ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Ուզում եմ հիշեցնել մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել ուղիղ վեց տարի առաջ՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին։ Խոսքը հայտնի խոսակցության մասին է, որը հայտնվել է համացանցում։ Այդ խոսակցության ընթացքում ՀՀ վարչապետը, ԱԱԾ ղեկավարը, ՀՔԾ պետը քննարկում են, թե ինչպես են կալանքի տանում մարդկանց, ինչպես են դրա մասին տեղեկացնում դատավորներին, ում հանդեպ ինչ պետք է կիրառվի։ Դրան հետեւեցին տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական հետապնդումները, դատարանների վրա ճնշումները, կոնկրետ դատավորների հետեւից ընկնելը։ Հարցը հետեւյալն է՝ նո՞ւյն ձեւ է մինչեւ հիմա արվում այդ ամենը, թե՞ սխեմա է փոխվել»։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Նախ, ձեր նշած իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը հիմա ձեր շարքերում է, եւ ես կարծում եմ՝ կարող է մամուլի ասուլիս հրավիրել եւ պատմել, թե ինչ է եղել, ոնց է եղել։ Անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը։ Արդյոք ես կարծո՞ւմ եմ, որ այսօր մենք ՀՀ-ու ունենք լիարժեք անկախ դատարան, ոչ, չեմ կարծում։ Դուք գիտեք, որ դուք եւ ձեր խմբակցությունից էլ կան մարդիկ, բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ձեր ասած առաջվա լծակները մինչեւ այսօր պահում են դատական համակարգի վրա»։
Լեւոն Քոչարյանն արձագանքեց․ «Իմ ասածը վերաբերում է մի դեպքի, երբ կոնկրետ ձեզ էր զեկուցվում այդ ամենը։ Ինչ-որ լծակների մասին խոսեցիք, որն ինձ համար հասկանալի չէր, ես չգիտեմ այդպիսի բան։ Պատասխանն այստեղ ցրողական է, որովհետեւ կոնկրետ մարդիկ կան, որոնք դրա մեջ մասնակից են եղել։ Սա առնվազն արդար չէ մեր հասարակության հանդեպ, պատգամավորների հանդեպ»։
Փաշինյանն ասաց, որ որպես վարչապետ՝ ինքը որեւէ գիծ չի անցել, որը կհակասեր տրամաբանությանը եւ օրինականությանը։
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում՝
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ