«1 տարի 3 ամիս Արմեն Աշոտյանը կալանքի մեջ է՝ հանուն ոչնչի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ գործով հիմնական վկա Կարեն Հակոբյանի՝ գաղտնալսված հեռախոսազրույցի արդյունքում էր Արմեն Աշոտյանը կալանավորվել, իսկ մեղադրող դատախազը, վկայի հարցաքննությունից հետո, դատարանում հայտարարեց, որ վկայի ցուցմունքները հակասական են, դրանք հավաստի չեն։ Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ մեղադրող դատախազն այս ամենի արդյունքում անպայման մի օր դատապարտվելու է Արմեն Աշոտյանի նկատմամբ «գործ սարքելու» համար։
Նաիրա Զոհրաբյանի բնութագրմամբ, Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխել է ոչ թե դատավոր Վահե Դոլմազյանն, այլ Նիկոլ Փաշինյանը՝ հավանաբար, ինչ-ինչ փոքրիկ վրեժխնդրությունները բավարարված համարելով։
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այսօր դուրս է գալու կալանավայրից։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է՝ Արմեն Աշոտյանը մնում է քաղբանտարկյալ, իսկ այն, ինչ կատարվում է Հայաստանում, դա «բեզպրեդել» է։
Հիշեցնենք, երեկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց այլընտրանքային խափանման միջոց կիրառել Արմեն Աշոտյանի նկատմամբ՝ տնային կալանք, 25 միլիոն դրամ գրավի համակցմամբ ։ Արմեն Աշոտյանը կալանավորված էր 2023 թվականի հունիսի 16-ից։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ իր նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ