1953 թ․ սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Կոնվենցիան ստորագրվել էր դեռևս 1950 թ․ նոյեմբերի 4-ին Հռոմում, որով հստակեցվեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված իրավունքները և պարտադիր ուժ հաղորդվեց դրանց։ Կոնվենցիան ենթադրում է իրավունքների և ազատությունների պաշտպանության լայն շրջանակ, որը որպես մեխանիզմ ներառում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստեղծումը։ Կոնվենցիան ստորագրել և վավերացրել են 46 պետություններ, որոնք պարտավորվել են հիմնական իրավունքները և ազատությունները երաշխավորել ոչ միայն իրենց քաղաքացիներին, այլև՝ իրենց իրավազորության ներքո գտնվող բոլոր անձանց նկատմամբ։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան շոշափում է այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելումը, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, խտրականության արգելումը և այլն։
Ադրբեջանը մեկն է այն պետություններից, որը ստորագրել և վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, սակայն չի խորշել իրականացնելու հենց կոնվենցիայի դրույթներին տրամագծորեն հակառակ հանցագործություններ՝ խախտելով հայության հսկայական զանգվածների հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Ադրբեջանի կողմից կոնվենցիան ստորագրվել է 2001 թվականին և վավերացվել 2002 թվականին, սակայն թե՛ 2001-2002 թթ․ առաջ, թե՛ դրանից հետո Ադրբեջանի պետական քաղաքական վարքագիծը կարելի է բնորոշել որպես թաքնված ահաբեկչություն համաշխարհային քաղաքակրթական արժեքների նկատմամբ։ Թեև 1988-1992 թթ․, պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության կոտորածների և բռնի տեղահանման ժամանակ Ադրբեջանը դեռևս չէր կրում կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները, սակայն դրանց վավերացումը բնավ չխանգարեց Ադրբեջանին, օրինակ, դեմ գնալ արդար դատավարության սկզբունքին և խախտելով հունգարական դատարանի որոշումը՝ ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին հերոսացնել և ապահովել զինվորական առաջընթացը։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չխանգարեց Ադրբեջանին 2016, 2020, 2023 թթ․ պատերազմներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ուղեկցող բոլոր իրավախախտումներով հանդերձ։ Լաչինի միջանցքի շրջափակմամբ Լեռնային Ղարաբաղի հայության 10-ամսյա շրջափակումն ինքնին հանդիսանում է կոնվենցիայի հիմնադրույթների արմատական խախտում։
Կարդացեք նաև
Վերոնշյալ և մյուս բոլոր խախտումները և ոտնահարումները շարունակում են մնալ անպատիժ կամ ստանում են անբավարար արձագանք, ինչը տեղիք է տալիս նոր՝ առավել խոշոր և վտանգավոր հանցանքների։ Անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը կոչված է ապահովելու կոնվենցիայի իրացումը և պատժի մեխանիզմ կիրառելու դրա խախտման դեպքում, որոշ դեպքերում ի զորու չի գտնվում այնպիսի արձագանքների, որոնք իրապես կանխարգելիչ դեր կունենան։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, ողջունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ընդունման 71-ամյակը, իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից կոնվենցիայի դրույթների արմատական խախտման և այդ հանցանքների նկատմամբ անհամարժեք արձագանքի կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում կոնվենցիայի՝ որպես բարձրագույն արժեք, պահպանությամբ շահագրգիռ միջազգային հանրությանը հանձնառու գտնվել Կոնվենցիան ստորագրած պետությունների վարքի մշտադիտարկման և համապատասխան հետևանքների նկատմամբ։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն