Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր նիստի ընթացքում որոշեց բավարարել 51 քաղաքացիների դիմումը՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակվեց Արտակ Զեյնալյանը։
ԿԸՀ-ն որոշեց նաև ԱԺ-ին օրենքի նախագիծ առաջարկելու համար ստորագրությունների հավաքման համար 60-օրյա ժամկետ սահմանել սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։ Որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանեց․ «Որպեսզի նախապատրաստական ժամանակի համար օրենքով տրված ժամանակից կորուստ չլինի, այդ իսկ պատճառով ստորագրահավաքի մեկնարկը առաջարկում ենք սահմանել սեպտեմբերի 16-ից»։
Նիստում քննարկվեցին նաև Երևանի քաղաքապետի՝ սեպտեմբերի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունները։ Ներկայացվել են Երևանի ավագանու 3 որոշումներ՝ Գրիգոր Երիցյանի, Անուշ Գինոսյանի, Անույշ Խուդավերդյանի՝ Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Գրիգոր Երիցյանի՝ ավագանու անդամի մանդատը տրամադրվել է «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Իսոյանին։
Կարդացեք նաև
Անուշ Գինոսյանի մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Լուսինե Բուղայանին, Անույշ Խուդավերդյանի մանդատը՝ «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Դիաննա Ալեքյանին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ԿԸՀ-ի