Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարաւորութիւն ունենք պահպանելու գոնէ ոչ-նիւթական ժառանգութիւնը, եւ սա համայն հայութեան խնդիրն է. Ապրես Մարգարեան. «Ասպարեզ»

Սեպտեմբեր 11,2024 10:54

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ԱՐՑԱԽԵԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՊՐԵՍ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ

2023 թուականի Սեպտեմբերին, Արցախի բռնազաւթումից եւ արցախահայերի ցեղասպանութիւնից յետոյ, Ադրբեջանը հետեւողականօրէն ոչնչացնում է Արցախի նիւթական մշակոյթը: Միաժամանակ, սպառնալիքի առջեւ է նաեւ Արցախի ոչ-նիւթական մշակութային ժառանգութիւնը` ի դէմս կրողների եւ տարածողների: «Եթէ քայլեր չձեռնարկենք, Արցախի պետական մշակութային կազմակերպութիւնները` երաժշտական խմբերն ու պարի համոյթները կը կազմաքանդուեն», նշում է Ապրես Մարգարեանը: Նշուած սպառնալիքին դիմակայելու նպատակով, նրա ջանքերով հիմնադրուել է «Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպութիւնը, որի նախագահն է հանդիսանում Մարգարեանը:

Ապրես Մարգարեանի հետ հանդիպումս Երեւանում էր` կազմակերպութեանը ժամանակաւորապէս յատկացուած գրասենեակում: «Ասպարէզ»ին տրուած հարցազրոյցում, Մարգարեանը ներկայացրեց Արցախի մշակութային ժառանգութեանն ուղղուած մարտահրաւէրներն ու դրանց յաղթահարմանն ուղղուած ծրագրերը, որոնք համահայկական աջակցութեան կարիք ունեն:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Արցախեան մշակոյթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպութիւնն ի՞նչ նպատակով է ստեղծուել, ովքե՞ր են շահառուները:

ԱՊՐԵՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ.– Արցախահայերի բռնի տեղահանումից կարճ ժամանակ անց, 2023 թուականի Նոյեմբերին Հայաստանում ստեղծեցինք «Արցախի մշակոյթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպութիւնը, որի հիմնական նպատակը Արցախի ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան, մեր ինքնութեան` բարբառի, սովորոյթների, աւանդոյթների պահպանումն է, ինչպէս նաեւ` արցախեան մշակոյթի հանրահռչակմանն ուղղուած միջոցառումների կազմակերպումը: Կազմակերպութեան համար առաջնային է պահպանել պատմական բարդ ու դժուար ժամանակներում ստեղծուած եւ տասնամեակների պատմութիւն ունեցող Արցախում պետական կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպութիւնները, միջոցներ հայթայթել նրանց գործունէութիւնը ապահովելու համար:

Արցախում ես ղեկավարում էի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան` ժամանակակից արուեստի եւ մշակութային կրթութեան բաժինը, եւ իմ համակարգման ոլորտում էին գործում մշակութային կազմակերպութիւնները` պետական երգի, պարի խմբեր ու համոյթներ, որոնք առանցքային դեր ունեն մեր մշակոյթի պահպանման հարցում: Հայաստան տեղափոխուելուց յետոյ հասկացանք, որ պէտք է արագօրէն կազմաւորենք մի կառոյց, որը կը համակարգի այս խմբերի գործունէութիւնը:

Մեր հասարակական կազմակերպութիւնը համընդհանուր հարթակ է, որտեղ միաւորուել են բոլոր պետական համոյթները՝ «Արցախի ազգային նուագարանների պետական նուագախումբը», «Արցախի պետական երգչախումբը», «Մռակած» պետական կամերային երգչախումբը», «Մենք Ենք Մեր Սարերը» երգի-պարի պետական համոյթը, «Արցախի պետական ջազ նուագախումբը», «Շուշիի Մ. Խանդամիրեանի անուան պետական տիկնիկային թատրոնըը», Արցախի պարի պետական համոյթը, արցախեան մշակութային միաւորումները` Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկական երգչախումբը, ինչպէս նաեւ` ինքնագործ խմբերը «Վելլանս» վոկալ (ձայնային) խումբը, «Արցախի Այաներ» համոյթը եւ այլք: Այսինքն, կազմակերպութեան ողջ կառուցուածքը իրաւաբանօրէն այնպէս ենք կազմակերպել, որ խմբերը պահպանեն իրենց անունները:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ուղերձը:

ԱՊՐԵՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ.– Մենք գրեթէ լծակներ չունենք Արցախի նիւթական մշակոյթի ժառանգութիւնը պահպանելու հարցում, եւ Ադրբեջանը, տեսնում էք, թէ ինչպիսի հետեւողականութեամբ, ծրագրաւորուած ոչնչացնում է մեր եկեղեցիները, վանքերը, հայկական հետքն Արցախից: Բայց հնարաւորութիւն ունենք պահպանելու գոնէ ոչ-նիւթական ժառանգութիւնը, եւ համարում ենք, որ սա համայն հայութեան խնդիրն է: Գիտակցելով, որ մշակութային ժառանգութիւնը մեծապէս ազդում է ինքնութեան զգացողութեան, հաւաքական պատասխանատուութեան, յիշողութեան ձեւաւորման, հասարակական պատկերացումների վրայ, եւ որ հէնց ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան ազդեցութեամբ է պահպանւում հաւաքական ինքնութեան եւ շարունակականութեան զգացումը, մեր ծրագրերի իրականացումը դառնում է աւելի հրատապ: Կոչով դիմում եմ Սփիւռքի մեր կազմակերպութիւններին, հայրենակցիներին` ունենալու իրենց ներդրումը համազգային գործում եւ դառնալու հայկական մշակոյթի Արցախեան նշխարները փրկողներից:

Վարեց` ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30