Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Աշխատանքի ապագան. վարձատրություն, պաշտպանություն և նպատակ» թեմայով պանելային քննարկմանը։
Բանախոսել են նաև Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության նախարարի տեղակալ Օլտա Մանջանին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հարավային Աֆրիկայի Մարդկային գիտությունների հետազոտական խորհրդի գլխավոր գործադիր տնօրեն Սառա Մոսոետսան, Կորեայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Հեունգչոնգ Կիմը։
Պանելային քննարկման շրջանակում նախարարը ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի փորձը, առկա մարտահրավերները, դրանց լուծման տարբերակներն ու տեսլականը։
Նախարարի խոսքով՝ ներկայում մշակման ավարտական փուլում գտնվող՝ Հայաստանի զբաղվածության 2024-2030 թթ․ ռազմավարական ծրագիրը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու պետության միջազգային պարտավորություններից բխող` զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը․
Կարդացեք նաև
«Ռազմավարությամբ բարեփոխվող պետական քաղաքականությունն ուղղված է հատկապես մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Ռազմավարությամբ նախատեսվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել գիտելիքի, փափուկ ու մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար։ Ռազմավարությամբ խրախուսվում է նաև շարունակական կրթությունն ու մասնագիտական զարգացումը, ինչը երաշխավորում է, որ ռազմավարության թիրախային շրջանակին պատկանող անձինք կարող են համընթաց քայլել տեխնոլոգիական առաջընթացին և լինել մրցունակ աշխատաշուկայում»,- նշել է նախարարը:
Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև Աշխատանքային օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունների մասին, վերջին կարգավորումների մասին, որոնցով նախատեսվել են հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր։
Աշխատողներին ավելի պաշտպանված դարձնելու համատեքստում՝ նախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև ներդրման նախատեսվող՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի, գործազրկության ապահովագրության, աշխատանքային օրենսդրության թարմացումների մասին։
Ելույթում կարևորվել են նաև վերապատրաստման և հմտությունների բարձրացման ծրագրերում ներդրումները, ինչը կարող է օգնել աշխատողներին մնալ մրցունակ արագ փոփոխվող աշխատաշուկայում։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ