Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորվելու հավանականությունը շատ իրատեսական է և ոչ ոք ի զորու չէ այն արգելափակել. Գենադի Մնացականյան

Սեպտեմբեր 11,2024 10:47

Արդեն հայտնի է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, չնայած ՀՀ վարչապետի հետ ոչ այնքան գործակցային հարաբերություններին՝ իշխանության ներկայացուցչներին հրավիրել է 2024 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունենալիք Մայր Տաճարի վերաօծման արարողությանը։

Ընդհանուր շահերից է բխում, որ գոնե պաշտոնական մակարդակում փոխադարձ հարգանք ցուցաբերվի և կողմերը ընդառաջվեն մեկը մյուսի հանդեպ մեծահոգության ու ներողամտության շնորհներով։ Վեհափառի այս քայլը, կարծում եմ, հենց այդ ուղերձն է իր մեջ պարունակում և վկայում է նաև նրա մասին, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները իսպառ խզված չեն։

Այս առնչությամբ հասկանալի են որոշ ուժերի մտահոգություններն ու ջղաձգումները, սակայն Տիրոջ կամքով ու բնական ճանապարհով Եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորվելու հավանականությունը շատ իրատեսական է և ոչ ոք ի զորու չէ այն արգելափակել։

Գալով մեր թեմային․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մայր Տաճարի վերաօծմանը մասնակցել չմասնակցելու առնչությամբ որևէ հայտարարություն առայժմ չկա, սակայն շարունակում է գերիշխող մնալ այն տեսակետը, որ այդուհանդերձ կգնա վարչապետը Մայր Աթոռ և Նորին Սրբությունը հայրաբար կդիմավորի նրան ու եկեղեցի-պետություն հարաբերություններում հնարավոր կլինի դրական շարժ արձանագրել։

Գենադի Մնացականյան

Սակայն չենք կարող բացառել, որ մինչև սեպտեմբերի 28-29-ը կարող է ներքաղաքական այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ վարչապետը չընդունի հրավերը կամ ընդունելուց հետո արարողությանը մասնակցելը նպատակահարմար չնկատի, մանավանդ, որ, ինչպես նշեցի, որոշ ճահճացած ու նեխման պրոցեսում գտնվող ուժեր դրանում բացահայտորեն շահագրգռված են։

Հիշենք, որ 2024 թվականի օգոստոսի 31-ի մամլո ասուլիսին վարչապետին հարց ուղղվեց Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ –ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին (COP29) մասնակցելու վերաբերյալ, ինչին երկրի ղեկավարը պատասխանեց բառացի այսպես․ «․․․արդեն իսկ ամենավերջին հնարավոր ժամկետում, երբ որ մենք պետք է որոշում կայացնենք, ինչ իրադրություն կլինի, և իրադրության գնահատմամբ մենք կկայացնենք մեր որոշումը»։ Հնարավոր է վարչապետը նույն սկզբունքով ընդառաջվի նաև Վեհափառ Հայրապետի հրավերը ընդունել չընդունելու հարցում կամ ընդունելուց հետո Մայր Աթոռ գնալ չգնալու հարցում։

Անշուշտ COP29 և Մյուռոնօրհնեքն ու Մայր Տաճարի վերաօծումը իրենց բնույթով ու բովանդակությամբ բոլորովին տարբեր են, սակայն այստեղ պետք է նկատի ունենալ հրավերների նկատմամբ ունեցած վարչապետի դիրքորոշումը։ Եթե Մայր Աթոռը հրավերը ուղարկել է հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության գիտակցումով, ապա որոշ հոգևորականներ չպետք է իրենց այնպիսի վարք թույլ տան, որ վարչապետը նույնպես Կանադա մեկնի։ Օրինակ, այդպիսի իրադրություն կարող է ստեղծվել եթե վարչապետին Մայր Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու համար հրավերը ուղարկելուց հետո՝ ամենօրյա ռեժիմով հոգևորականները սկսեն տեղին անտեղին քննադատել իշխանություններին։ Վերջին օրերին նման միտում նկատվում է հատկապես Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից, ով չզլացավ նույնիսկ ռուսական «Известия» – ին տված հարցազրույցի ժամանակ քննադատել ՀՀ իշխանություններին։

Կարծում եմ, եթե առիթ էր ստեղծվել ռուսական կամ որևէ լրատվամիջոցի հարցազրույց տալու, ապա շատ տեղին կլիներ արձագանքել 2024 թվականի օգոստոսի 18-19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած պետական այցի օրերին, Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Բաքվի և Ադրբեջանի թեմի առաջնորդ Ալեքսիի այն հայտարարությանը, համաձայն որի, իբր Ադրբեջանում են գտնվում Բաքվում նահատակված Բարդուղեմիոս առաքյալի մասունքների մի մասը և իբր, առաքյալը Բաքվի, Ադրբեջանի ու այդտեղ ապրողների հովանավորն է։ Հնարավոր է «Известия»-ի լրագրողը ակնկալում էր, որ բարձրաստիճան հայ հոգևորականը առանց իր հարցադրման կանդրադառնար նաև այդ զգայուն հարցին։ Կարծում եմ, օգտագործելով լրատվական հարթակները Միքայել ու Բագրատ սրբազանների կողմից այս հարցի մասին ուղիղ տեքստով խոսելն ու հիմնավոր փաստարկներով այդ հայտարարության կեղծ լինելն ապացուցելը ավելի օգտակար ու պատշաճ կլիներ, քան թե մեխանիկորեն անընդհատ իշխանություններին քննադատելը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30