Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում սպորտի զարգացման համար պետք է հրաժարվել «սովետական օլիմպիական տերմինաբանությունի՞ց»

Սեպտեմբեր 11,2024 13:54

Ազգային ժողովում այսօր «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հարակից զեկուցող, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը ներկայացվող հիմնական փոփոխությունների մեջ առաջնահերթ կարեւորեց «հավաքական թիմ» բառերը «հավաքական» բառով փոխարինելու անհրաժեշտությունը: «Նախ, օրենքի ամբողջ տեքստից «հավաքական թիմ» բառերը փոխարինվում են «հավաքական» բառով՝ հիմք ընդունելով այն, որ «հավաքական թիմ» բառը սովետական օլիմպիական գրականության տերմինաբանություն է»:

Հետո անդրադարձավ հաջորդ դրույթին. «Մի քանի մարզաձեւեր ներառվում են պարգեւատրվող մարզաձեւերի ցանկ: Դրանք են՝ կարատե, քիկ-բոքսինգ եւ մուայ-թայ: Հաջորդ լրացումը բխում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունից, որով, ինչպես գիտենք, ենթադրվում է, որ խոշորացված համայնքներում պետք է կառուցվեն տիպային մարզահամալիրներ, որոնք պետք է ներառեն նաեւ ֆիթնեսը: Ներկայացված նախագծով նախատեսվում է ֆիթնես մարզիչների արտոնագրում եւ սահմանել արտոնագրման կարգը: Այս դրույթի հետ կապված, որոշակի լրամշակումներ պետք է արվեն առաջինից երկրորդ ընթերցում»,-ասաց նա՝ նշելով, որ այս տեսքով նախագծին իրենց հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Հասմիկ Հակոբյանը կոչ արեց քվեարկել այս նախագծի օգտին:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, թե բոլոր լեզուներում էլ կան «հավաքական թիմ», «հավաքական» եւ «թիմ բառերը» եւ դրանց իմաստները ճիշտ են, հետեւաբար, ինչի՞ են որոշել «թիմը» հանել: «Ինչպես ասվեց, դա գալիս է сборная команда տերմինից, իսկ հավաքականը արդեն ներառում է հավաքական թիմ հասկացությունը: Այնպես որ, սա ավելորդաբանություն է, որը ինչպես նաեւ ռուսաբանություն է: Ընդամենը հայոց լեզվի անաղարտությունը ապահովելու համար է այս դրույթը»,-ասաց Հասմիկ Հակոբյանը՝ վստահ լինելով, որ «հավաքական» բառի մեջ ամեն ինչ հասկացվում է:

Սակայն Սերգեյ Բագրատյանը ընդգծեց, որ նրա բացատրածից ոչ մի բան էլ չհասկացավ, կարծում է, որ այս փոփոխությունը տրամաբանական չէ: Նա հորդորեց ձեռնպահ մնալ այս փոփոխությունից: «Այն, ինչն ավանդույթային է, գրեթե օրենքի ուժ ունի: Պահպանեք այս ավանդույթը: Սա իմ առաջարկն է, խնդրում եմ այն քննարկել»,-ասաց պարոն Բագրատյանը, ինչին համազեկուցողը հակադարձեց. «Դուք իրականում ասում եք այն, ինչ որ նախագծով առաջարկվում է. նոտարիուս, հետո ԶԱԳՍ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30