«Չի կարելի մտնել դասարան ու երկար ապացուցել, որ 1+1=2: Այս առումով ավելի տպավորիչ կլիներ, եթե ես մտնեի դահլիճ, պահեի մի հատ մաքուր թուղթ, կանգնեի 5-10 րոպե ու համարեի, որ իմ պաշտպանական ճառն ավարտված է, ու ես կարող եմ գնալ» -այսօր դատարանում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվում է ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Հրայր Թովմասյանն այսօր հանդես է գալիս ճառով։
«Ո՞րն է պաշտպանական ճառի նպատակը: Դասական իմաստով պաշտպանական ճառի նպատակը դատավորին քո անմեղության մեջ համոզելն ու դատախազների բերած հիմնավորումները հերքելն է, բայց արդյոք այս դեպքում է՞լ է այս նպատակը»,- հարցեր հնչեցրեց Հրայր Թովմասյանն՝ ինքն էլ պարզաբանելով, որ եթե նպատակը դա է, ապա այս դատավարությունը սկսելուց ինքն այդ նպատակին արդեն հասել է. առանց որեւէ խոսք ասելու, որովհետեւ բոլորն ամեն ինչ գիտեն:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց՝ դատավարության սկզբնական փուլում իր կանխատեսումները, ցավոք, իրականություն են դարձել, իսկ իր կանխատեսումները հիմնված էին իրավիճակների վերլուծություններով, զարգացումների պատճառահետեւանքային կապով, այն երկրների փորձից ելնելով, որտեղ քաղաքական իշխանությունները փորձել են հավատարմության երդում կորզել դատական իշխանությունից։
«Չգիտեմ՝ ինչի համար եմ դատվում։ Ինչը որ արել եմ՝ ՔՕ-ում չկա։ Ինչը որ ինձ մեղսագրում են՝ ասում եմ՝ ես չեմ արել, ինչում որ ինձ մեղադրում են՝ դա հանցագործություն չէ»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ