Լրահոս
Օրվա լրահոսը

Դատի են տալիս ՀՀ կառավարությանը

Սեպտեմբեր 11,2024 13:30

Թե քաղաքացիական, թե վարչական դատարաններում առկա են հայցապահանջներ

ՀՀ կառավարության դեմ օրեր առաջ ՀՀ քաղաքացիական դատարան է դիմել քաղաքացի Ռաֆիկ Գրիգորյանը՝ «Հայաստանի Հանրապետության կողմից մարդու դեմ կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու փաստով պահանջի մասին» հայցով: Գործը գտնվում է դատավոր Ալլա Քյուրքչյանի վարույթում, երեկվա դրությամբ դեռ որեւէ որոշում առկա չէր, կողմերի կարգավիճակի, նախնական նիստի օր նշանակելու մասին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության: Վերջինս մերժել է կազմակերպությանը՝ կիրանցիների փոխհատուցման մասին տվյալներ տրամադրել՝ պատճառաբանելով, թե պահանջվող տեղեկությունները գաղտնի են։

Իրավապաշտպան կազմակերպությանը հետաքրքրում է, թե արդյո՞ք կառավարությունը իրավասու է գաղտնի պահել այդ տեղեկությունները, կիրանցիներին տրվող փոխհատուցման գումարը որքանո՞վ է համաչափ, արդյո՞ք նույն գործընթացը չի սպառնում սահմանամերձ այլ բնակավայրերի բնակիչներին:

ՀՀ վարչական դատարան այս տարի ՀՀ կառավարության դեմ դիմածները 25-ն են, որից 5-ը՝ ՀՀ դատախազությունն է:

Թերեւս ամենաաղմկոտը «Նաիրիտ-2» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը ՀՀ կառավորության կողմից օտարելու գործն է, որը 2018թ.-ից մինչ օրս դեռ լուծում չի ստացել: «Կարուսելի» նման գործը մի քանի անգամ անցել է երեք դատական ատյաններով:

Լեւոն Մարգարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության եւ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ ՀՀ կառավարության 01.03.2018թ. թիվ 200-Ա որոշումը մասնակի՝ ք.Երեւան, Արտաշատի խճուղի թիվ 5/1 հասցեի օժանդակ շինության, ընդհանուր մակերես՝ 2166.33 քմ, հողամաս 1154.72 քմ մասով, անվավեր ճանաչելու, որպես հետեւանք «Նաիրիտ-2» ՓԲ ընկերության եւ «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊ ընկերության միջեւ 17.03.2018թ. կնքված պայմանագիրը, դրա հիման վրա գույքի նկատմամբ «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի 20.03.2018թ. կատարված գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու եւ ՀՀ կադաստրի կոմիտեին 26.02.2018թ. «Նաիրիտ-2» ՓԲ ընկերության եւ Լեւոն Մարգարյանի միջեւ կնքված պայմանագրից ծագող՝ Լեւոն Մարգարյանի սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Այն ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա.Ավագյան) 2018թ. մայիսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ, մերժվել է:

«Նաիրիտ-2»-ը, «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊ ընկերությունը եւ Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանը ներգրավվել էին որպես երրորդ անձինք:

Հետագայում, հայցվորի ներկայացրած պահանջներն առանձնացվում են առանձին վարույթներում, 2019թ. որոշմամբ դատարանը գործի վարույթը կարճում է: Վերաքննիչ դատարանը բեկանում է, գործն ուղարկում նույն դատարան՝ նոր քննության:

Վարչական դատարանը 09.07.2021թ.-ին կայացրել է որոշում հայցադիմումը վերահասցեագրելու մասին, մասնավորապես, վարչական դատարանը եզրահանգել է, որ հայցվոր Լեւոն Մարգարյանի եւ ՀՀ կառավարության ու ՀՀ կադաստրի կոմիտեի միջեւ վեճն ըստ էության վերաբերում է «Նաիրիտ-2» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքն օտարելուն, որպիսի իրավահարաբերություններում ՀՀ կառավարությունը, հանդիսանալով «Նաիրիտ-2» ՓԲ ընկերության միակ բաժնետեր, իրականացրել է իր իրավասությունները՝ ընդունելով միակ բաժնետիրոջ որոշում՝ 100 տոկոս պետական մասնակցությամբ «Նաիրիտ-2» ՓԲ ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքն ուղղակի վաճառքի ձեւով «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊ ընկերությանն օտարելու թույլտվություն տալու վերաբերյալ: Բազմապտույտ դատական նիստերից հետո, հայցվորի ներկայացուցիչը 12.07.2023թ.-ին ներկայացնում է միջնորդություն՝ հայցի լրացում (հստակեցում) թույլատրելու վերաբերյալ:

Դատարանը 2023թ. հոկտեմբերի 2-ին կայացրել է միջնորդությունը բավարարելու մասին որոշում, այն է՝ «թույլատրել հայցվոր Լեւոն Մարգարյանի կողմից թիվ ՎԴ/4914/02/20 քաղաքացիական գործով հայցի հիմքի եւ առարկայի փոփոխությունը»:

2024թ. փետրվարի 16-ին էլ դատարանը կայացրել է որոշում՝ թիվ ՎԴ/4914/05/18 քաղաքացիական գործից առանձնացնել վարույթ ըստ Լեւոն Մարգարյանի հայցի՝ ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ կադաստրի կոմիտեի, «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊ ընկերության, պատասխանողի կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Նաիրիտ-2» ՓԲ ընկերության՝ հետեւյալ ինքնուրույն պահանջներով՝

ա/ Անվավեր ճանաչել «Նաիրիտ-2» ՓԲ ընկերության եւ «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊ ընկերության միջեւ 17.03.2018թ. կնքված պայմանագիրը, որպես հետեւանք դրա հիման վրա գույքի նկատմամբ «Ա-Ս ինվեսթմենթս» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի 20.03.2018թ. կատարված գրանցումը,

բ/ ճանաչել Լեւոն Մարգարյանի սեփականության իրավունքը ք. Երեւան, Արտաշատի խճուղի թիվ 5/1 հասցեի նկատմամբ: Վարույթը նորից կարճվում է, վերաքննիչ դատարան է հայցվորը դիմում գործի վարույթը կարճելու որոշման դեմ:

Նշեցինք, որ 5 գործով է այս տարի դատարան դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը: Ըստ դատական տեղեկատվական համակարգի, դրանք են.

1.30.08.2005թ. Երեւանի քաղաքապետարանի թիվ 213 ակտը վերացնելու եւ որպես անվավերության հետեւանք ՀՀ կադաստրի կոմիտեում շինարարության շահագործման փաստագրման թիվ 213 ակտի հիման վրա 05.09.2005թ. 6415 քմ մակերեսով հյուրանոցային համալիրի, 108.4 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանի եւ 66.1 քմ մակերեսով պոմպակայանի նկատմամբ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահաջի մասին:

2.04.08.2005թ. թիվ 1531-Ա որոշմամբ Երեւան քաղաքի Բագրատունյաց եւ Մայիսի փողոցներին հարող 4935 քմ մակերեսով հողամասը Արմինե Փաշիկյանին օտարելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու եւ որպես հետեւանք նշված որոշման հիման վրա Երեւանի քաղաքապետի եւ վերջինիս միջեւ 09.08.2005թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը եւ 15.08.2005թ. կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

3.08.05.2002թ. թիվ 2078-Ա որոշմամբ Մարինե Վարդանյանին Երեւան քաղաքի Աջափնյակ Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող 735 քմ մակերեսով հողամասն օտարելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու եւ որպես հետեւանք՝ նշված որոշման հիման վրա՝ Երեւանի քաղաքապետի եւ վերջինիս միջեւ 01.02.2003թ. կնքված թիվ 420-ԱԳ առուվաճառքի պայմանագիրը եւ 12.12.2003թ. կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նշեմ, որ այս գործով երկու նմանօրինակ հայցադիմում կա:

4.2006 թվականի հուլիսի 13-ի ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին 2006թ. թիվ 1133-Ն որոշման բ) կետը՝ որոշումն ընդունելու պահից, անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30