Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզաառողջարարական դահլիճների գերակշիռ մեծամասնությունում աշխատում են մարդիկ, որոնք որեւէ իրավունք չունեն աշխատելու այլ մարդկանց հետ». Կարեն Գիլոյան

Սեպտեմբեր 11,2024 12:25

Ազգային ժողովում այսօր շարունակվեց կառավարության ներկայացրած «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը:

Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը առաջարկել է «հավաքական թիմ» բառերն իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «հավաքական» բառով: Առաջարկվում է մի քանի մարզաձեւեր ներառել պարգեւատրվող մարզաձեւերի ցանկում, քանի որ դրանք ՄՕԿ-ի կողմից ճանաչվել են օլիմպիական ընտանիքի մարզաձեւեր:

Նախարարի տեղակալը կարեւորել է նաեւ մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների խնդիրը, այնտեղ աշխատող մարզիչների ճիշտ արտոնագրումը: Նա նշել է, որ այդ մարզասրահներում աշխատում են նաեւ մարդիկ, որոնք չունեն համապատասխան կրթություն: Ավելին, դեպքեր կան, որ վերջիններս ոչ թե օգնում, այլ վնասում են առողջությունը իրենց վստահած անձանց:

Կարեն Գիլոյանի խոսքով՝ այժմ օրենքի նախագծի բարեփոխման ուղղությամբ մասնագիտական թիմ է աշխատում:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը նշելով, որ ամեն փոփոխություն իրենից պետք է ներկայացնի գաղափար, թե ինչի համար է դա արվում, հարցրեց, թե ինչ ակնկալիքներ կան այս փոփոխություններից եւ ինչով են դրանք հիմնավորված:

«Կարծում եմ, որ ձեր հարցը վերաբերում է հատկապես ֆիթնեսի լիցենզավորմանը եւ արտոնագրմանը: Բանն այն է, որ այսօր այս դաշտը անվերահսկելի է: Ֆիթնես դահլիճների գերակշիռ մեծամասնությունը աշխատանքի է ընդունել մարդկանց, ովքեր որեւէ իրավունք չունեն աշխատելու այլ մարդկանց հետ: Քիչ չեն դեպքերը, երբ, ընդհակառակը, մարդկանց հաշմանդամ են դարձնում սխալ մարզելով: Այդպես չպետք է լինի»,-պատասխանեց փոխնախարարը ու նաեւ տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցման ժամանակ ավելի ճիշտ կառուցված ու բոլոր խնդիրները նկատի ունեցած նախագիծ կներկայացվի: Նա նաեւ նշեց, որ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը արդեն երեք տարի իրականացնում է ֆիթնես մարզիչների պատրաստման ծրագիր:

Պատգամավոր Գեղամ Նազարյանը առաջարկեց թվարկել ֆինանսավորելու ներկայացվող մարզաձեւերը, մեկնաբանել, թե ինչու են հատկապես դրանք ընտրվել եւ որքան գումարի մասին է խոսքը:

Կարեն Գիլոյանը նշեց, որ դրանք երեքն են եւ խոսքը ոչ թե դրանք ֆինանսավորելու մասին է, այլ տարեվերջյան պարգեւների ժամանակ նաեւ այդ մարզաձեւերը նկատի ունենալը: «Խոսքը կարատե, քիկ-բոքսինգ եւ մուայ-թայ մարզաձեւերի մասին է: Ինչո՞ւ: Որովհետեւ մարզաձեւերը բաժանվում են չորս դասի. օլիմպիական մարզաձեւեր, որոնք Խաղերի ծրագրում են, մարզաձեւեր, որոնք օլիմպիական ընտանիքի անդամ են, բայց Խաղերի ծրագրում չեն, ՄՕԿ-ի կողմից ճանաչված մարզաձեւեր եւ չճանաչված մարզաձեւեր: Մուայ-թայը եւ քիկ-բոքսինգը երեք տարի առաջ մտել են օլիմպիական ընտանիք եւ հետագա Խաղերում կարող են լինել օլիմպիական ծրագրում, իսկ կարատեն եղել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ծրագրում, բայց միավորների հաշվարկը կատարյալ չլինելու համար դուրս է բերվել, սակայն հնարավոր է՝ նորից լինի:

Որպեսզի այս մարզաձեւերը շարունակեն զարգանալ եւ օլիմպիական մարզաձեւ դառնալու ժամանակ ունենանք լավ բազա, դրա համար ընդամենը աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալների համար պարգեւատրումների մասին է խոսքը»,-պատասխանեց Կարեն Գիլոյանը:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30