ԱԺ այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կրկին թիրախավորեց ՀՅԴ-ին` մեղադրելով, ըստ իրեն կայքի հրապարակած շրջաբերականի՝ Հայաստանի անկախությունը զիջելու, մասնավորապես, Հայաստանը Միութենական պետությունում կամ Ռուսաստանի կազմում տեղավորելու դրույթների մեջ: Նա, որպես «Հայաստան» խմբակցության առաջնորդի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրեց նույն մեղադրանքը եւ որպես իր ասածի ապացույց՝ հնչեցրեց տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից մի հատված, որտեղ լրագրողի հարցին, թե կո՞ղմ է Միութենական պետություն մտնելուն, թե՞ անկախությունը նրա համար բացարձակ արժեք է, Քոչարյանը պատասխանել է, որ տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորումում տեղավորվելու կարիք ունենք: Վահագն Ալեքսանյանը դա, որպես հիմք ընդունելով՝ հայտարարեց, թե դաշնակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության հետ կապ չունեն:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը արձագանքեց նրան՝ նշելով, որ որեւէ անձի մեղադրելուց առաջ ցանկացած ելույթ ունեցող նախ պետք է մտածի, թե ինքն ինչ է արել երկրի, պետության համար եւ, հետեւաբար, արդյո՞ք ինքը գնահատականներ տալու իրավունք ունի: Նա հարց տվեց, թե իսկ ո՞վ է հերքում, որ համագործակցություններն անհրաժեշտ չեն այս կամ այն կենտրոնների հետ: Եվ հակադարձեց, թե դա նույնն է, եթե ինքը ասի՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է Հայաստանի անկախությանը, որովհետեւ ՔՊ-ից ոմանք ջերմ, անխոնջ ցանկություն ունեն, որ Հայաստանը լինի Եվրամիության անդամ: Ընդդիմադիրը գործընկերներին հորդորեց զերծ մնալ նման բաներից:
Գեղամ Նազարյանին էլ հակադարձեց ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սոնա Ղազարյանը: «Պարոն Նազարյան: Մտածում էի՝ արձագանքե՞մ ձեզ, թե՞ չարձագանքեմ: Բայց քանի որ հարցը հնչել է դահլիճում, նպատակահարմար է արձագանքել: Դուք, վստահաբար, պարզ գիտակցում եք, որ երկու անհամեմատելի միավոր եք փորձում հավասարեցնել: Ես չեմ պնդում եւ չեմ ասում հիմա, որ քաղաքական կամ այլ վերջնական որոշում կա, որ ցիտեցիք՝ որոշ քպականներ: Բայց քանի որ հնչել է մի քանի անգամ մեր ժողովրդի ցանկությունների մասին՝ մաս դառնալու մի ընտանիքի, որտեղ մեծամասնությունը ժողովրդավար պետություններ են, ուզում եմ ասել, որ դուք համեմատում եք երկու անհամեմատելի միավորներ նույնիսկ անունների մակարդակով՝ Միութենական պետություն եւ Եվրամիություն: Արդյոք դուք չեք նկատում պետությունների սուվերենության զիջման եւ պետությունների փոխհարաբերությունների տարբերությունը:
Այո, Եվրամիությունը, ես չեմ պատմի Եվրամիության սկիզբը, ենթադրել է սուվերենության զիջում որոշ մակարդակում՝ կիրառվող դրամը, շուկան եւ այլն, բայց արդյո՞ք համեմատելի են Միութենական պետությունը, որի մասին հարց է հնչել ձեր քաղաքական խմբակցության ղեկավարին, եւ Եվրամիությունը, որտեղ պետությունները հարաբերվում են ինքնիշխանության, սուվերենության, պետականության եւ հարգանքի շուրջ:
Կարդացեք նաև
Մաքսիմալ դիվանագիտական խոսելով մեր բոլոր հարեւան պետությունների մասին՝ ինձ թվում է այս տարբերությունը, այս նյուանսը շատ ակնհայտ է այդ երկու միություններում: Եվ ցանկությունը որոշ պատգամավորների կամ քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների՝ միանալ ժողովրդավարական հիմքով կազմված միությանը, որտեղ պետությունները իրար նկատմամբ հարգանքով են, եւ մեկ այլ Միութենական պետությանը, որտեղ, չեմ վախենա ասել, փոխհարաբերությունները, հարգանքը լրիվ այլ արժեքների նկատմամբ են, ինձ թվում է, դա մեկնաբանելու այլ հնարավորություն չկա»,-ասաց իշխանական պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ