Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս մեղադրական եզրակացությունը հիվանդ է»․ Հրայր Թովմասյան

Սեպտեմբեր 11,2024 14:49

«Այս մեղադրական եզրակացությունն ինքը հիվանդ է»,- իր գործով մեղադրանքն այսպես բնութագրեց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։ Իսկ ավելի պատկերավոր լինելու համար ասաց՝ այս մեղադրական եզրակացությունը նման է 18 շաբաթական ծնված մի երեխայի, որի թոքերից մեկը չկա, սիրտը չի աշխատում, ուղեղը՝ թթվածնային քաղցի պատճառով չի արձագանքում արտաքին ազդակներին, ողջ մարմնում ախտորոշել են չարորակ գոյացություններ, հինգ անգամ դանակով գլխին եւ սրտին են խփել, հիվանդանոցում 9-րդ հարկից ընկել է, դրանցից առաջ էլ հիվանդանոցում հրդեհ էր եղել ու հիմա բոլորս հավաքվել՝ փորձում ենք ասել՝ ինքը կենդանի է․ դա այն պարագայում, երբ մեկ այլ բժիշկ արձանագրել է երեխայի կենսաբանական մահը։

Պաշտպանական ճառի երկրորդ մասում Հրայր Թովմասյանն անդրադարձավ այն բոլոր արատներին, որոնք պետք է հանգեցնեին տվյալ վարույթի կարճմանը։ Դրանցից առաջինն ու հիմնականն, ըստ նրա, այն է, որ գործը հարուցվել է խախտումով։

«Ես ապօրինի ենթարկվել եմ քրեական հետապնդման։ Այս ամբողջ գործընթացը եղել է ապօրինի։ Եթե նայենք գրեթե բոլոր՝ 95 տոկոս նյութերը, ապա դրանք բոլորը ձեռք են բերվել մինչև դեկտեմբերի 27-ը, դրան հաջորդող ժամանակահատվածում ոչինչ չեք տեսնի։ Դատական ակտերով արձանագրվել է, որ ես ենթարկվել եմ քրեական հետապնդման, ինչի իրավունքը չունեին»,- նշեց Թովմասյանը։

ՍԴ դատավորի խոսքով՝ իր իրավունքները խախտվել են, ենթարկվել է քրեական հետապնդման և կանգնել դատարանի առջեւ. «Իմ այստեղ գտնվելը ՍԴ հեղինակազրկում է և իմ այստեղ գտնվելու համար ՍԴ-ն պետք է համաձայնություն տար։ Իմ դեպքում, սակայն, մեկ քննիչ որոշել է, որ իմ նկատմամբ պետք է հետապնդում իրականացվի, փաստացի մեղադրանք է առաջադրել, ես այս 4,5 տարի այս ամբողջ պրոցեսով անցել եմ, բայց ՍԴ դատավոր եմ։ Այս ամբողջը նորմալ չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հրայր Թովմասյանն իր ճառի առաջին հատվածում ուշադրություն հրավիրեց իր պաշտպանների ճառերի ժամանակ դատավորի եւ մեղադրողի կեցվածքին․ «Անհաղորդ էր դատարանը, հաղորդակից էր դառնում այդ խոսքին միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր հենց դատարանին: Մեղադրող կողմի մասին չեմ խոսում․ անընդհատ գրառումներ են անում։ Ի սկզբանե մեղադրող կողմը եկել է այս դատաքննությանը մեկ նպատակով՝ կանխորոշված, որ եթե կա ինչ-որ բան Թովմասյանի օգտին, նրա անմեղությունը հիմնավորող, նրան մեղսագրվող փաստերը հերքող, դրանք բոլորը սուտ են, կեղծիք են, դրանք գոյություն ունենալ չեն կարող։ Եվ միայն այն փաստերն են ճիշտ, որոնք ուղղված են Հրայր Թովմասյանի մեղավորությունը ապացուցելուն»։

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Տաթեւիկ Գասպարյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է յոթ տարվա ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը, հայտարարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30