մասին խոսքը, ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի 2021-2023 թվականներին ՏՏ ոլորտի շրջանառության և արտահանման աճն ավելի քան 4 անգամ է։ ՏՏ ոլորտի աշխատակիցների թիվը վերջին 3 տարում կրկնապատկվել է՝ հասնելով 41․386-ի, ոլորտի յուրաքանչյուր 5 մասնագետից 2-ը կին է։ Վարչապետի տիկինը կիսվել է նաև հայկական փորձով։

«Այստեղ ես կցանկանայի ընդգծել երեխաների և երիտասարդների, հատկապես աղջիկների համար հասանելի և նորարար տեխնոլոգիական կրթության դերը։ ԹՈՒՄՈ-ի նման տեխնոլոգիական և ինժեներական կենտրոնների ստեղծումը Հայաստանի լավագույն փորձերից մեկն է, և մենք աշխատում ենք այդ փորձը աշխարհով մեկ տարածելու ուղղությամբ: Փոքր ինչ ուշ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ավելի մանրամասն կանդրադառնա գենդերային հավասարության և թվայնացման ոլորտում Հայաստանի կառավարության ջանքերին։ Իմ ղեկավարած «Իմ Քայլը» հիմնադրամը նույնպես աշխատում է կանանց տնտեսական հզորացման ուղղությամբ։ Մենք աջակցում ենք կին ձեռներեցներին, ինչպես նաև կանանց, ովքեր հետաքրքրված են աշխատել տեխնոլոգիական ոլորտում»,- նշել է Աննա Հակոբյանը։

Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում կանայք շարունակում են անհամաչափորեն տուժել աղքատությունից, հակամարտություններից և կլիմայի հետ կապված աղետներից: Նրանք շարունակում են շատ ավելի շատ խոչընդոտների հետ բախվել այս դժվարությունները հաղթահարելու համար: Ես կարծում եմ, որ կառավարությունները և քաղաքականություն մշակողները պետք է օգտագործեն նորարարական գործիքներ՝ շարունակել է Աննա Հակոբյանը։

«Հայաստանի կառավարությունը, մեր միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ միասին, հատուկ շեշտադրում է ներառական զբաղվածության և կանանց տնտեսական հզորացման վրա, այդ թվում՝ նրանց թվային հմտությունների և գիտելիքների բարձրացման միջոցով։ Թվային տեխնոլոգիաները աննախադեպ հնարավորություններ են բացում առավել հետ մնացած միլիոնավոր կանանց ու աղջիկներին համար սոցիալական և առողջապահական ծառայություններն ընդլայնելու, կրթություն ու գիտելիք տրամադրելու համար»,- շեշտել է վարչապետի տիկինը։

Լինելով չորս երեխայի և երեք դստեր մայր, Աննա Հակոբյանն ընդգծել է, որ նրանք, ինչպես իրենց հասակակից միլիոնավոր երեխաներ, կապրեն մի աշխարհում, որտեղ ոչ մի պետություն չի հասել գենդերային հավասարության։

«Դեռևս կան կառուցվածքային խոչընդոտներ, խտրականություն, բռնություն կանանց նկատմամբ և վնասակար կարծրատիպեր, որոնք խանգարում են կանանց իրացնել իրենց ողջ ներուժը: Վիճակագրությունը հստակ ցույց է տալիս, որ կանայք ավելի քիչ ֆինանսների և վարկերի հասանելիություն ունեն, ինչպես նաև ունեն ավելի քիչ ռեսուրսներ և հարստություն: Շատ ավելի շատ կանայք, քան տղամարդիկ ստիպված են ընտրություն կատարել ընտանիք կառուցելու կամ կարիերա ստեղծելու միջև: Միևնույն ժամանակ, կարգավորող նորմերի բարեփոխումը և աջակցող քաղաքականությունների ընդունումը կարող են շատ կանանց թույլ տալ ավելի ճկուն աշխատանքային պայմաններ ունենալ, այդ թվում՝ հեռավար և թվային աշխատանքի միջոցով»,- ասել է վարչապետի տիկինը:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների անընդհատ փոփոխվող աշխարհում կողմնորոշվելը կարող է դժվար լինել, հատկապես այն կանանց համար, ովքեր կարող են բախվել առցանց խտրականության, ստիգմատիզացիայի և նույնիսկ բռնության՝ շեշտել է Աննա Հակոբյանը: Եվ ոլորտներից մեկը, որին բոլորը պետք է առաջնահերթություն տան, թվային գրագիտությունն ու հմտություններն են:

«Այստեղ, կարծում եմ, մեզ անհրաժեշտ է թիրախավորված մոտեցում, որը հիմնված է կանանց և աղջիկների կոնկրետ խմբերի կարիքների, ռիսկերի, խոցելիության և հնարավորությունների վրա: Որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, մի կազմակերպություն, որն աջակցության ծրագրեր է իրականացնում բազմաթիվ ոլորտներում, ես շատ լավ տեղյակ եմ, թե որքան կարևոր է աշխատանքը կենտրոնացնել անհատների շուրջ և գիտակցել նրանց փորձառնությունը»,- ընդծել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկնոջ խոսքով, թվայնացումը մեզ ավելի է մոտեցնում, սահմանները դարձնում է ավելի քիչ կարևոր և ունի եզակի հնարավորություն՝ ստեղծելու և բազմապատկելու համաշխարհային բարիքները: Աննա Հակոբյանը լիահույս է, որ թվային տարածքում կանանց հզորացումը կարևոր բաղադրիչ է այդ գլոբալ բարիքների աճի և զարգացման գործում:

«Իր ուղերձում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «հույս է հայտնել, որ ֆորումը դեր կխաղա մարդկանց միջև փոխանակումների գործում և ավելի շատ կենսունակություն կհաղորդի ՇՀԿ-ի անդամների միջև համագործակցությանը»: Հայաստանը ՇՀԿ-ի դիտորդ դառնալու լուրջ մտադրություն ունի, և որպես «Շանհայի համագործակցության կազմակերպության» դիտորդի հավակնորդ՝ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը և խրախուսել փոխգործակցությունը մեր ժողովուրդների և հասարակությունների, կանանց կազմակերպությունների և ցանցերի միջև՝ սովորելու միմյանցից և կառուցելու ավելի արդար և կայուն ապագա բոլորի համար»՝ խոսքը եզրափակել է Աննա Հակոբյանը:

Համաժողովի երկրորդ հատվածում Հայաստանում թվայնացման միջոցով կանանց հզորացման թեմայով ելույթ է ունեցել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ներկայացրել սոցիալական պաշտպանության, թվային փոխակերպման, կանանց տնտեսական հզորացման և թվային գրագիտության ոլորտում ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և արձանագրված առաջընթացը։ Փոխնախարար Ստեփանյանը շեշտել է Հայաստանի դրական փորձը, խոսել պետական և մասնավոր հատվածի հաջողած նախաձեռնությունների՝ այդ թվում «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի նորարար լուծումների և ծառայությունների մասին։

Մինչև համաժողովի պաշտոնական մեկնարկը, Աննա Հակոբյանը, հայկական պատվիրակության անդամները և պատվավոր մյուս հյուրերը այցելել են Կանանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, ծանոթացել ներկայացված աշխատանքներին։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30