Ermenihaber. Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։ Աքջանը ներկայացրել է, թե ինչպես է մուտք գործել կինոարտադրության ոլորտ, ինչ դժվարությունների է հանդիպել Թուրքիայում հայերի հետ կապված ուսումնասիրությունների ժամանակ:
– Ինչպե՞ս մուտք գործեցիք լուսանկարչության աշխարհ և կինեմատոգրաֆ: Կպատմե՞ք այդ ընթացքի մասին:
– 2001 թվականից աշխատում եմ որպես լուսանկարիչ։ Թեև ես իմ ապրուստը վաստակում եմ լուսանկարչության միջոցով, բայց երբեք լուսանկարչությունը որպես մասնագիտություն չեմ ընդունել: Ես դա որդեգրեցի որպես ինքս ինձ արտահայտելու, իմ միջավայրն ու աշխարհագրությունը հասկանալու և իմ ձևով փոխանցելու գործիք: 2003թ. ես ինձ նման մտածող ընկերներիս հետ միասին հիմնեցի «NarPhotos» լուսանկարչական միությունը: Մենք ցանկանում էինք ստեղծել մի միջավայր սոցիալական վավերագրական լուսանկարչության ոլորտում մեր ստեղծած աշխատանքների համար և ականատես լինել այն ժամանակին ու աշխարհագրությանը, որտեղ մենք միասին ենք ապրում:
Մեր առաջին համատեղ աշխատանքը՝ «MerhaBarev»-ը (թուրքերեն և հայերեն բառերով ողջույն՝ merhaba-բարև), իրականացրել ենք 2006թ․։ Ընդհանուր տասը լուսանկարչիս՝ (հինգը Ստամբուլից և հինգը Երևանից) ելակետն այն էր, որ մեր հասարակությունները բավականաչափ լավ չեն ճանաչել միմյանց: Մենք մտադիր էինք մեկ շաբաթ անցկացնել միմյանց քաղաքներում, սահմանափակ ժամանակում հանդիպել միմյանց և ներկայացնել մեր ժողովուրդներին։
Կարդացեք նաև
Անահիտի (Հայրապետյան) հետ, ում հանդիպեցի «MerhaBarev»-ի ժամանակ, շարունակեցինք համատեղ աշխատել և պատմություններ պատմել։ 2009-ին գնացինք սահմանամերձ գյուղեր և փորձեցինք պարզել, թե ինչ են մտածում միմյանց մասին գետի երկու ափին ապրող մարդիկ։ Ավելի ուշ՝ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, մենք մեր աչքերն ու ականջները դարձրինք նրանց, ում ձայնը ամենաքիչն ենք լսել՝ Անատոլիայում (նկատի ունի Արևմտյան Հայաստանի և հարակից նախկինում հայաբնակ շրջանները-խմբ․) ապրող հայերին, և լսեցինք նրանց պատմությունները։ Այն ժամանակ, որպես «NarPhotos», ծրագրել էինք համատեղ աշխատանք «4Plus»-ի և Պերճ Արաբյանի հետ 100-ամյակի կապակցությամբ։
Ֆոտոշարքից բաղկացած «Ջերմապատ ժամանակ» աշխատության շրջանակներում որպես «NarPhotos» միության կին լուսանկարիչներ՝ մենք տեսագրել ենք Վանում 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո Էրզրումից Հայաստան բռնի գաղթած հոր և վրաց մոր աղջկա՝ աշուղ Լեյլիի և իր նման երգասան (դենգբեժ) հայ Գուլեի երգերով մեծացած, նրանից ուժ ստացած ու վերջինիս ուղին բռնած դենգբեժ Գազիի հանդիպումը՝ Աղթամարում համերգ տալու համար։ Կարող եմ ասել, որ «Ձայների հետքերով» ֆիլմը առաջին ֆիլմն է, որը կենտրոնանում է նրանց բարեկամության և բանավոր պատմություն կրող աշուղականության ու դենգբեժության (քրդական էպիկական երգասացություն) ավանդույթները պահպանելու ջանքերի վրա։
– Պատմեք խնդրեմ Ձեր «Սիրելի F» վավերագրական ֆիլմի մասին: Ինչպե՞ս առաջացավ այն: Ինչու՞ որոշեցիք դնել հենց այդ ֆիլմանունը:
– Ինձ համար ավելի դժվար է պատմել իմ սեփական պատմությունը, քան պատմել ուրիշի պատմությունը: Ոչ թե հեշտ չէ լինել օբյեկտիվ, այլ հեշտ չէ լինել ազնիվ և առանց թաքցնելու պատմել իր մասին։ Հատկապես, որ ես մեծացել եմ այնպիսի աշխարհագրությունում, այնպիսի հասարակության մեջ եմ ապրել, մեծացել, որտեղ սովորեցնում են, որ ես պետք է լռեմ շատ հարցերում։
Ավելի քան քսան տարեկան էի, երբ իմացա, որ հորս տատիկը հայ է։ Իմ զարմիկներն էին ինձ կիսատ-պռատ պատմել այն պատմությունը, որը ես երբեք չէի լսել իմ հորից կամ հորաքրոջիցս: Հայրս մահացավ 2005թ.-ին, ուստի ես որոշեցի գնալ նրա գյուղ, որտեղ նա երբեք չէր եղել, և ուսումնասիրել այն պատմությունը, որը լսել էի ուրիշների միջոցով:
Մինչ «MerhaBarev», «Ձայների հետքերով» և ավելի ուշ Անահիտի հետ մեր ճամփորդությունները շարունակվում էին, ես փորձում էի տեղեկություններ հավաքել տատիկի կյանքի և գյուղի մասին։ Հետազոտություններս անարդյունք էին, ոչ մի հետք, փաստաթուղթ կամ անուն չէր մնացել։ Շարունակեցի գնալ գյուղ։ Դրա համար էլ ճանապարհին հանդիպեցի այլ պատմությունների: Այսպիսով, ես սկսեցի գրել այդ պատմությունները որպես նամակներ նրան: Գրածս նամակները վերածվեցին իմ ֆոտոօրագրի։ Ցանկանում էի տատիկի կյանքի մասին պատմվածք ստեղծել՝ հավաքելով իմ գրվածքները տարբեր ձևերով մի շարք լուսանկարների ուղեկցությամբ, բայց ոչ մի կերպ չկարողացա դա անել։
Պատճառը ոչ միայն այն էր, որ ես չկարողացա բավարար տեղեկություններ ստանալ նրա մասին, այլ այն կանայք, որոնց հանդիպել եմ իմ ճանապարհորդությունների ընթացքում, այն, ինչ ես լսել էի նրանցից, իմ ունեցած փորձառությունները և այն պատմությունը, որի հետևից էի ընկել, այլևս չէր կարող լինել տատիկի և իմ՝ միայն մեր պատմությունը։ Մենք եզակի չէինք, սա բոլորիս պատմությունն էր։
Անցյալ տարի, երբ ես հրավեր ստացա «Altyazı» ամսագրի կողմից «Ինքնագրաքննություն» թեմայով տեսաշարի նախագծի համար, ես որոշեցի տեսահոլովակ նկարահանել՝ հիմնվելով այս պատմության մեջ իմ փորձառությունների վրա, որը մի կողմ էի դրել: Ես փորձեցի իմ գրած նամակների միջոցով պատմել գաղտնի պահվածն ու իմ ճանապարհորդությունները:
Նամակներս միշտ սկսվում էին տատիկիս՝ իր անունով դիմելով։ Որոշ ժամանակ անց, երբ նկատեցի, որ այս անունը նրան տվել են ավելի ուշ, և որ ես չգիտեմ իրականը, դադարեցի օգտագործել այդ անունը։ Ինքնագրաքննության նախագծի ժամանակ ընկերներով, որոնց հետ միասին ենք աշխատում և «Altyazı» թիմի հետ քննարկում-ժողովներից մեկում, որը հաճախ ենք անում, խոսեցինք, թե ինչպես է, որ իմ գրած տեքստերը նամակի տեսքով էին, բայց հասցեագրված չկար, ինչը դժվարացնում էր ներկայացնելն ու հասկանալը։ Որոշեցի նամակները սկսել տատիկին «Սիրելի F» դիմելով՝ առանց անուն օգտագործելու։
– Ձեր վավերագրական ֆիլմը պատմում է հայ կնոջ մասին: Ո՞վ է այդ կինը:
– Հորս տատիկն է, ով վերապրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ում ամուսնացրել են իրեն թաքստոցում գտած ընտանիքի որդու հետ, իսլամացրել են, ով մահացել է հղիության ընթացքում իր երրորդ երեխային սպասելիս, և որին փորձել եմ ճանաչել հայ կանանց պատմած պատմությունների միջոցով։ Բազմաթիվ նմանատիպ պատմություններ կային։
-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել հայերի մասին ուսումնասիրություններ անելիս:
– Դժվար է արձագանքել այն պատմություններին, որոնց մասին տարիներ շարունակ լռել են և պատշաճ կերպով պատմել դրանք՝ փորձելով պաշտպանել մնացածներին։ Ստամբուլահայերը, սփյուռքահայերը և Հայաստանում գտնվողները, որքան էլ որ դժվար լինի հնարավորություն ունենում են պատմելու իրենց պատմությունները և լսելի դարձնելու իրենց ձայնը, բայց դա շատ ավելի դժվար է Անատոլիայի քաղաքներում և գյուղերում ապրողների համար:
Ցավն ու գաղտնիքները որքան էլ որ դրանց հետքերը վերացվեն, մնում են անտեսանելի քարի պես մեր կյանքի մեջտեղում։ Կարևոր է դրանք տեսանելի դարձնել: Ես խուսափում եմ իմ բազմաթիվ գրառումներում վայրերի և մարդկանց անուններ տալ, թվում է, թե շարունակում եմ լռությունը, բայց երբեմն այս տեղեկությունները իմ մեջ եմ պահում, քանի որ երբեմն խնդրում են, իսկ երբեմն էլ պաշտպանական նպատակներով:
Իսկ այսօր ինձ համար ամենադժվարը նույն ցավի ականատես լինելն է՝ կրելով այս պատմությունները պատմելու պատասխանատվությունը: Այդուհանդերձ, ես շարունակելու եմ առերեսվել ու պատմել՝ մտածելով, որ այս ամենին վերջ ենք տալու ու ճանապարհ ենք գտնելու։
Ս Ե ՐԱ Ա Ք Ջ Ա Ն