«Այն դեպքում, երբ ընտրական վեճերը պետք է սեղմ ժամկետներում քննվեն եւ որոշումներ կայացվեն՝ կարծեմ հինգ օր է, բայց Վանաձորում երկու տարի 9 ամիս այդ գործընթացները շարունակվում են»․ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ առաջիկայի ծրագրեր չի կարողանում կազմել եւ անորոշ պատասխաններ է տալիս։
Նա տեղեկացրեց, որ այժմ էլ Վանաձորի ավագանու ՀԱՍԿ խմբակցությունն է դիմել դատարան, այն պարագայում, երբ կարծես արդեն ընտրական այդ թնջուկի մասով Վճռաբեկ դատարանի որոշում կար։ Թե ի՞նչ է վիճարկում ՀԱՍԿ-ը, նա տեղյակ չէր, բայց համոզված է, որ պատահական ոչինչ չի լինում։
«Ես ինքնանպատակ, երբեւէ որեւէ բան չեմ ուզում»,- ասաց Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին՝ ուզո՞ւմ է լինել Վանաձորի քաղաքապետ
Մամիկոն Ասլանյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ էր՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ ՔԿՀ-ից դուրս գալու առիթով։ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը՝ տնային կալանք՝ գրավի համակցմամբ, համարում է այս պահի համար չարյաց փոքրագույնը։
Կարդացեք նաև
«Եթե նախկինում բրյուսելներում էինք հանդիպում մենք, հիմա «վորոնյոկներում» ենք հանդիպում»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, երեկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց այլընտրանքային խափանման միջոց կիրառել Արմեն Աշոտյանի նկատմամբ՝ տնային կալանք, 25 միլիոն դրամ գրավի համակցմամբ։ Արմեն Աշոտյանը կալանավորված էր 2023 թվականի հունիսի 16-ից։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ ։ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ իր նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ