ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին․ «Փետրվար ամսին ԱԺ-ում դուք հայտարարեցիք, որ ձեր եւ ադրբեջանական համարժեք հանձնաժողովները քննարկում են սահմանազատման կանոնակարգը։ Եվ տրամաբանական կլինի ակնկալել, որ սկզբում պետք է կանոնակարգը հաստատվի, հետո սահմանազատում լինի։ Այլապես, եթե առանց կանոնակարգ հնարավոր է սահմանազատում անել, արեք, ինչո՞ւ եք կանոնակարգ մշակել ու ուղարկել ՍԴ։ Մարտի 6-ին դուք հայտարարում եք, որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը։ Ցայժմ ոչ դուք, ոչ կառավարության որեւէ անդամ, ոչ էլ ադրբեջանական որեւէ պաշտոնյա այս պնդումը չի հերքել։ Հետեւաբար, ես հիմք չունեմ կարծելու, որ իրենց մոտեցումը փոխվել է։
Մայիսի 15-ին հայտարարում եք, որ 4 գյուղերի միջեւ սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրության նկարագրությունը վերջացրել եք։ Եվ հետաքրքիր է, որ մայիսի 20-ին արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչեւ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը։
Խնդրում եմ հստակեցնել՝ ինչքո՞վ է նախնական, այսինքն՝ նախնականի ու վերջնականի միջեւ ինչքա՞ն ժամանակ եք նախատեսում, եւ եթե դա նախնական էր, ի՞նչ իմաստ ուներ այնտեղ ինչ-որ սյուներ տեղադրել, բետոնե պատ կառուցել»։
Մհեր Գրիգորյանն ասաց․ «Այո, կանոնակարգի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ բոլոր արձանագրություն-նկարագրությունները վերջում դառնալու են մեկ արձանագրություն-նկարագրություն եւ դառնալու են պետական սահմանի մասին կնքվելիք պայմանագրի անբաժանելի մաս»։
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց․ «Եթե սահմանազատումը նախնական է, այո, այնտեղ պետք է լինի բետոնից պատ։ Եթե ուզում եք իրավական բաղադրիչի մասին խոսենք, ես հիմա մեկնաբանություններ չէի ուզի տալ, որովհետեւ հարցը ՍԴ-ում է, գնահատականները բոլորիս հասանելի կլինեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ